«Արցախում վտանգավոր զարգացումներ են. կարմիր գծեր են հատվել». Մետաքսե Հակոբյան
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ հունիսի 4-ից սկսած՝ Արցախի իշխանությունների կազմակերպմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ և ուղեկցությամբ, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով:
«Ելնելով այս իրողություններից՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն անթույլատրելի է համարում որևէ կարմիր գծի խախտում: Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները Շարժումը համարում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում»,- ասված է շարժման հայտարարության մեջ:
Ըստ մամուլի՝ Նիկոլ Փաշինյանը հանձնառություն ունի ոչ միայն հայտարարություններով, այլ նաև կոնկրետ գործով երաշխավորել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը, իսկ Արայիկ Հարությունյանն իր քայլերով նպաստում է դրան, այդ թվում՝ լեգիտիմացնում է ադրբեջանական «կապեպեն», անկախ նրանից, որ հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արցախի կարմիր գծերը վաղուց հատվել են Ադրբեջանի կողմից, բայց, ցավոք, Ադրբեջանին միացել են նաև Հայաստանի և Արցախի իշխանությունները:
«Կարևոր չէ, թե ինչ պատճառաբանությամբ է այդ կարմիր գիծը հատվում, նույնիսկ, եթե դա արվում է բացառություններով: Կարմիր գիծը հատելն անթույլատրելի է: Հունիսի 4-ից սկսած մեզ համար անսպասելի տեսանք տեղաշարժ, իհարկե, պատճառաբանությունները բազմաթիվ են, որ կան հրատապ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, և այլընտրանք չկա: Այլընտրանք միշտ կա, և դա ուղղակի այդ ճանապարհի չօգտագործումն է, որովհետև գնալով այդ քայլին, մանավանդ, երբ դա պաշտոնապես է կատարվում, ստացվում է, որ դու ընդունում ես խաղի այն կանոնները, որը քեզ թելադրում է թշնամին, որը քեզ թելադրում է Հայաստանի այն իշխանությունը, որն այսօր փաստացի համագործակցում է թշնամու հետ»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի որոշ պահանջներ կատարվել են, և այն ժամանակ էլ զգուշացնում էին, որ այդպիսով պահանջներն ավելանալու են, իսկ ճնշումները՝ մեծանալու. «Ցավոք, մեզ լսող չեղավ, փորձեցին մեզ վատ լույսի ներքո ներկայացնել, իբր մենք դրանով վտանգում ենք, բայց այսօր արձանագրում ենք, որ այդ պահանջը կատարելով՝ ճնշումները մեծանում են, և այս անգամ ևս Արցախի իշխանությունները պատճառաբանում են, որ տարբերակ չկա, այն պարագայում, երբ մայիսի 23-ի իր ուղերձում Արցախի նախագահը ևս խոսեց կարմիր գծերի մասին, խոսեց, որ անթույլատրելի է հսկիչ անցագրային կետի տեղադրումը, և այնուհետև օրեր անց հենց ինքը հակասեց իր իսկ արած հայտարարությանը, և պետական մակարդակով կազմակերպված կատարվում է տեղափոխությունը, որն անհասկանալի է՝ ինչ որոշումներով է արվում, ինչ բացառություններ են կիրառվում, որ տեղի է ունենում տեղաշարժը: Արցախի իշխանություններից սկսած՝ որևէ մեկն իրավասու չէ հատել Արցախի ժողովրդի կարմիր գծերը»:
Նա նշեց, որ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի խորհուրդը հանդիպում է ունեցել Արցախի նախագահի հետ, որտեղ վերահաստատել է իր դիրքորոշումը, որ անթույլատրելի է իշխանությունների կողմից կարմիր գծի հատումը:
«Ցավոք, իշխանությունները մնացել են իրենց կայացրած որոշմանը հավատարիմ, և ստացվում է, որ մենք վերահաստատեցինք մեր որոշումը, իրենք՝ իրենցը: Դա շատ վտանգավոր է այսօր Արցախում, որովհետև ցանկացած որոշում պետք է լինի միասնական, ինչը եղել էր մեր բազմահազարանոց հանրահավաքների ժամանակ արված հայտարարություններով, որ մենք պատրաստ ենք բոլոր զրկանքներին և, ի վերջո, 6 ամիս անցնում ենք զրկանքների միջով, և հիմա անհասկանալի է, թե ինչու այս որոշումը կայացվեց»,- նշեց պատգամավորը:
Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ժողովրդին իրազեկում են՝ չօգտվել այդ անցակետից, քանի որ դա այնպիսի վտանգներ է պարունակում Արցախի համար, որի մասին հրապարակավ չի ցանկանում խոսել. «Կարծում եմ՝ ժողովուրդը չի օգտվի այդ ճանապարհից: Այն բոլոր պատճառաբանությունները, որ չօգտվելու դեպքում մենք կհայտնվենք խիստ ծանրագույն վիճակում, արդարացված չեն, որովհետև կար կանոնակարգված հստակ ձևաչափ, որով ռուս խաղաղապահները, թեկուզ քիչ քանակությամբ, բայց կարողանում էին սնունդ ներկրել Արցախ, իսկ Կարմիր խաչի միջոցով և ռուս խաղաղապահների աջակցությամբ հնարավոր էր լինում ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխումը:
Մենք այդ զրկանքները գիտենք և պատրաստ ենք դրանք տանել, հետևաբար՝ պետք է ամուր մնանք մեր դիրքորոշման մեջ: Ճակատը մոտ օրերս արդեն հստակ իր գործողությունների մասին կհայտարարի, որին էլ կհետևեն համապատասխան քայլերը: Երեք ամիսների ընթացքում ճակատը ձևակերպել է բավականին մեծ ծրագիր, որով ճանապարհային քարտեզը շատ շուտով կհաստատվի, մենք ունենք 8 ուղղություններ, որոնք 77 կետերից են բաղկացած և տարբեր սցենարների դեպքում դրանք հստակ մտածված, կոնկրետ իրավիճակներով պայմանավորված քայլեր են: Ճակատը պատրաստ է իր գործունեությունը ծավալել:
Ճակատում ներկայացված են 4 քաղաքական ուժեր՝ «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ Արցախի կառույց, Արցախի ժողովրդավարական կուսակցություն և «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցություն: Բոլորը խորհրդարանական ուժեր են: Ճակատում ներկայացված են հասարակական կազմակերպություններ, անհատներ, հանրային դեմքեր, մտավորականներ, զինվորականներ: Խորհրդի կազմը բաղկացած է 38 հոգուց: Շուտով խորհուրդը կընտրի գործադիր կոմիտե, որը կհամակարգի ամբողջ ճակատի աշխատանքները: Բավականին լուրջ կառույց է ստեղծվել, որի շուրջ համախմբումն օր օրի մեծանում է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում