Ադրբեջանն ուղերձ է հղում. գործ ունենք ՀՀ ինքնիշխանության աննախադեպ խայտառակ կորստի հետ, որի գլխավոր պատճառը Փաշինյանն է. Ռազմական փորձագետ
Հունիսի 13-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակոցների հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:
Երեկ առավոտյան ՊՆ-ն կրկին տեղեկացրեց, որ Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:
Ինչպե՞ս հասկանալ ՀՀ իշխանության հավատարմությունը «խաղաղության օրակարգին» ու Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիան ՀՀ սահմաններին։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը խոսելով ադրբեջանական ագրեսիայի ու «խաղաղության օրակարգի» մասին՝ նախ ասաց, որ խիստ թերահավատ է, որ Հայաստանի իշանությունները բանակցում են խաղաղության ինչ-որ օրակարգի շուրջ, այդ ամենը փորձում են հայ հասարակությանը մատուցել՝ որպես խաղաղության օրակարգ, սակայն դա այդպես չէ, իրականությունն այլ է։
«Բազմիցս ասել ենք, որ զիջումներ անելով՝ խաղաղության չեն հասնի, դրանից Ադրբեջանն ավելի է լկտիանալու։ Ըստ էության իր այս գործողությամբ Ադրբեջանն այսպես ուղերձ է հղում, որ Հայաստանի տարածքում ինքն է որոշելու, թե ով ինչ կկառուցի, կաշխատացնի և այլն։ Այսինքն՝ մենք գործ ունենք Հայաստանի ինքնիշխանության աննախադեպ խայտառակ կորստի հետ, որի գլխավոր մեղավորն ու պատճառը Նիկոլ Փաշինյանն է»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ հնարավոր է՝ այս ամենն առնչությունի ունի Էրդողանի՝ Բաքու կատարած այցի հետ, կարող է և որևէ առնչություն էլ չունի, սակայն սա միտում է, քանի որ այնպես չէ, որ նախորդ տարիներին ամեն ինչ նորմալ էր ու հանկարծ Էրդողանի Բաքու կատարած այցից հետո այսպես եղավ։
«Կրկնում եմ՝ սա միտում է և այս միտումը մեկ այլ միտումի հետևանք է, այն է՝ Հայաստանի Զինված ուժերի կազմաքանդումը, որը Նիկոլ Փաշինյանի վարչակարգի, այսպես ասած, կատարած գործերից մեկն է։ Այս մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի հայկական բանակ չլինի, Ադրբեջանի բանակին դիմադրել չլինի, և պարզ է, որ Ադրբեջանը հիմա ինչ ցանկանա՝ կանի»,- հավելեց ռազմական փորձագետը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանությունների հայտարարություններին, որ իրենց դիրքորոշումը նույնն է խաղաղության դարաշրջանին հավատարիմ լինելու վերաբերյալ, իսկ Ադրբեջանին պետք է զսպի միջազգային հանրությունը, Կարեն Վրթանեսյանը հարց բարձրացրեց՝ այդ դեպքում ի՞նչ պետք է անի հայկական բանակը։
«Ինչո՞ւ պետք է միջազգային հանրությունը զսպի, միջազգային հանրությունը որևէ պարտավորություն ունի՞։ Եթե Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, չի ապահովում այդ անվտանգությունը, և պետության գլխավոր գործառույթը անվտանգության ապահովումն է, եթե պետության ղեկավարի պաշտոնում գտնվող անձը տապալում է ամենակարևոր գործառույթը, ապա ուրիշից ի՞նչ են պահանջում։ Այդ ո՞ր երկրներն են պարտավորվել պաշտպանել Հայաստանի տարածքն Ադրբեջանի ոտնձգություններից, այն դեպքում, որ հենց Հայաստանի ղեկավարությունն է հայտարարում, որ Հայաստանը «կադաստրի թուղթ» չունեցող ինչ-որ «գոյացություն է», պարզ է, որ ոչ մի երկիր, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «կադաստրի թուղթ» չունեցող երկրի համար որևէ բան չի անելու։
Եթե ՀՀ զինված ուժերը չեն պաշտպանելու երկրի անվտանգությունը, եթե ՀՀ ղեկավարությունը քանդում է բանակն ինչ-ինչ պատճառներով, ապա ինչո՞ւ այդ բանակի ֆունկցիան պետք է կատարի օտար զինվորը, նա ի՞նչ է կորցրել այստեղ, որ գա՝ հայի համար զոհվի»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։