Հետհաշվարկը սկսված է. ՔԿԾ տարածքն ավտոշուկայի վերածած պետի օրերը հաշված են

Աշխատանքի իմիտացիա, կամ՝ անունը կա, ամանում չկա

Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորությամբ նախարարությունում անցկացվել է 2023-2026թթ. ռազմավարության նպատակների և ուղղությունների վերաբերյալ քննարկում, որին Քրեակատարողական ծառայությունից (ՔԿԾ) մասնակցել են պետի տեղակալ Արտակ Առուստամյանը և շտաբի պետ Արտակ Սարգսյանը:

Լուրը չէր հայտնվի 168.am-ի ուշադրության կենտրոնում, եթե չլինեին մասնակիցների անունները: Հետաքրքիր է՝ որքանո՞վ են ՔԿԾ պետի տեղակալ Առուստամյանը, ով կարճ ժամանակով աշխատանքից ազատվեց, հետո վերանշանակվեց, սակայն ազատված լինելու ժամանակահատվածում կրկին աշխատում էր ՔԿԾ-ում, և Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյանի մորեղբոր որդին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում սկանդալի կենտրոնում հայտնված, ապա դրանից հետո ՔԿԾ շտաբի պետի պաշտոնում հայտնված Սարգսյանը կոմպետենտ այդ քննարկմանը մասնակցելու համար:

ՔԿԾ պետի տեղակալ Առուստամյանը, ով կուրացիա է անում բավականին լուրջ ոլորտներ, այդ թվում՝ անվտանգության և օպերատիվ բաժինները, ըստ ՔԿԾ 168.am-ի աղբյուրների, վերածվել է «մասկի-շոուի» մասնագետի. ասում են՝ տեսարաններ շատ է սիրում: Հետաքրքիր է՝ քանի՞ անգամ է Արտակ Առուստամյանը եղել քրեակատարողական հիմնարկներում, քանի՞ ժողով է անցկացրել իր ոլորտի ներկայացուցիչների հետ, ի՞նչ տեսլական է ներկայացրել առհասարակ և, ընդհանրապես, իրավիճակին տիրապետո՞ւմ է արդյոք, թե՞ նրանը միայն հեռախոս հայտնաբերելն է ու դրա մասին ամեն օր հայտարարելը: Իսկ հետաքրքիր է՝ Արտակ Առուստամյանը չգիտի՞ այդ հեռախոսների՝ ՔԿՀ-ներում հայտնվելու ճանապարհների մասին:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Սասուն Խաչատրյանի մորեղբոր որդու մասնակցությանը նշված քննարկմանը, ՔԿԾ-ում զարմացած են ոչ այնքան նրա ոչ կոմպետենտությունից, այլ այն հանգամանքից, որ դեռևս փակված չէ նրա վերաբերյալ քրեական գործը, սակայն նա լուրջ դեմքով քննարկումների է մասնակցում:

Նախարար-ՔԿԾ պետ ֆորմալ հարաբերություններ

Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի և արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հարաբերությունները զուտ ֆորմալ աշխատանքային են, հանդիպումները՝ հնարավորինս հասցված մինիմումի:

Նախարար Մինասյանը դժվար էլ հիշի՝ վերջին անգամ ե՞րբ է եղել քրեակատարողական հիմնարկներում, եթե չհաշվենք շուրջ երկու ամիս առաջ «Աբովյան» ՔԿՀ՝ կանանց գաղութ նրա գաղտնի այցելությունը, որն այդպես էլ չլուսաբանվեց: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Գրիգոր Մինասյանն այսօր արդեն խուսափում կամ վախենում ՔԿՀ-ներ այցելելուց: Թե՞ այնքան է վստահում Սերգեյ Ատոմյանին, որ կարիք չունի իր աչքերով տեսնել ու գնահատել իրավիճակը ՔԿՀ-ներում:

Քրեական ենթամշակույթ

2018թ.-ից իշխանության եկածների յուրաքանչյուր արդարադատության նախարար ու ՔԿԾ պետ իր պարտքն էր համարում առաջին հերթին բարձրագոչ հայտարարություն անել այն մասին, իբրև թե կատաղի պայքար է մղում քրեական ենթամշակույթի դեմ:

168.am-ը բազմիցս է գրել, թե քրեական ենթամշակույթի դեմ օրենք ընդունած երկրում այն ինչպես է ծաղկում, մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում: Պետք է նշել, որ իրավիճակը մնում է անփոփոխ: Քրեական ենթամշակույթի անխափան ծաղկունքը հովանավորվում է ՔԿԾ բարձրագույն ղեկավարության կողմից, և իրենք էլ շատ լավ գիտեն՝ ինչ իրավիճակ է այդ առումով: Ինչ-ինչ, բայց գոնե իրենք իրենց տեղաշարժերի ու հանդիպումների մասին բավականին լավ պատկերացում ունեն:

Հետաքրքիր է՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղյա՞կ է, որ, օրինակ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՔԿԾ ղեկավարության ամենաթողության կամ հովանավորության արդյունքում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներն իրենց բավականին լավ են զգում, փթթում են մոլեխաղերը, գումարների հավաքագրման պրակտիկան, կրկին կանաչ լույս է վառվել «գրեֆի» համար. հիմնարկ է մտնում անսահմանափակ քանակությամբ սնունդ, ծխախոտ, այլ ապրանքներ, որոնց տեղաբաշխումը կատարվում է «զոն նայողների» կողմից:

Համակարգային բարդակ

Քրեակատարողական ծառայությունում և առհասարակ համակարգում գլխավորը շոուի տարրն ապահովելն է: Այստեղ գլխավորն ամեն օր ՔԿԾ պաշտոնական կայքում մի բան հրապարակելն է՝ հայտնաբերվեց մեկ հեռախոս, թմրանյութի նմանվող զանգված, ներնետում, ՔԿ հիմնարկներ Սերգեյ Ատոմյանի այցելություններ, ի դեպ, ամեն անգամ՝ տարբեր համազգեստներով, որոնցից և ոչ մեկը քրեակատարողական ծառայողի համազգեստ չէ:

Բանը հասել է այնտեղ, որ ՔԿՀ-ներում արդեն համազգեստի թեման ծաղրի առարկա է դարձել: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Սերգեյ Ատոմյանի «Արմավիր» այցը հիմնարկում հումորի թեմա էր դարձել. կատակում էին, թե հիմնարկ դեսանտ է իջել:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ՔԿԾ պետը քրեակատարողական ծառայողի համազգեստ չի կրում. ամաչո՞ւմ է, թե՞ որպես պետ՝ ուզում է տարբերվել մյուս ծառայողներից, մինչդեռ համազգեստի կրման կարգի խախտումը պատասխանատվություն է ենթադրում: Իսկ ո՞վ է պատասխանատվության ենթարկելու շարքային ծառայողներին, եթե պետն ինքն է խախտում կարգը:

Թվում է՝ մանրուք է, բայց ուժային կառույցում, որպիսին ՔԿԾ-ն է, կարգապահությունը շատ մեծ նշանակություն ունի, ու ամեն ինչ հենց մանրուքներից է սկսվում: Այնպես որ, կապիտանից մի ոստյունով  գեներալ դառնալը դեռ չի նշանակում, որ Սերգեյ Ատոմյանին նաև պատշաճ զինվորական կեցվածք է շնորհվել, կամ ոլորտում հարգանք է ձեռք բերել:

Էրեբունու ավտոշուկան՝ ՔԿԾ բակում

Քրեակատարողական ծառայության ղեկավարությունը, սակայն, աշխատում է «խոպան եկածի» տրամաբանությամբ՝ ստանալ, ինչ հնարավոր է, որովհետև երբեք չես իմանա՝ վաղն ինչ կլինի. բա որ դեպորտ անե՞ն:

Թերևս, այդ տրամաբանությամբ էլ ՔԿԾ բակի տարածքի մի հատվածը դարձրել են, բառի բուն իմաստով, ավտոշուկա:

Մեր խիստ հավաստի տեղեկություններով՝ ՔԿԾ պետն ու նրա տեղակալները զբաղված են ավտոմեքենաների առքուվաճառքով, և ըստ էության Արշակունյաց 63 հասցեն վերածվել է ավտոշուկայի. վաճառվող մեքենաները հենց այնտեղ են կայանում. ինչ խոսք, ապահով է: Մնում է հասկանալ՝ ՔԿԾ ղեկավարության այդ գործունեությունն ու դրանից ստացվող շահույթի չափն արդյո՞ք կներառվի նրանց հայտարարագրերում: Ի դեպ, գնորդները բավականին հետաքրքիր դրվագներ են պատմում ՔԿԾ ղեկավարության բիզնես գործունեության մասին:

Սերգեյ Ատոմյանի պաշտոնանկության հարցը՝ կառավարության կուլիսներում

168.am-ն օրերս անդրադարձել էր իրավապահների կողմից ՔԿՀ-ներ կատարված ռեյդերին: Ակնհայտ է, որ նման մակարդակի անակնկալ այցերը պատահական չեն լինում: Մեզ ասացին՝ Սերգեյ Ատոմյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին: Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանի համար հավերժ «լյուբիմչիկներ» չեն լինում, և թերևս արդեն բացվել է դեռևս ամիսներ առաջ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կողմից նրա սեղանին դրված ու այդպես էլ երբեք չբացված ՔԿԾ վերաբերյալ ստուգումների փաթեթը:

Իսկ միգուցե Սերգեյ Ատոմյանի հեռացման հարցը, բացի քրեակատարողական համակարգի տոտալ ձախողումից, նաև միջգերատեսչական բախման արդյունք է, որովհետև տեղեկություններ կան, որ սրվել են Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և Սերգեյ Ատոմյանի հարաբերությունները, իսկ այդ պայքարում վերջինս անզոր է:

Տեսանյութեր

Լրահոս