«Տիկին Աննան Փաշինյանին տուն մտնել անգամ թույլ չի տա, եթե հասկանա այդ փաստաթուղթն ամբողջությամբ». Մովսես Հակոբյան

«Պաշտպանության մասին» օրենքում Կառավարության կատարած փոփոխությունը բերելու է նրան, որ պատերազմների ժամանակ մենք դարձյալ ունենալու ենք մեղավորներ, բայց ոչ պատասխանատուներ. ո՞վ է պատասխանատուն հարցի պատասխանն այդ օրենքը տալիս է լղոզված ձևով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերը նշված օրենքի փոփոխություններին, ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ հավելելով.

«Եթե Պաշտպանության նախարարն է դառնում Զինված ուժերի ղեկավարը, այսինքն՝ սահմանվում է ուղղահայաց կառավարման համակարգ, որի ամենավերևում նախարարն է, ապա հարց է առաջանում, իսկ ինքն իրեն ենթակա ի՞նչ ստորաբաժանումներ ունի, որոնք պատերազմի ժամանակ կենթարկվեն ուղիղ իրեն և ոչ թե՝ Գլխավոր շտաբի պետին։ Չէ՞ որ հնարավոր չէ, որ այդ կառույցները ենթարկվեն Գլխավոր շտաբի պետին, որը դառնում է նախարարի առաջին տեղակալ, բայց պատասխանատուն լինի այդ ուղղահայաց կառավարման ամենավերևում գտնվող պաշտոնյան, հետևապես, նախարարի համար պետք է առանձնացվեն ստորաբաժանումներ՝ ուղիղ իր ենթակայության ներքո։

Մյուս կողմից՝ երբ այս օրենքը կարդում ես, լղոզված է, հստակ չէ, թե ով է պատերազմի ժամանակ լինելու գլխավոր պատասխանատուն և պարտության դեպքում՝ մեղավորը։ Որոշակիորեն ղեկավարում է տրված Պաշտպանության նախարարին, որոշակի լծակներ՝ Գլխավոր շտաբի պետի գործառույթն իրականացնող նրա տեղակալին։ Այս հարցը է՛լ ավելի է սրվում, երբ օրենքում կարդում ես, որ նախարարի այդ տեղակալը զրկված է որոշումներ կայացնելու իրավունքից, ուստի հարց է առաջանում՝ եթե պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետն իրավունք չունի որոշում կայացնի, դա անողը քաղաքական պաշտոնի ղեկին կանգնած նախարարն է, իսկ ո՞վ է ղեկավարելու պատերազմը՝ արդյո՞ք քաղաքական պաշտոնյա համարվող Պաշտպանության նախարարը, մի՞թե նա ունակ է լինելու կայացնել որոշումներ, որոնց համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի մտահղացումներ, որոնք ամբողջ Զինված ուժերի համար հասկանալի լինեն»։

Ըստ Մովսես Հակոբյանի՝ հաշվի առնելով նախարարների հաճախակի փոփոխությունը, պետք է արձանագրել՝ սա լուրջ խնդիր է դառնալու, իսկ, մասնավորապես, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ պետք է ընդգծել՝ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է գիտելիք, փորձ և անցած ճանապարհ։

«Նման որոշման կայացումը Պապիկյանի համար դժվար է լինելու, թեև, ես Սուրեն Պապիկյանին համարում եմ Փաշինյանի թիմի ամենաադեկվատ մարդը. ես իմ այդ գնահատականում չեմ սխալվել, եթե կգտնեք այդ թիմում Պապիկյանից ավելի ադեկվատ մեկին, այն ժամանակ ինձ կմեղադրեք»,- ասաց Մովսես Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ ինչպես պատերազմից անմիջապես հետո, այնպես էլ հիմա մնում է նույն կարծիքին՝ 44-օրյա պատերազմը Փաշինյանի թիմը չէր կարող այլ տարբերակով ավարտել։

«Այն կառավարիչներին, որոնք ղեկավարել են այդ պատերազմը, ուզում ես՝ ԱՄՆ-ի բանակը տուր, կտանեն պարտության։ Չէ՞ որ մենք 1992 թվականին չենք ունեցել օրենք, կրթված զինվորականներ, սպառազինություն, բայց ունեցել ենք ցանկություն՝ հաղթելու, և հաղթել ենք, հետևապես, անընդհատ պատճառներ գտնելն անիմաստ է։ Մի օր պետք է կանգ առնեն, խելքները գլուխները հավաքեն ու աշխատեն, ոչ թե ստեղծեն հանձնաժողով, որ պատերազմի պարտությունը բացահայտելու գործը տապալեն։ Ես հո ապո՞ւշ չեմ, որ հույս կապեմ, որ բացթողումները կարող է բացահայտել այդ հանձնաժողովը։ Պատերազմի պարտության մեղավորներին չեք իմանա, ավելին ՝ քննիչ հանձնաժողովը դա է կոծկելու, մինչդեռ պարզ է, որ պատերազմը վարում է պետությունը, և առաջին պատասխանատուն պետության ղեկավարն է»,- ասաց Մովսես Հակոբյանը։

Զիված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը խոսեց նաև Բերձորի և Աղավնոյի հանձնման մասին՝ շեշտելով՝ դա բխում էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որի բոլոր կետերի տողատակերը դեռ չեն կատարվել։

«Տիկին Աննան Փաշինյանին կարող է թույլ չտա տուն մտնել, եթե հասկանա նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ամբողջությամբ։ Այդ գյուղերի հանձնումը բխում է այդ հայտարարությունից։ Կան այլ կետեր ևս, որոնք դեռ պետք է կյանքի կոչել»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս