Մինչև 2018-ը Հայաստանն աշխարհի սեղանի շուրջ իր աթոռն ուներ, այսօր ընդամենը մեծ խաղի մենյուի դեսերտն է. Վարուժան Գեղամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
- Էրդողանի հաղթանակը միանգամայն կանխատեսելի էր փորձագետների մեծ մասի համար: Սա Էրդողանի վերջին ժամկետն է, հետևաբար՝ սրանով լուծում էր իր քաղաքական ժառանգությունն ամրագրելու և փոխանցելու հարցը:
- Թուրքիայի նորաստեղծ կառավարությունում Էրդողանի կատարած նշանակումները և նախընտրական քարոզարշավի ընթացքը, հնչեցրած հայտարարությունները հուշում են, որ փոփոխություն է լինելու Թուրքիայի քաղաքականության մեջ՝ գործ ենք ունենալու շատ ավելի ազգայնական և ագրեսիվ Թուրքիայի հետ, որն իրականացնելու է ռազմականացված արտաքին քաղաքականություն: Երկրում տոտալ ազգայնական քաղաքականությունն է գերակա լինելու, դրա ապացույցն է նաև այն, որ ազգային գաղափարախոսության կրող քաղաքական ուժերն ամենաշատ ձայները ստացան խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
- 2016 թվականից հետո Թուրքիայի հասարակությունը ծայրահեղ բևեռացված է, Ստեղծվել է երկու բևեռ: Առաջինն Էրդողանի ուղղակի աջակիցներն են, իսկ երկրորդ թևում այն ուժերն են, որոնք միավորվել են մեկ նպատակի շուրջ՝ հեռացնել Էրդողանին:
- Էրդողանը միակն է, որ իրական ուժ ունի փողոցում, տարբեր ժամանակներում ականատես ենք եղել, երբ հանուն նրա ընդամենը 2-3 ժամում գերարագ մոբիլիզացիա է տեղի ունեցել:
- Չափազանցված է այն տեսակետը, թե հավաքական Արևմուտքն Էրդողանի դեմ է աշխատել, անշուշտ, Էրդողանը հարմար գործընկեր չէ, շատ ավելի հեշտ կլիներ աշխատել Թուրքիայի թույլ ղեկավարի հետ, ուստի Արևմուտքը շահագրգռված էր Էրդողանի դիրքերը սասանելու հարցով:
- Էրդողանը և Թուրքիան շարունակում են մնալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործընկեր։
- Թուրքիայի հանրապետությունը հիմնադրման օրվանից՝ 1920 թվականից, պրոամերիկյան գլխավոր պետությունն է եղել այս տարածաշրջանում: Ուրիշների խաղի մեջ ֆունկցիա կատարող: Անցյալ դարի 50-60-ական թվականներից որքան հզորանում էր Թուրքիան, այնքան անկախացնում էր իր արտաքին քաղաքականությունը, որը ենթադրում էր սեփական խաղի հնարավորություն: Այս պահին Թուրքիան հասել է այդ անկախության գագաթնակետին։ Թուրքիան շարունակում է մնալ արևմտյան ռազմաքաղաքական բլոկի մաս, բայց փորձում է իր արտաքին քաղաքականությունը կառուցել անկախ դիրքերից և Ռուսաստանի հետ էլ շփվում է հենց այդ դիրքերից: Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառում, և դա հավաքական Արևմուտքին ու ԱՄՆ-ին վաճառում է՝ որպես կարևոր դիրք՝ հիմնավորելով, թե կա մեկ պետություն, որը կարող է Արևմուտքի անունից բանակցել Ռուսաստանի հետ։
- Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ կարևոր պետություն, ՆԱՏՕ-ն շարունակում է կատարել անվտանգային քաղաքականություն, որն այնտեղ ունի 11 ռազմական բազա։
- Այսինքն՝ մենք մեր սահմանի մոտ գործ ունենք ՆԱՏՕ-ական պետության հետ: Եվ սա չպետք է մոռանալ:
- Արևմտյան մամուլը չափազանցված է ներկայացնում Թուրքիայի տնտեսական ճգնաժամը։ Թուրքիայի Հանրապետությունում 2000-ականների սկզբին մեկնարկել է տնտեսական քաղաքականության նոր մոդել, որն իրեն սպառել էր 2017-ին, հիմա Թուրքիան փոխում է գործող նախկին մոդելը, և գործընթացը շարունակվում է, նպատակն է՝ դառնալ տարբեր ոլորտներում խոշոր արտահանող երկիր: Պետություն, որն արտահանում է կատարում այնպիսի ոլորտներում, որտեղ երբևէ մուտք չի գործել: Թուրքիան աստիճանաբար դառնում է Եվրոպայի խոշորագույն գազային հաբը՝ Զանգեզուրի միջանցք կոչվածի հեռանկարով։ Թուրքիայի ռազմարդյունաբերության զարգացման և իմիջի բարձրացման հարցում ամենաշատը նպաստել է Հայաստանը՝ գործող դե ֆակտո իշխանությունների շնորհիվ, քանի որ ՀՀ դե ֆակտո կառավարությունն էր անդադար կրկնում, որ մենք պարտվել ենք թուրքական բայրաքթարին։
- Թուրքիան վերսկսել է աշխատել արաբական արևելքի հետ, փորձում է Հարավային Կովկասը դարձնել տարանցիկ գլխավոր ուղի, որի փականը մշտապես իր մոտ է լինելու։
- Էրդողանի նախընտրական քարոզարշավի գլխավոր 3-4 թեմաներից մեկն էր՝ մենք հաղթել ենք Ղարաբաղում:
- Հայաստանի դե ֆակտո իշխանությունները 44-օրյա պատերազմի ընթացքում նույնիսկ ամենատարրական հարցերում ձախողել են, մասնավորապես, տեղեկատվական ճակատում կատարյալ ճգնաժամ էր տիրում, բարդակ:
- 2017 թվականին կամ 2018-ի սկզբին ՀՀ-ում նախկին իշխանությունների կողմից նախատեսված էր մինչև 2020 թվականն իրականացնել ռազմական բարեփոխումների մեծ ծրագիր, որով պետք է նաև ձեռք բերեին տարբեր անօդաչուներ, իսկ դրանք հնարավոր էր կիրառել մեր պաշտպանական համակարգում:
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում փորձ է արվում Հայաստանի և Թուրքիայի միջև հավանաբար Մարգարայում մեկ անցակետ բացել, և մեծ է հավանականությունը, որ աշնանը Փաշինյանը ստորագրի փաստաթուղթ, որտեղ արդեն պաշտոնապես կարձանագրվի, որ Հայաստանը հրաժարվում է Արցախից։
- Թուրքիայի համար փակ սահմանն ավելի մեծ քաղաքական արժեք է, քան բաց սահմանը, որովհետև դա նաև շանտաժի հնարավորություն է տալիս:
- Հայ-թուրքական սահմանի բացում կարող է քննարկվել երրորդ երկրների քաղաքացիների համար, և այդ երկիրը լինելու է Ադրբեջանը, դա կարող է լինել նաև թուրքախոս երկրների քաղաքացիների համար։
- Հայ-թուրքական կապիտուլյացիոն զրույցում, որը կոչվում է բանակցություններ, մենք գործ ունենք թուրքական նախապայմանների հեղեղի հետ, դրա բոլոր վկայությունները կան՝ սկսած ցեղասպանության ճանաչումից, Արցախի հարցի հրաժարումից, Ադրբեջանի տարածքային անվտանգության ճանաչումից, միջանցքի բացման թեմաներից, Մեծամորի ատոմակայանը փոխարինելուց։ Ատոմակայանը կարող են փակել Թուրքիայի պահանջով, որը վաղուց է դրվել Հայաստանի առջև դեռ 88-ի երկրաշարժից հետո՝ 90-ականներին, որպես էկոլոգիական խնդիր։ Թուրքիան պարբերաբար կրկնել է, որ Մեծամորի ատոմակայանը հնացած է, դա սպառնում է իր երկրի և ժողովրդի անվտանգությանը: Բայց խնդիրն անվտանգության սպառնալիքը չէ, Թուրքիան պահանջում և ձգտում է, որ փակվի Մեծամորի ատոմակայանը, որովհետև ակնհայտ է, դա Հայաստանի էներգետիկ սուվերենության գլխավոր հիմքն է։ Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման 40 տոկոսը ատոմակայանից է ստացվում, եթե չլինի Մեծամորի ատոմակայանը, մենք ստիպված ենք էլեկտրաէներգիա գնել Թուրքիայից և Ադրբեջանից։
- Թուրքիան փափուկ ուժի քաղաքականություն է կիրառում նաև Հայաստանի մի շարք բնագավառներում՝ կրթության, տնտեսության, էներգետիկ, անվտանգային և բոլոր այլ կարևոր ինստիտուտներում բարեփոխումների անվան տակ Հայաստանի դե ֆակտո իշխանությունների ջանքերով քանդվում են կարևոր ինստիտուտները:
- Հայաստանը էներգետիկ մեծ պոտենցիալ ունի, դրա շնորհիվ նաև երկրի աշխարհաքաղաքական կշիռն էր բարձրանում, հիմա Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները դա նվազեցնելով՝ զրկվում ենք այդ կշռից, և դրանք մաքուր թուրքական նախապայմաններ են։ Ճնշման վերջնական նպատակն է՝ զրկել Հայաստանին ինքնիշխանությունից, դարձնել բուտաֆորիկ պետություն կամ էլ լիովին նվաճել:
- Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները թույլ են տալիս Թուրքիային միջամտել նույնիսկ երկրի ներքաղաքական հարցերին։ Դրա վառ օրինակն է 2021 թվականի փետրվարին ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ հրամանատարների հայտարարությունից հետո Թուրքիայի արձագանքը: Ռևանշիստական որակելով՝ Թուրքիայի կողմից 6 ամենաբարձր մակարդակի հայտարարություն հրապարակվեց, դատապարտեցին հայտարարության հեղինակ գեներալիտետին:
