Անդրանիկ Քոչարյանը չի՞ հարգում տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջը

Հունիսի 12-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, երբ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին, ժամը 10։00-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Նախ մենք հիշեցրել էինք, որ ապրիլի 25-ին՝ հրթիռների գործով անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նա բացառել էր իր մասնակցությունը Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին այն ձևաչափով, որով տեղի էին ունեցել ԳՇ նախկին և գործող ղեկավարների հարցաքննությունները, և առաջարկել էր՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:

Ավելին, մենք մեր հարցման մեջ հիշեցրել էինք Անդրանիկ Քոչարյանի արձագանքը՝ «առաջարկը կքննարկվի», եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ»:

Փորձել էինք պարզել՝ գուցե Տոնոյանի համա՞ր էլ առանձին հրապարակային նիստ հրավիրվի:

Մենք հարցադրումներ էինք արել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մասնակցության վերաբերյալ, անգամ փորձել էինք ճշտել՝ հնարավո՞ր է՝ նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին ինչ-որ ձևով լսեն քննիչ հանձնաժողովի շրջանակում: Բայց այսօր արդեն հունիսի 20-ն է, և Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը և նրա նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն չեն պատասխանել մեր հարցմանը, այլև նույնիսկ նեղություն չեն տվել իրենց 5-օրյա ժամկետում տեղեկացնել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, ինչպես պահանջվում է օրենքով:

Փոխարենն Անդրանիկ Քոչարյանն այսօր Փաշինյանի միանձնյա ելույթից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մասնակի անդրադարձել է մեր հարցման մեջ տեղ գտած հարցերին: Այսինքն, Անդրանիկ Քոչարյանը չի հարգում օրենքի պահանջը: Իսկ այսօրվա ճեպազրույցի ընթացքում հնչեցրած մտքերից կարելի է ենթադրել, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը քննարկվել և, ըստ էության, մերժվել է: Լրագրողների հարցին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր, Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, ասել է. «Տոնոյանն առաջարկում էր քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման հարթակ, չէ՛, հանձնաժողովն ունի իր ընթացակարգը: Ես 2 անգամ առաջարկել եմ, և պարոն Տոնոյանը ասում էր՝ ուղիղ եթերով ես գամ և պարոն Փաշինյանի հետ բանավիճեմ, չէ: Սա հանձնաժողով է, շոուի հարթակ չի»:

Տեսանյութեր

Լրահոս