Հեղուկ գազի գինը նվազել է
Եթե հեղուկ գազի գինը մայիսի 29-ին 220 դրամ էր, վերջին մի քանի օրերին նվազել է ու դարձել 140-180 դրամ: Գինն էլ տատանվում է՝ ըստ տեղանքի:
Վարորդները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Զվարթնոց տանող ճանապարհին հեղուկ գազի գինը 140 դրամ է, Ծովազարդում՝ 180, Նոր Հաճընում՝ 190 դրամ:
«Երևանում հեղուկ գազն այսօր լցրել եմ 200 դրամով: Մատչելին պարսկական գազն է, բայց որակապես վատն է»,- նշեց վարորդներից մեկը:
«Սկսել էի բենզինով քշել, այն էլ գները բարձրացան: Բենզինի ռեգուլյար տեսակն այս պահին 380 դրամ է, պրեմիումը՝ 410, դիզելը՝ 440»,- ընդգծեց մեկ ուրիշը:
Վարորդների փոխանցմամբ՝ բենզինի ու դիզվառելիքի գները թանկացել են մոտ 30 դրամով:
Հիշեցնենք, որ լոգիստիկ խնդիրների պատճառով Ռուսաստանից բավարար քանակի հեղուկ գազ չէր գալիս Հայաստան, ինչի պատճառով առաջացել էր դեֆիցիտ, որն էլ հանգեցրել էր գների բարձրացման։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ նախնական ուսումնասիրություն էր իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես, դիտարկվել էին վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:
Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար՝ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին: