
Փողոցային «ռազբորկա» էր. պաշտպանյալիս 5-6 ոստիկաններով խոշտանգում էին. ինձ հագցրեցին ձեռնաշղթա, կիրառեցին հատուկ միջոց, պահանջեցին դուրս գալ շենքից. Կարեն Ալավերդյան

Երեկ հայտնի դարձավ, որ Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին:
Հերթական անգամ ոստիկանության բաժնում ոստիկանության ծառայողները փաստացի ծեծել են փաստաբանի:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ բռնության ենթարկված փաստաբանը Կարեն Ալավերդյանն է:
Հիշեցնենք, որ սա նման առաջին դեպքը չէ վերջին մի քանի ամիսների ընթացքում:
Դեպքի առթիվ այսօր ՀՀ փաստաբանների պալատը հրավիրել է մամուլի ասուլիս: Ասուլիսին մասնակցում էին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Արա Զոհրաբյանը և փաստաբան Կարեն Ալավերդյանը:
«ՀՀ-ն իրավական պետություն է և մնալու է այդպիսին, ու Փաստաբանների պալատը միշտ լինելու է փաստաբանների կողքին: Այս հաճախականությամբ մեզ մոտ երբևիցե նման դեպքեր չեն եղել: Ինձ համար տարօրինակ է նաև մեր միջազգային գործընկերների արձագանքը, երբ նախորդ անգամ, երբ ծեծել էին փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմին Անանյանին, մենք մանրամասներն ուղարկել էինք միջազգային կազմակերպությունների մեր գործընկերներին, և զրո արձագանք»,- ասաց Պալատի նախագահը:
Ասուլիսին ներկա Կարեն Ալավերդյանն էլ ներկայացրեց դեպքի մանրամասները: Վերջինս ասաց՝ դատարանում նիստի մասնակցելու ժամանակ իր պաշտպանյալն ու նույն գործով անցնող ընկերն անձնական հարցերի շուրջ վիճել են միմյանց հետ: Որևէ հանցակազմ պարունակող դեպք տեղի չի ունեցել:
«Նիստից հետո ես ու պաշտպանյալս քայլում էինք, երբ մեզ մոտեցան 20-30 ոստիկանության աշխատակիցներ՝ Կենտրոնի ու Էրեբունու բաժնի աշխատակիցներ, պարեկային մի քանի անձնակազմեր»,- ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանները տևական ժամանակ չէին կարողանում բացատրել իրենց՝ մեզ մոտենալու նպատակը:
Ըստ նրա՝ ի վերջո ասել են, որ քաղաքացուն հրավիրում են ոստիկանության բաժին, ինչի իրավունքը չունեին:
«Ի վերջո, պաշտպանյալս կամավոր նստեց պարեկների ծառայողական մեքենան, ինձ էլ խնդրեց ուղեկցել իրեն: 5 րոպե անց ներկայացել եմ ոստիկանության Կենտրոնականի բաժին, ներկայացել եմ: Արհեստական խոչընդոտներ են հարուցել, որ չմոտենամ պաշտպանյալիս: Ի վերջո, ինձ հաջողվեց բարձրանալ, ինչից հետո 4-րդ հարկին հասնելով՝ լսեցի պաշտպանյալիս գոռոցները և իրեն չխփելու պահանջները: Դուռը բացելով՝ պաշտպանյալիս հայտնաբերեցի գետնին ընկած, ձեռնաշղթաներով, և 5-6 ոստիկան խփում էին նրան»,- ասաց Կարեն Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ ինքը փորձել է արգելել ծեծը, ոստիկաններին էլ հորդորել են իր պաշտպանյալի հետ երկխոսության մեջ չմտնել:
«Փողոցային ռազբորկա էր: Ուսադիր կրող անձինք խոսում էին փողոցային բառապաշարով: Ի վերջո, իմ պահանջով ոստիկանության աշխատակիցները դուրս եկան սենյակից: Իրավիճակը հանդարտվել էր, երբ դատավարական գործողություններ կատարող ոստիկանը սկսեց գոռալ պաշտպանյալիս վրա, դուրս եկած խումբը ներս խուժեց, ու ինձ դուրս հանեցին: Թե ինչ է կատարվել պաշտպանյալիս հետ, կարող եմ հասկանալ միայն նրա գոռոցներից»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ վստահ է՝ այդ ամենը կատարվել է ոստիկանության վերադասների հետ համաձայնեցված, նրանց զեկուցել են, որ պաշտպանը խոշտանգման դեպք է արձանագրել, ու որոշել են իրեն նույնպես մեկուսացնել:
«Պահանջեցին լքել ոստիկանության շենքը ու ոչ թե անհամաչափ, այլ անհարկի ֆիզիկական ուժ կիրառեցին՝ ձեռնաշղթա ու հատուկ միջոց գործադրելով: Ինձ մեկուսացնելու գործընթացի հետ կապված՝ թույլ են տվել բոլոր հնարավոր խախտումները»,- ասաց Կարեն Ալավերդյանը:
Պաշտպանի խոսքով՝ իրեն մոտ 6 ժամ անց ազատ են արձակել՝ իբր անհրաժեշտությունը վերանալու հիմքով, ինչն ինքը բողոքարկել է:
Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ ասաց՝ նախորդ անգամ, երբ ծեծել էին երկու փաստաբանի, իրենք պահանջեցին ծեծող օպերլիազորների հրաժարականը:
«Այս անգամ միայն կատարողների հրաժարականով չեն պրծնելու: Սա շատ վտանգավոր բան է, շատ»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Կարեն Ալավերդյանն ընդգծեց՝ ամեն ինչ արել են, որ դեպքը քաղաքական երանգ չստանա, սակայն դրանից հնարավոր չէ զերծ մնալ, քանի որ ոստիկանության նման պահվածքն ընդհանուր քաղաքականության մաս է:
«Ինձ մեղադրանք է առաջադրված խմբի կազմում պաշտպանյալիս հետ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձանց օրինական գործունեությանը միջամտելու համար՝ զուգորդված նրանց նկատմամբ բռնություն կատարելով: Պարզվում է՝ ես հայհոյանքներ եմ հնչեցրել ոստիկանների հասցեին, ու չի ասվում՝ ինչ հայհոյանք: Իմ կողմից ոչ միայն հայհոյանք, այլև մանկական որևէ վիրավորանք չի հասցվել իրենց»,- ասաց Կարեն Ալավերդյանը՝ հավելելով, որ իր նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը՝ հակառակ իր խնդրանքին՝ իր համար կիրառել կալանքը որպես խափանման միջոց, որպեսզի ինքը բողոքարկելու հնարավորություն ունենար:
Երեկոյան՝ 19:30-ին Փաստաբանների պալատում ակումբի նիստ է նշանակված: Ներկա կլինեն միայն փաստաբաններ:
Մանրամասները՝ տեսանյութում: