Նիկոլ Փաշինյանի ուղեղային մորմոքը
Հայաստանի՝ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին անընդհատ կրկնելով, հայրենիք-պետություն հակադրության մասին դիսկուրսը գեներացնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ինքն իբրև խիստ իրատեսական քաղաքական գործիչ է, առաջնորդվում է բացառապես ռեալ-պոլիտիկով, հրաժարվում է պատրանքներից և այդպիսով փորձում է փրկել Հայաստանը։
Մինչև պրակտիկ քաղաքականություն դարձնելը Նիկոլ Փաշինյանն իր այդ՝ պսեվդոիրատեսական հայեցակարգի հիմքերը փորձեց դնել գաղափարական հարթությունում՝ հղումներ անելով Չարենցի «Երկիր Նաիրիին»։ Սովորության հանգույն, այդպես էլ խորությամբ չհասկանալով այդ մոնումենտալ ստեղծագործության իմաստը, նա կառչեց Երկիր Նաիրին որպես ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն ներկայացնելու չարենցյան այլաբանությունից՝ իրեն դիրքավորելով այնպես, կարծես ահա, եկել է հայ ժողովրդին ազատագրելու բոլոր մոլորություններից։
Խնդիրն այն չէ, որ հիմա այդպես է խոսում «Արցախը Հայաստան է, և վերջ» վանկարկողը, «Նոր պատերազմ, նոր տարածքներ» պոռոտախոսությամբ հրճվողը, Արցախյան հարցը «մուլտիհեղափոխություններով» լուծողն ու իրեն զանազան թագավորների և փրկիչների հետ նույնացնողը։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա միանգամայն նորմալ է․ ինքն իրեն հակասելը, մի բան հայտարարելն ու տրամագծորեն հակառակն անելը նրա գործունեության հիմնական բնութագրիչն է։
Խնդիրն այն է, որ հայկական պետության լինելիությունն իջեցնելով կադաստրի վկայականի մակարդակի, Արցախն ու ՀՀ ռազմավարական տարածքները Ադրբեջանին հանձնելու համաձայնություն տալով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարողանալու ապահովել «խաղաղության դարաշրջանը» ու փրկել արցախահայերին ադրբեջանական էթնիկ զտումից, այլ նաև մեծացնելու է՝ ինչպես պատերազմի, այնպես էլ՝ արցախահայության բնաջնջման սպառնալիքը։
«Խաղաղության պայմանագրի» Փաշինյանի տեսլականը հանգում է նրան, որ անհրաժեշտ է բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները, և խաղաղությունն ինքն իրեն կհաստատվի։ Դա մեծագույն մոլորություն է, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ իրենց նպատակը ոչ թե Հայաստանի հետ խաղաղություն հաստատելն է, այլ հայկական էթնոսի ոչնչացումը, լավագույն դեպքում՝ դրա ֆիզիկական գոյության ապահովումն այնքանով, որքանով դա չի խանգարի թյուրքական մեծ նախագծին։ Բավարարելով Ադրբեջանի պահանջները, Փաշինյանը ոչ միայն խաղաղություն չի հաստատելու, այլ ավելի է մոտեցնելու Ադրբեջանին՝ հայկականությունը վերացնելու նպատակին, որը, ինչ-որ պահից բանակցությունների միջոցով չիրականանալու դեպքում, լուծվելու է պատերազմի միջոցով։
Ինչ վերաբերում է «արցախահայության իրավունքներին ու անվտանգությանը», ապա այդ ուղղությամբ ևս Նիկոլ Փաշինյանը գնում է ակնհայտ մոլորության ճանապարհով՝ որպես նպատակ հռչակելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և դրա ապահովման «միջազգային երաշխիքները»։ «Միջազգային երաշխիքների» մասին խոսում է միայն ինքը, այն դեպքում, երբ այդ պոտենցիալ երաշխավորողները հերթ են կանգնում՝ Ադրբեջանի հակաարցախյան հռետորաբանությունը ողջունելու համար։
Ընդհանուր առմամբ, մեծագույն մոլորություն է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հայեցակարգն ինքնին․ նա հայկական շահերի պաշտպանությամբ է զբաղվում աշխարհի այն կենտրոններում, որոնց շահերը, ամենամեծ ցանկության դեպքում, օբյեկտիվորեն չեն համընկնում Հայաստանի շահերի հետ։ Եվ հակառակը՝ մեթոդաբար տորպեդահարում է միջազգային ու տարածաշրջանային բոլոր այն ուժային կենտրոններին, որոնց շահերը, կրկին օբյեկտիվորեն, կարող են համընկնել Հայաստանի շահերի հետ։
Պատրանքներից իբրև թե ազատագրված ու ռեալ-պոլիտիկով հրապուրված Նիկոլ Փաշինյանն այսպիսով վարում է Արցախի ու Հայաստանի թվացյալ պաշտպանության այնպիսի քաղաքականություն, որը լավագույն դեպքում կարելի է բնորոշել՝ որպես ուղեղային մորմոք ու սրտի հիվանդություն։ Եվ միջազգային երաշխիքներ մուրալով՝ Նիկոլ Փաշինյանն իրականում մտածում է ոչ թե արցախահայերի, այլ Մազութի Համոյի ճակատագրին չարժանանալու հեռանկարից խուսափելու մասին։ Բայց Նիկոլ Փաշինյանի այդ ջանքերը գնալով նմանվում են «նաիրոմազութի համոյական» գարու, որ ըստ նաիրյան անեկդոտի՝ տեսել էր մի անգամ երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում…
Հարություն Ավետիսյան