Կադաստրային հեղափոխություն․ Նիկոլ Փաշինյանը խմբագրում է Հայաստանը
Ցանկացած մարդու կյանքում կա, այսպես կոչված, աճի գագաթնակետ՝ ինչ–որ տարիքում ինչ-որ մասնագիտության մեջ հասնում է այն առավելագույնին, որից անդին անցնելու հնարավորություն ուղղակի չունի։ Մեկը դառնում է լավ շինարար, երկրորդը՝ անփոխարինելի բժիշկ, մյուսը՝ տաղանդավոր արվեստագետ․․․ Բայց սարսափելի են լինում հետևանքները, երբ, ասենք, կայացած շինարարը սկսում է բժշկությամբ զբաղվել, կամ արհեստավարժ բժիշկն ընկղմվում է շինարարության մեջ. առաջինը վիրահատությունը կարող է ավարտել հիվանդի որովայնը սվաղելով, բժիշկն էլ՝ կույրաղիքի հանգույն հեռացնել իրեն անպետք թվացող սյուները։ Բոլոր դեպքերում ավարտը ողբերգական է։
Հիմա Հայաստանը հայտնվել է մոտավորապես քարտաշի վստահված հիվանդի կամ վիրաբույժի կողմից կառուցվող շենքի կարգավիճակում։ Նիկոլ Փաշինյանն իր անհատական և մասնագիտական առավելագույնին հասել է թերթի գլխավոր խմբագրի կարգավիճակում։ Նրա հետագա գործունեության անգամ մակերեսային դիտարկումը՝ ինչպես քաղաքական հալածյալի, այնպես էլ՝ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակներում, ցույց է տալիս, որ ինչ էլ նա արել է՝ արել է լրագրողի, խմբագրի հանգույն։ Դա է եղել նրա մասնագիտական ու անհատական աճի մաքսիմումը, որի մեջ որևէ անհատական ողբերգություն չկա։
Բայց ահա համազգային ողբերգություն է, երբ նա՝ որպես խմբագիր, իր մաքսիմումն արձանագրած ու դրանից ավելիին հասնելու անկարողությունը ցուցանած լինելով, հայտնվել է երկրի ղեկավարի պաշտոնում։ Եվ նա իրեն բաժին հասածի, տվյալ դեպքում՝ պետության հետ վարվում է այնպես, ինչպես թույլ են տալիս իր կարիերայի մաքսիմումն ապահոված կարողությունները։ Հաջողակ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է Հայաստանի Հանրապետությունը խմբագրելով։ Եվ, ինչպես վարվում են հմուտ խմբագիրները, նա իր գործը կատարված է համարում՝ հատկապես ու առանձնապես իրեն վստահվածը կրճատելով։
Հիմա Նիկոլ Փաշինյանը կրճատում է Հայաստանն այնպես, ինչպես ժամանակին կրճատում էր մեծածավալ հոդվածները սեփական թերթում։ Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդքան ջերմեռանդորեն ու առանձնակի հրճվանքով խոսում «անկլավների» մասին։
Դրանց հանձնման արդյունքում իրեն վստահված նյութը՝ Հայաստանի Հանրապետությունը, կրճատվելու է, և ինքն իր առաքելությունը կատարված է համարելու։ Ինչպես վայել է լավ խմբագրին։
Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանի խմբագրական հմտությունները կիրառվում են ոչ միայն կրճատումների պարագայում։ Նա ճարտար լրագրողի ու գեղեցիկ ձևակերպումներով նյութը հարստացնող խմբագրի նման՝ վարում է նաև արտաքին քաղաքականություն։ Փաշինյանին թվում է, թե ինչպես գտնված ֆրազը կարող էր հմայք հաղորդել ձանձրալի հոդվածին, այնպես էլ հնարամիտ արտահայտությունը կարող է ուժեղացնել արտաքին քաղաքականությունը։
Օրինակ, նախօրեին հայտարարել է, թե «Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք»։ Առաջին հայացքից հանճարեղ է ասված և կարող է ընթերցվող հրապարակման հրաշալի գլխագիր դառնալ։ Բայց արտաքին քաղաքականությունը, այդուհանդերձ, գրահրատարակչությունից էականորեն տարբերվող զբաղմունք է, և նման հանճարեղ արտահայտությունները կարող են շատ թանկ արժենալ։
Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը մեծագույն նվեր է մատուցել Ռուսաստանին, գուցե՝ անձամբ Պուտինին, ով այլևս Հայաստանի ու Արցախի նկատմամբ իր վարած ոչ դաշնակցային քաղաքականությունն արդարացնելիս կարող է հղում կատարել Նիկոլ Վավաևիչին՝ ասելով, որ Ադրբեջանի դեմ պատերազմում Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէր։
Ռուսաստանից, իհարկե, նման հայտարարություն չի հնչել (Պեսկովն ընդամենն ասել է, որ Փաշինյանի ասածը կընդունեն ի գիտություն), որովհետև անկախ ամեն ինչից, այդ երկիրն արտաքին քաղաքականության մեջ չի առաջնորդվում լրագրային շանսոնի մոտիվներով։ Բայց հասկանալի է, որ Փաշինյանի թերթային հայտարարությունը հետևանքներ է ունենալու, որոնք հետագայում արդարացվելու են մեկ այլ գեղեցիկ ձևակերպմամբ։
Հայաստանի խմբագրմամբ զբաղվող Նիկոլ Փաշինյանն իր գործունեությանը տվել է, իր կարծիքով, գտնված ձևակերպում՝ ի դեմս կադաստրային վկայականի մասին անհեթեթության։ Եվ քանի որ գլխավոր խմբագրի աշխատանքից հետո նրա մյուս թուլությունը հեղափոխություններն են, հիմա զբաղված է «կադաստրային հեղափոխությամբ»։
Իսկ դա չափազանց վտանգավոր է ու չարագուշակ։ Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության արդյունքում՝ Հայաստանը հայտնվել է գոյաբանական սպառնալիքների առաջ, իսկ արցախյան հարցը «միկրոհեղափոխություններով» լուծելու նրա քաղաքականությունը հանգեցրել է Արցախի փաստացի կորստին։ Սարսափելի է պատկերացնել, թե ի՞նչ աղետներ է խոստանում «կադաստրային հեղափոխությունը» Հայաստանին, որի խմբագրմամբ հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանը։
Հարություն Ավետիսյան