«Աշոտյանի կալանավորումը հերթական անհեթեթությունն է. պարզ է, որ այդ մարդը քրեական հանցագործ չէ». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Արմեն Աշոտյանը 24 ժամով ձերբակալվել էր հունիսի 15-ին։

168.am հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը խոսեց Արմեն Աշոտյանի և առհասարակ այն անձանց մասին, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած  քաղաքականությունը քննադատելու համար, ուստի 5 տարվա փորձը նկատի ունենալով՝  սպասելի էր դատարանի որոշումը:

«Արմեն Աշոտյանի կալանավորումը հերթական անհեթեթությունն է։ Չեմ կարծում, թե այնտեղ լուրջ պատճառաբանություն ու պատճառ կա, պարզ է, որ այդ մարդը քրեական հանցագործ չէ, ինչի՞ մասին է խոսքը։ Այս ամենն իշխանությունն այնքան անթաքույց է իրականացնում, որ ի՞նչ ասես»,- նշեց Միքայել Աջապահյանը։

Հարցին՝ եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ մի օր էլ իշխանությունն իրեն կալանավորի, քանի որ ինքը նույնպես նրա վարած քաղաքականության քննադատներից մեկն է, սրբազանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Այս աշխարհում ոչ մի բան չի բացառվում, ինչ պետք է բացառվի»։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, «Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով»։

Տեսանյութեր

Լրահոս