- ՀՀ-ն՝ որպես սուվերեն պետություն, չկա ո՛չ Թուրքիայի, և ոչ էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական պլաններում։ Նրանք Հարավային Կովկասը տեսնում են՝ որպես թուրքական ազդեցության գոտի:
- Մենք գործ ունենք պետության հետ, որը նպատակ չունի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժություններ են անցկացվում, մինչդեռ ՀՀ դե ֆակտո իշխանությունները դրանց չեն արձագանքում ու չեն էլ նախապատրաստվում:
- Իրանի և Թուրքիայի շահերը երբեք չեն համընկել, դրանք մշտապես եղել են հակառակորդներ, Հայաստանը հայտնվում է այդ երկուսի միջև: Իսկ քայլեր է անում Հայաստանը, որպեսզի չկորցնելով սուբյեկտայնությունը՝ այս երկու պետությունների հետ այնպիսի հարաբերություններ կառուցի, որպեսզի պատնեշ ստեղծի իր անվտանգության համար:
- Եթե մի պահ լինի, որ Թուրքիան և Իրանը համաձայնության գան Սյունիքում սահմանային գծերը բաժանելու հարցում, չի բացառվում, որ իրար մեջ բաժանեն Սյունիքը:
- Թուրքիան և Ադրբեջանը միշտ են ձգտել Հայաստանի հետ բանակցել առանց միջնորդների, որովհետև գիտեն, որ Հայաստանը միայնակ թույլ է։
- Սահմանազատումը փաստացի տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանը ՀՀ դե ֆակտո իշխանությունների թողտվությամբ, անարգել մտավ Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածք: Հիմա մենք ականատեսն ենք հետսահմանազատային գործընթացի։ Օկուպացրած տարածքների վերադարձ չի լինելու, հակառակը՝ լինելու է առաջխաղացում դեպի Հայաստանի սուվերեն տարածք, օգտագործելով ամեն հարմար առիթ:
- Թուրքիայի նորաստեղծ կառավարության առանցքային որոշ դեմքեր Էրդողանի քաղաքական ժառանգորդն են լինելու։ Արտաքին գերատեսչության ղեկավար նշանակված Հաքան Ֆիդանը ժամանակին համակարգել է Արցախի օկուպացիայի գործընթացները։
- Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ գերակա է լինելու ռազմական կոմպոնենտը՝ Կովկաս, Մերձավոր Արևելք, Բալկաններ:
- Իբրահիմ Քալընի նշանակումը Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում ևս խորհրդանշական էր. երկուսն էլ կարող են լինել Էրդողանի պոտենցիալ ժառանգորդը, ընդգծված իսլամական գաղափարի կրողներ են:
- Թուրքիան փորձելու է Հարավային Կովկասը դարձնել լիարժեք ազդեցության գոտի, գերկարևոր նշանակություն ունի այս առումով, քաղաքական մակարդակով բանակցությունների միջոցով համագործակցությունը սերտացնել միջինասիական պետությունների հետ։
- Հայաստանի սիրիացման ճանապարհին պակասում է երկու բան՝ պայթող ռումբ Երևանի կենտրոնում և քանդվող շենքեր:
- Հանրության մեջ սերմանվում է անհանդուրժողականություն, սա սիրիացման թեթև՝ լայթ տարբերակն է:
- Աշխարհաքաղաքական վերադասավորման արդյունքում է տեղի ունենում այն, ինչ տեղի է ունենում այսօր։ Մինչև 2018 թվականը մենք աշխարհի սեղանի մոտ դրված աթոռ ենք ունեցել, հիմա մենք ընդամենը մենյուի մաս ենք կազմում, դեսերտը: Հայաստանը մեծ խաղի մի փոքր մասն է մենյուի՝ դեսերտը:
- Ի՞նչ պետք է անել
ա/ այս ճգնաժամից դուրս գալու համար պետք են մարդիկ, որ պատասխանատվություն վերցնելուց առաջ գիտակցեն, թե վիճակն ինչքան ահավոր է, առանց ճիշտ ախտորոշման հնարավոր չէ խնդիրը լուծել։
բ/ շատ հստակ արձանագրել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը ոչ միայն պրոթուրքական է, այլ նաև բռնապետական, և ամեն ինչ անելու են խոչընդոտելու երկրի համար առաջնահերթ խնդիրները լուծելուն։
գ/ Հանրությանը պետք է շատ պարզ ու հստակ ասել, թե ինչ են անելու և ովքեր, պետք է ասել՝ իշխանությունը ստանձնելու պարագայում ինչ հստակ արտաքին քաղաքականություն ենք ունենալու:
դ/ Պետք է հասկանալ, որ այս գործում բոլորը պետք է մասնակցություն ունենան, բոլո՛ր քաղաքացիները:
ե/ Հստակ պետք է հասարակությանն ասել իրավիճակի և խնդիրների լուծման բանալիները:
Մանրամասները՝ տեսանյութում