Հուսով եմ՝ Երևանում և Բաքվում հասկանում են՝ Արևմուտքի միջնորդությունը կապ չունի իրավիճակը կայունացնելու ցանկության հետ․ Լավրով
«Հայաստան-Ադրբեջան կարգավորման հիմքը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարություններն են»,-այս մասին այսօր Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով տրված կարճ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում Արևմուտքի դերակատարությանը։
Սերգեյ Լավրովն ասաց, որ Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման հիմքըդրել է, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության շնորհիվ 2020 թվականի նոյեմբերին ստորագրվեց առաջին եռակողմ հայտարարությունը վերջնական կարգավորման սկզբունքների շուրջ, որից հետո ընդունվեցին մի քանի եռակողմ հայտարարություններ ամենաբարձր մակարդակով, որոնք նվիրված էին իրավիճակն ամբողջությամբ կարգավորելու ջանքերի տարբեր ասպեկտներին, այդ թվում՝Հարավային Կովկասում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Նա նշեց, որ ՌԴ-ն դեմ չէ, որպեսզի այլ միջազգային խաղացողներ փորձեն իրենց ուժերը միջնորդության գործում։
«Գլխավորն այն է, որ այդ միջնորդությունը նպատակ ունենա ապահովել պայմանավորվածություններ, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, պետությունների շահերի հավասարակշռությունը։ Ցավոք սրտի, նրանում, ինչ անում են Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, մենք տեսնում ենք ոչ թե ցանկություն՝ օգնելու պայմանավորվել, այլ ցանկություն՝ ներխուժել տարածաշրջան, ցանկություն՝նսեմացնել ՌԴ օրինական շահերը, և ցանկություն՝ հաստատել իրենց որպես ուժեր, որոնք այստեղ կարող են մինչև անգամ որոշիչ դերակատարություն ստանձնել։ Սա Արևմուտքի ընդլայնման ձգտումն է այն ռեգիոններում, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների սահմաններից էականորեն հեռու, և սա քիչ կապ ունի իրավիճակը կայունացնելու ցանկության հետ։ Հուսով եմ՝ մեր գործընկերները Երևանում ու Բաքվում սա հասկանում են, համենայն դեպս, մենք անկեղծորեն նրանց հետ քննարկում ենք տեղի ունեցողը»,-ասաց Լավրովը։
Մանրամասները՝ տեսանյութում: