Աշոտյանին չեզոքացնելու դրդապատճառները․ Փաշինյանը պատրաստվում է հերթական հակահայկական ակտին

Այսօր իր բնակարանից Քննչական կոմիտե (ՔԿ) են տեղափոխել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ի՞նչ իրավական հիմնավորմամբ, ի՞նչ գործի շրջանակներում, իրականում կարևոր չէ, քանի որ ակնհայտ է՝ Աշոտյանի դեմ կատարվողը միանշանակ քաղաքական դրդապատճառներ ունի, որի համար Նիկոլ Փաշինյանին ծառայող իրավաբաններն ու քննիչները կարող են ինչ-որ «իրավական հիմնավորումներ» հորինել։

Աշոտյանի անձի դեմ կատարվողը, սակայն, պետք է դիստանցավորել Աշոտյանի անձից, քանի որ նրա նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կատաղությունը, ամենայն հավանականությամբ, ունի անձնականից ավելի խորը և ավելի կարևոր դրդապատճառներ։ Խնդիրն միայն, ի թիվս այլ ընդդիմադիրների՝ Արմեն Աշոտյանի քննադատական գործելակերպը չէ, Նիկոլ Փաշինյանին քննադատում են տասնյակ, հարյուրավոր իրական և իմիտացիոն ընդդիմադիրներ։

Տվյալ դեպքում ավելի կարևոր է անձամբ Աշոտյանի քննադատության ուղղվածությունը և հետևողականությունը։ Արմեն Աշոտյանը, թերևս առավել, քան որևէ այլ ընդդիմադիր գործիչ, հանդես է գալիս գործող իշխանությունների քննադատությամբ՝ հատկապես Արցախյան հարցի առնչությամբ։

Ընդ որում, նա դա անում է առավել քան հետևողականությամբ ու մեթոդաբար՝ հանդես գալով ոչ միայն և ոչ այնքան ընդհանրական բնույթի գնահատականներով, որոնց պակասը չկա, այլ Արցախի հետ կապված իշխանության յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր հայտարարության, յուրաքանչյուր պայմանավորվածության դետալային, հանգամանալից բացահայտմամբ ու վերլուծությամբ։

Կարդացեք նաև

Աշոտյանը հատկապես արցախյան հարցում իր հրապարակային գործունեությունը կառուցում է ոչ միայն տվյալ պահի իրողությունների ներկայացմամբ, այլ նաև անցյալի հետ պատճառահետևանքային կապերի բացահայտմամբ, ինչը հանրության առնվազն մտածող հատվածի շրջանում ավելի է ամրապնդում այն համոզմունքը, որ տեղի ունեցողը ոչ թե «անփութություն ու ապիկարություն է» (ինչպես փորձում են ներկայացնել իշխանության համար ընդունելի ընդդիմադիրները), այլ դավաճանություն, կոլաբորացիոնիզմ։ Նաև դա է Աշոտյանին Նիկոլ Փաշինյանի համար դարձնում վտանգավոր թիրախ։

Բայց կա մեկ այլ հանգամանք ևս․ Աշոտյանը՝ նախկին խորհրդարանական դիվանագիտական աշխատանքի և ներկայիս կուսակցական գործունեության բերումով տիրապետում է լուրջ քաղաքական կապերի՝ հատկապես եվրոպական շրջանակներում, ինչը գուցե ավելի վտանգավոր է դարձնում նրան գործող իշխանության համար, քանի որ հնարավոր դավաճանության բացահայտումը կարող է դուրս գալ նաև Հայաստանի սահմաններից։ Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ է Աշոտյանի դեմ քաղաքական հետապնդումը նոր թափ ստանում հենց հիմա, և ոչ թե, ասենք, երկու ամիս առաջ կամ երկու ամիս հետո։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, պատրաստվում է «խաղաղության դարաշրջանի» հերթական արարին, որը կարող է դրսևորվել կամ նոր փաստաթղթի, կամ առնվազն նոր հակաարցախյան պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։ Իսկ դա նշանակում է, որ նա կարող է փորձել «կանխարգելիչ» քայլերի միջոցով նախապես չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք կբացահայտեն հակահայկականության հերթական ակտը։

Իսկ Աշոտյանն այդ գործիչների առաջին հորիզոնականներում է։ Արմեն Աշոտյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը, ի դեպ, նաև հերթական լակմուսի թուղթը կարող է դառնալ ընդդիմության համար։ Եթե նրա նկատմամբ կիրառվեն ավելի կոշտ միջոցներ, ընդհուպ՝ կալանք, ընդդիմությունը կարող է ցույց տալ՝ որքանո՞վ է միասնական փաշինյանական քաղաքականությունը մերկացնող գործչի պաշտպանության հարցում, կամ հակառակը՝ որքանով է հաշտ, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է լռեցնել իր քաղաքական հակառակորդներին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս