Արցախի շուրջ աշխարհաքաղաքական առճակատման ճանապարհը հումանիտար աղետի ճանապարհ է․ նոր լուծումներ են հարկավոր

Մինչ Ստեփանակերտը հայտարարում է, որ անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափը, Բաքուն պնդում է, որպատրաստ է Ղարաբաղի շրջանում բնակվող ծագումով հայերին իր քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներում ինտեգրելու համար։

Նախօրեին Արցախի արտգործնախարարությունը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ հայտարարություն տարածեց, նշելով, որ Արցախն «ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում»։

Ըստ ԱԳ նախարարության, 44-օրյա պատերազմի ավարտից հետո արդեն իսկ եղել են նման շփումների փորձեր հրատապ մի շարք խնդիրների լուծման նպատակով։ «Մասնավորապես, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մարդասիրական, ենթակառուցվածքային և այլ տեխնիկական հարցեր՝ ուղղված մարդկանց խաղաղ և բնականոն կյանքի համար պայմանների ապահովմանը, արձանագրվել են կոնկրետ արդյունքներ՝ անհայտ կորածների ճակատագրի բացահայտման և զոհվածների աճյունների որոնման, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ հարցերում։

Այս ձևաչափով վերջին հանդիպումն անց է կացվել 2023 թվականի մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանն առնչվող հարցեր։ Սակայն ադրբեջանական կողմը սկզբում հրաժարվել է կատարել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ այնուհետև դիմել է տարբեր սադրանքների և ագրեսիվ գործողությունների՝ հետևողականորեն մերժելով նշված ձևաչափով հանդիպումները շարունակելու՝ Արցախի Հանրապետության բոլոր հետագա առաջարկները»։

Արցախի ԱԳՆ-ն պնդում է, որ խաղաղ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափը, «որի շրջանակներում հնարավոր կլինի բարեխղճության, համագործակցության և կողմերի իրավահավասարության սկզբունքների հիման վրա քննարկել բոլոր վիճահարույց հարցերն ու հակասությունները»։

«Միևնույն ժամանակ, այս մեխանիզմը պետք է լինի ներառական և ներկայացուցչական, ինչպես նաև ունենա համապատասխան կարողություններ և լիազորություն՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը»,- նշում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարների արդյունավետ համագործակցության կարևորությունը»:

Կարծես ի պատասխան այս հայտարարության՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում գրառում է տեղադրվել․

«Բաքուն պատրաստ է ամեն ինչ անել Ղարաբաղի շրջանում բնակվող ծագումով հայերին իր քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներում ինտեգրելու համար: Ադրբեջանի սահմանադրությունը և օրենսդրությունը և մեր կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը դրան հասնելու ամուր հիմք են ապահովում»: Հիշեցնենք, որ այս հայտարարություններին նախորդել էին ռուսական լրատվադաշտում հրապարակումներ այն մասին, որ Վաշինգտոնն արցախցիների նկատմամբ ճնշումներ է բանեցնում Բաքու-Ստեփանակերտ բանակցային մեխանիզմ ձևավորելու համար, մինչև անգամ սպառնալով արցախցիներին։ Վաշինգտոնն այս մեղադրանքներին անդրադարձավ՝ կարևորելով նման բանակցությունները կողմերի միջև։ Սակայն Ադրբեջանի տարածած հերթական հաղորդագրությունը հերթական անգամ բացահայտում է, որ Ադրբեջանին այդ մեխանիզմը հարկավոր է ոչ թե Արցախի կարգավիճակի հարցը, այլ արցախցիների ինտեգրման հարցը քննարկելու համար, որից արցախցիները բնականորեն հրաժարվում են։

168am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ բավականին բարդ պատկեր է ուրվագծվում․ Վաշինգտոնը կարողացավ ջանքերի գնով հասնել կարգավորման գործընթացում ինչ-որ հանգրվանի, կարելի է ասել՝ առաջընթացի՝ առանց Ռուսաստանի, սակայն գործընթացը հասավ Ղարաբաղին ու արգելափակվեց։

Ըստ նրա, պատճառը և Ռուսաստանն է, և կարգավորման մասին գերտերությունների ու կողմերի պատկերացումները։

«Որքան էլ ներկայումս անցանկալի է Ռուսաստանի հետ երկխոսությունը որևէ թեմայով, սակայն Արևմուտքը, որը գործընթացում է և դրանով իսկ ստանձնել է պատասխանատվություն նաև անվտանգության համար, պետք է ընդունի որոշ իրողություններ և իր քայլերն ինչ-որ եղանակով համաձայնեցնի Ռուսաստանի հետ, այլապես Ղարաբաղի շուրջ աշխարհաքաղաքական առճակատման ճանապարհը հումանիտար աղետի ճանապարհ է։ Սա շատ ողբերգական բան է։

Ի վերջո, ԵԱՀԿ ՄԽ-ն երկար տարիներ գործել է, կան հարցեր, որոնց շուրջ Վաշինգտոնն ու Մոսկվան առ այսօր էլ որոշ երկխոսություն վարում են, և սա այդ հարցերի ցանկում պետք է լինի։ Եթե ոչ այդ ձևաչափում, ապա ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափի ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել, թեև դա էլ Ադրբեջանի համար անընդունելի զարգացում կլինի։ Սակայն գլխավորը մարդկանց անվտանգության հարցն է և բանակցություններ կազմակերպելու հարցը։ Կամ՝ գուցե բանակցային այլ օրակարգ ևս պետք է առաջարկվի, քանի որ միայն այս տարբերակը վերջնագիր է, որին դիմադրելու են, թեև դիմադրության ռեսուրսները չափազանց քիչ են, ու դրանցից գլխավորը ռուս խաղաղապահ կոնտինգենտն է։

Ըստ իս, Արևմուտքն այստեղ խնդիր ունի, պետք են հավելյալ առաջարկներ ու լուծումներ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս