Բժիշկը խոսել է հոգեկան առողջության վրա գիրության հետևանքների մասին
Ճարպակալման անհայտ հետևանքներից մեկը կարող է լինել դեպրեսիվ վիճակը: Այս մասին մայիսի 21-ին Gazeta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ Եվգենի Զորինը։
Նրա խոսքով՝ ավելորդ քաշ ունեցող մեծահասակների մոտ դեպրեսիայի զարգացման վտանգը 55%-ով մեծանում է։
«Ուրիշների բացասական վերաբերմունքը, հիվանդության խարանումը, անձի նկատմամբ նախապաշարմունքները և խնդրի մեջ նրան մեղադրելը․․. այս ամենը նպաստում են ինքնատելության զարգացմանը, որն իր հերթին վտանգում է վերածվել ապատիայի՝ դառնալով դեպրեսիայի զարգացման սկիզբը»,- shantnews-ի փոխանցմամբ՝ ասաց նա։
Բացի այդ, նշել է փորձագետը, գիրությունը հրահրում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների զարգացում, ինչը կարող է նաև հանգեցնել դեպրեսիվ վիճակի և մեծացնել իմունային համակարգի բեռը։
Զորինը նաև նշել է, որ մտավոր խնդիրները կարող են նպաստել քաշի ավելացմանը՝ քնի ցիկլի խախտման, ուտելու խանգարումների, անտարբեր տրամադրության և նստակյաց ապրելակերպի պատճառով։
Բժիշկը բացատրել է, որ դեպրեսիայի հաճախակի ախտանշաններն են՝ հոգնածությունն ու քնկոտությունը, իսկ սերոտոնինի և դոֆամինի պակասը, որոնք պատասխանատու են ուրախության և բավարարվածության զգացումների համար, նաև նվազեցնում են ֆիզիկական ակտիվությունը: