
Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամսով. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ

Երեկ հայտնի դարձավ, որ իր բնակարանից Քննչական կոմիտե (ՔԿ) են տեղափոխել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Հիշեցնենք՝ դեռևս հունիսի 6-ին մամուլը գրել էր Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալության մասին:
Ավելի վաղ Արմեն Աշոտյանն ասել էր՝ ակնհայտ քաղաքական աստառով հերթական գործն են ուզում «կարել» իր վրա:
Հիշեցնենք՝ 168.am-ը դեռևս 2022թ. նոյեմբերի 22-ին էր գրել Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալության մասին: Այդ օրերին ձերբակալել էին ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին, և Արմեն Աշոտյանին նույն գործի շրջանակներում էլ փորձում էին մեկուսացնել՝ մեղադրելով այդ թվում նաև փողերի լվացման մեջ:
Այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահին, այնուամենայնիվ, որևէ կերպ չէր հաջողվել 100-ից ավելի անձանց հարցաքննելուից հետո անգամ ցանկալի ցուցմունքը ստանալ Արմեն Աշոտյանի դեմ:
Մեր հրապարակումից օրեր անց արգելափակեցին Արմեն Աշոտյանի ՍԵԿՏ-ը (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ), և վերջինս չկարողացավ մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին:
Ավելի ուշ Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրեցին ու խափանման միջոց ընտրեցին բացակայելու արգելքը:
«Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Նրա հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,-ասել էին հայտնել էին ՔԿ-ից՝ հավելելով, որ ավելի ուշ իրենք հաղորդագրություն կտարածեն՝ ներկայացնելով գործի մանրամասները:
Մանրամասները, մեղմ ասած, ծիծաղելի ձայնագրություններն էին:
Քննչական կոմիտեից Արմեն Աշոտյանին տարան ՁՊՎ, ապա Հակակոռուպցիոն դատարան, ուր դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, 20.00-ից քննվում էր քննիչի միջնորդություը Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:
Դատական նիստը շարունակվեց մինչև գիշերվա մոտ 2.00-ն: Որոշումը պիտի հրապարակվի առավոտյան 12.00-ին:
12.30-ին Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Աշոտյանը կալանավորվել է 2 ամսով ու կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ:
«Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող չի եղել. Նրան կալանավորել են Նիկոլի ցանկությամբ»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: