Կրկի՛ն փորձիր. Կարեն Անդրեասյանի իդեա-ֆիքսը. Ի գիտություն գլխավոր դատախազության և ԱԱԾ-ի
Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ է հրավիրել Վերաքննիչ քրեական դատարանի 18 դատավորների, նրանց ասել, որ չի կարողանում աշխատել դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի հետ, դատավորներին բաժանել է քվեաթերթիկներ ու առաջարկել ընտրել դատարանի ստվերային նախագահ:
Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:
Երևան քաղաքի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն. մնացածը, ինչպես ասում են, իրավապահների տիրույթում է:
Երեկ Գլխավոր դատախազությունից 168.am-ին տեղեկացրեցին՝ հաղորդումը ստացել են, դեռ ուսումնասիրում են: Մեր տեղեկություններով, սակայն, գլխավոր դատախազությունում ոչ միայն ուսումնասիրել, այլև նյութերն արդեն Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) են ուղարկել, և հիմա արդեն ԱԱԾ-ն պիտի որոշի՝ հարուցե՞լ քրեական վարույթ Կարեն Անդրեասյանի նկատմամբ, թե՞ ոչ: Ըստ էության դատախազությունը սպասում է ԱԱԾ-ի որոշմանը, որ հետո խրոխտ կերպով հաղորդագրություն տարածեն, թե նյութերն ուսումնասիրել են, ուղարկել են ԱԱԾ: Այլ կերպ բացատրել, թե ինչ է դատախազությունն ուսումնասիրում գրեթե մեկ շաբաթ, երբ ամեն ինչ պարզ ու հստակ գրված է, ու ընդամենը պետք էր պարզ հարցում անցկացնել, հնարավոր չէ:
Պարզվում է սակայն՝ դա բոլորովին էլ առաջին դեպքը չէ, երբ Կարեն Անդրեասյանը դատավորներին կանչում է իր մոտ ու փորձում իր կամքը թելադրել:
Բայց գանք ամենասկզբից:
2022թ. դեկտեմբերի 16-ին արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, հայտարարեց՝ ստեղծվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Դատարանը կազմված է լինելու 12 դատավորներից, որոնցից 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, 6-ը` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ:
Օրենքն ընդունվեց 2022թ. դեկտեմբերի 23-ին և կոնկրետ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան ստեղծելու մասով ուժի մեջ պետք է մտներ 2024թ. հունվարի 1-ից:
2023թ. Կարեն Անդրեասյանի համար իրեն Սասունցի Դավիթ զգալու երանելի օրեր էր խոստանում, ու նա սկսում է դատական համակարգը հպատակեցնելու հերթական արարի մասին մտածել:
Նշված օրենքն ընդունելուց հետո Կարեն Անդրեասյանը, 168.am-ի տեղեկություններով, փետրվար ամսին հավաքում է Վերաքննիչի կոռուպցիոն գործեր քննող դատավորներին, նրանց հայտարարում, որ այսուհետ իր կամքը նրանց փոխանցողը լինելու ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը, ով էլ, ի վերջո, դառնալու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահ: Այնպես որ, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը, ըստ Կարեն Անդրեասյանի, ոչ մի գործառույթ՝ կոռուպցիոն գործեր քննող դատավորների հետ կապված, չի կարող ունենալ, ու իրենց «ասիչը» ն է:
Իրադարձությունները, սակայն, այդ հանդիպումից հետո սկսում են զարգանալ Կարեն Անդրեասյանի համար անկանխատեսելի սցենարով:
Մեր տեղեկություններով՝ Մխիթար Պապոյանը չի հանդուրժում Մեսրոպ Մակյանի հնարավոր դերակատարությունը Վերաքննիչում ու վերջինիս խստիվ արգելում է դատավորներին հանդիպելու, նրանց ինչ-որ բան փոխանցելու նպատակով մտնել դատավորների մոտ մինչև 2024թ. հունվարի 1-ը, երբ կգործի Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն ու ինքը՝ Մեսրոպ Մակյանն էլ կլինի նախագահ:
Ըստ երևույթին Մխիթար Պապոյանը բավականին վճռական կերպով է Մեսրոպ Մակյանին արգելել ոտք դնել դատավորների աշխատասենյակներ, որովհետև իրենց զրույցի մանրամասները Կարեն Անդրեասյանին պատմելուց հետո վերջինս չեղարկում է իր նախկին «որոշումը»:
«Մոռացեք՝ ինչ ասել եմ, աշխատում եք այնպես, ինչպես աշխատել եք նախկինում»,- այսպիսի բովանդակությամբ երկրորդ ուղերձն են ստանում կոռուպցիոն գործեր քննող դատավորները մի քանի օրվա տարբերությամբ:
Տեսնելով, որ չի ստացվում, ԲԴԽ նախագահն անցնում է Պլան Բ-ին, այն է՝ ամեն ինչ անել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը սկսի գործել ոչ թե 2024թ. հունվարի 1-ից, այլ ավելի շուտ:
Արդյունքում՝ մարտի 23-ին իրավական ակտերի միասնական E-draft.am հարթակում քննարկման դրվեց «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծը:
Ըստ այդ նախագծի՝ «ստեղծվում է իրավիճակ, երբ առաջին ատյանի կարգով հակակոռուպցիոն գործերի քննությունն իրականացվում է մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից, իսկ այդ գործերով կայացված ակտերի վճռաբեկության կարգով վերանայումն իրականացվում է Վճռաբեկ դատարանի առանձին մասնագիտացված՝ հակակոռուպցիոն պալատի կողմից, սակայն այդ նույն ակտերի վերաքննությունը իրականացնում են վերաքննիչ քաղաքացիական և վերաքննիչ քրեական դատարանները»:
Հետևաբար, առկա իրավիճակը և ինստիտուտի բնականոն և լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որ «հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը ապահովվի մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում (սույն թվականի ապրիլի 1-ը):
Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում սույն թվականի ապրիլի 1-ից վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը»:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան-ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան զույգը, թվում է, Մխիթար Պապոյանից գոնե Հակակոռուպցիոն վերաքննիչի մասով ազատվելու հանճարեղագույն եղանակ էր գտել: Դրա համար նաև բյուջեից հավելյալ մոտ 69 միլիոն դրամ գումար էին ստացել:
Բայց Կարեն Անդրեասյանն այստեղ էլ պրոբլեմ ունի:
Երեկ հայտնի դարձավ, որ Կարեն Անդրեասյանի կոնսենսուսային գործընկերն ու իր կամքը հլու-հնազանդ կատարող Մեսրոպ Մակյանը ԲԴԽ-ից ազատման դիմում է գրել ու կնշանակվի Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ:
Սա Կարեն Անդրեասյանի համար նշանակում է մասամբ ազատվել Մխիթար Պապոյանից, սակայն Մեսրոպ Մակյանի նշանակմամբ դատավոր-անդամի թափուր տեղ է առաջանում ԲԴԽ-ում, իսկ դատավոր-անդամի ընտրությունը Կարեն Անդրեասյանի վերահսկողության տիրույթից, ինչպես ցույց տվեց Արշակ Վարդանյանի ընտրությունը, դուրս է:
Բայց ԲԴԽ նախագահը թող չհուսահատվի. ի վերջո, կան Գ,Դ, Ե, Զ, Ը, Թ, Ժ… ԵՎ մնացած պլանները. Կարող է փորձել էլի որևէ բան մտածել Մխիթար Պապոյանից վերջնականապես ազատվելու համար, եթե, իհարկե, ժամանակը ների: