Բաժիններ՝

Ազատ Ղարիբյանի և Թերեզա Գրիգորյանի 100-ամյակների առթիվ համերգային երեկո կկազմակերպվի

ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ազատ Ղարիբյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանի 100-ամյակների առթիվ կկազմակերպվի համերգային երեկո։

Համերգը տեղի կունենա հունիսի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նույն ծրագրով համերգային երեկո կկազմակերպվի հունիսի 18-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Համերգային ծրագրերի ընթացքում ներկայացվելու են Ազատ Ղարիբյանի պարային բեմադրությունները:

Բալետի արտիստ, պարուսույց Ազատ Ղարիբյանը 1962 թվականին եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը: 1963-1983 թվականներին՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերը: 1959-ին նրա նախաձեռնությամբ Երևանի պարարվեստի ուսումնարանում բացվել է ժողովրդական պարի բաժին, որը ղեկավարել է երկար տարիներ՝ ստեղծելով հայկական պարի ուսուցման ծրագիր: 1986-ին ստեղծել է «Կռունկ» պարային համույթը, որի համար բեմադրել է լավագույն պարային համարները. Ա.Բաբաջանյանի երաժշտությամբ «Էլեգիա», Կոմիտասի «Մոկաց հարսներ», Խ. Ավետիսյանի «Հուշեր», Մ.Փրիդոնյանի «Հայոց աղջիկներ», ժողովրդական երաժշտությամբ «Հարսանիք», մեկ գործողությամբ «Քաջ Նազար» բալետը, Սայաթ-Նովայի երաժշտությամբ զուգապար, ազգագրական պարերի շարաններ: 1956-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980-ին՝ ժողովրդական արտիստի կոչման։

Բալետի արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանը եղել է Ազատ Ղարիբյանի կինը։ 1955 թվականին Երևանի պարարվեստի ուսումնարանում հիմնել է դերասանի վարպետություն առարկան: 1956-ին մասնակցել է Մոսկվայում կայացած հայ արվեստի տասնօրյակին, որտեղ կատարել է Գոհարի դերը Գ. Եղիազարյանի «Սևան» բալետում, Շամիրամի դերը՝ Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի ինտերմեդիայում և արժանացել է «Պատվո նշան» շքանշանի: 1972-1974 թվականներին եղել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի ղեկավարը:

1974-2004 թվականները ղեկավարել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը, 1980-ին՝ Երևանի թատերական ինստիտուտի բեմական շարժման ամբիոնը (1995-ից` դոցենտ): 1981-ին արժանացել է երկրորդ «Պատվո նշան» շքանշանին: 1986-ին Ազատ Ղարիբյանի հետ հիմնել է «Կռունկ» պարային անսամբլը, իսկ ամուսնու մահից հետո, շարունակել է ղեկավարել անսամբլը: 1963 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968-ին` ժողովրդական արտիստի կոչման:

Պարային գեղեցիկ զույգին նվիրված համերգները նախաձեռնել են «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս