
Ո՞վ և ինչո՞ւ «սարքեց» Սրբուհի Գալյանի ու Ծովինար Թադևոսյանի գլխին, ինչո՞ւ չլուսաբանվեց ՔԿԾ պետի «Նուբարաշեն» ՔԿՀ այցը. «Նուբարաշենի» ջարդի հետքերով

Ապրիլի 3-ին հայկական զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալներին։
Լուրն առաջինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով նշել էր, որ ահազանգ է ստացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել: Նա դեպքի մասին ահազանգել էր նաև Պաշտպանի գրասենյակ։
Բնականաբար, լրահոսում տեղ գտած տեղեկությունները հիմնականում նույնն էին, փոքր տարբերություններով, և ապրիլի 3-ին հաջորդող օրերին դեռ շարունակում էին տեղեկություններ հասնել, այդ թվում՝ տուժող դատապարտյալներն էին զանգահարում լրատվամիջոցներին, օգնություն խնդրում, փորձում իրեն տեսակետը ներկայացնել, որ միակողմանի չլինի, հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչների ուշադրությունը՝ ընդհուպ խնդրելով մամլո ասուլիսով ներկայացնել իրավիճակը, բայց քաջ գիտակցելով, որ Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) դա չի կազմակերպի։ Դեպքից ժամեր անց ՔԿԾ-ն հանդես եկավ պաշտոնական պարզաբանմամբ։
Պարզաբանման մեջ նշվում էր, որ «Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։
Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։
Հետևաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»:
Իսկ այժմ՝ հերթով և ըստ էության
Նախ ՔԿԾ համակարգում աշխատող բոլոր, այդ թվում՝ նախկին ծառայողները, գիտեն, որ ցմահ դատապարտյալները քրեական ենթամշակույթի հետ կապ չունեն, և նրանց վերագրել առնչություն քրեական ենթամշակույթի հետ, աբսուրդ է։ Հատկանշական է, որ թեև ընդունված է «Նուբարաշենի» 5-րդ հարկը համարել ցմահների հարկ, սակայն այնտեղ հիմա բազմաթիվ այլ հոդվածներով, տարբեր պատժաչափերով իրենց պատիժը կրող անձինք կան, այնպես որ, ցմահների վրա «կարել» քրեական ենթամշակույթի հոդված՝ նոնսենս է:
Բացի դրանից, նշում են, որ տևական ժամանակ հնչել են անհնազանդության կոչեր. այդ դեպքում պետք է հասկանալ՝ տևական ժամանակն ինչքա՞ն է. 168.am-ի տեղեկություններով՝ գրեթե մեկ շաբաթ իրավիճակը «Նուբարաշենում» հանդարտ չի եղել, իսկ օրենքով սահմանված կարգով ի՞նչ են արել այդ դեպքում հիմնարկի պետը, ամբողջ օրը վերասոցիալականացման դրդող ծառայողները։ Ըստ պարզաբանման՝ այրել են ներքնակներ, բայց պարզվում է, ոչ մի ներքնակ էր չկա այրված, ինչպես պնդում է ՔԿՀ մեր աղբյուրը։
Իսկ ինչպե՞ս հատուկ նշանակության բաժնի ծառայողները հայտնվեցին ՔԿՀ-ում։
Քրեակատարողական ծառայությունից պնդում են, որ ամեն ինչ արվել է օրենքով սահմանված կարգով, սակայն հասկանալու համար՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ, պետք է տեսնել՝ ի՞նչ է ասում օրենքը։
Գոյություն ունի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» նախարարի հրամանը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ հատուկ նշանակության բաժինը.
7) Ծառայության պետի հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է արագ արձագանքման աշխատանքները` քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու նպատակով։
Ապրիլի 3-ին ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը եղել է արձակուրդում, և պետի պարտականությունները կատարել է առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը։
Իսկ ի՞նչ է ասվում «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում. Այն, որ,
ՔԿԾ-ում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
Փաստ է, որ այս կետը հաստատ չի պահպանվել. հատուկ նշանակության բաժնի ծառայողները ներխուժել են խցեր և իրենց ասելով ՝օրենքի սահմաններում կիրառել ֆիզիկական ուժ։
Հետաքրքիր է, ի՞նչ կարող էին անել մի քանի դատապարտյալները՝ ամենաքիչը մահակներով զինված հատուկ նշանակության բաժնի ծառայողներին, ի՞նչ դիմադրություն կարող էին ցույց տալ։
Այնուհետև նույն հատուկ նշանակության բաժնի աշխատակիցները կատարել են խուզարկություններ, բայց այդպես էլ ՔԿԾ-ից չհրապարակեցին, թե ի՞նչ են հայտնաբերել տակնուվրա արված, ամբողջ գույքը վնասած խցերից։
«Հատուկ նշանակության բաժնի ծառայողները շատ դաժան էին, ոչ պրոֆեսիոնալ աշխատեցին, ահավոր փնթի աշխատելաոճ էր։ Հասկանում ենք, դատապարտյալ են, բայց հազար ուրիշ լուծում կար, բազմիցս եղել են դեպքեր, երբ անհրաժեշտություն է առաջացել որևէ մեկին տեղափոխել այլ հիմնարկ, կատարվել է հանգիստ, երբեմն էլ ուշ ժամի, բայց առանց որևէ խնդրի և նման ձևի։ Ուղղակի Սահակ Գրիգորյանը որոշել էր նման կերպ անել և արեց։ Այսօր Սահակ Գրիգորյանն է ծառայության պետը, հո Ծովինար Թադևոսյանը չէ՞. ոնց կասի, այնպես էլ կարվի»,- ասաց ՔԿՀ մեր աղբյուրը։
168.am–ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Սահակ Գրիգորյանը նեղ շրջապատում հայտնել է, որ դե յուրե ինքն է ծառայության պետը, ինքն է ամեն ինչ որոշում։ Ավելին, նա ամենուր է, զբաղվում է և՛ անվտանգությամբ, և՛ օպերատիվ ծառայությունն է ղեկավարում, ներքին անվտանգության բաժնում նշանակված ծառայողական քննությունների արդյունքներն ինքն է որոշում, զբաղվում է կադրային համալրմամբ, ինքն է որոշում՝ ով և որտեղ աշխատի, ակտիվ զբաղվում և վերահսկում է շինարարական ողջ աշխատանքները, տեղաբաշխման հանձնաժողովի նախագահն է, նույնիսկ սոցիալ-հոգեբանական, իրավական բաժնի գործառույթներն է վերահսկում:
Եվ եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե Ծովինար Թադևոսյանին է նշանակել ծառայության պետ, սխալվում է։ Ծովինար Թադևոսյանը սոսկ ապահովում է կապը նախարարի հետ, թղթեր ստորագրում և վերջ։ Նույնիսկ ՔԿՀ պետերը բոլոր հարցերով զանգում են Սահակ Գրիգորյանին։
Վերադառնանք «Նուբարաշենի» դեպքին։
Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ գնացել են նաև ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները և ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը։
Ապրիլի 11-ին բավականին հետաքրքիր փաստեր հրապարակեցին, որոնք շատ էին տարբերվում տարբեր ԶԼՄ հարցումների ժամանակ ՔԿԾ-ից հնչեցրած պարզաբանումներից` հրապարակելով նաև լուսանկարներ։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հրապարակեց ՀՐԱՏԱՊ հաշվետվություն «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության վերաբերյալ, որում ահասարսուռ մանրամասներ են նկարագրված:
«Խցում գտնվող ազատազրկված անձինք Խմբի անդամներին հայտնեցին, որ լսել են հարևան խցից ձայներ, որից հասկացել են, որ բռնություն է գործադրվում։ Փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում, և այդ պատճառով ձայն են տվել վարչակազմին, ինչպես նաև դռներին հարվածել (ոչ ուժեղ)։ Սակայն հատուկ ջոկատայինները՝ 10-ից ավելի անձ, ներս են խուժել խուց, իրենց պառկեցրել գետնին և ծեծի ենթարկել։ Արդյունքում, ազատազրկված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։
Ազատությունից զրկված անձինք պնդում են, որ խցում ոչինչ չեն այրել, դա կեղծ տեղեկատվություն է։
Խցում իրերի մեծ մասը ջարդված վիճակում էին, և, ըստ խցի բնակիչների, այդ ամենն իրականացվել է հատուկ ջոկատայինների կողմից։
Ծեծն այնքան դաժան է եղել, որ ընթացքում վարչակազմի աշխատակիցներից մեկն օգնել է իրենց, որպեսզի բռնությունը չշարունակվի, կանխելով և փակելով ազատազրկվածին իր մարմնով»,- մասնավորապես այսպես են նկարագրել դիտորդական խմբի անդամները 80-րդ խցում տիրող իրավիճակը:
Ավելին, հիմա փորձում են ամեն բան շուռ տալ դատապարտյալների դեմ: ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 454-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ»,- Քննչական կոմիտեից են տեղեկացնում:
Իսկ ՔԿԾ-ում նշանակվել է ծառայողական քննություն, որը, իհարկե, ոչինչ էլ չի պարզելու: Տուժած դատապարտյալներն իրենք էլ հույս չունեն, որ ինչ-որ բան կպարզվի քննության արդյունքում, լավագույն դեպքում, եթե աղմուկը չդադարի, մեկին կդարձնեն քավության նոխազ, և ամեն ինչ կավարտվի։
Իրականում մեր տեղեկություններով՝ դատապարտյալները բողոքում են անմարդկային պայմաններից, սննդի որակից, խցերի գերծանրաբեռնվածությունից, լողանալու հնարավորության պակասից։ Հետաքրքիր է՝ քանի՞ լոգարան կա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 5-րդ հարկում, իսկ քանի՞սը՝ խցերում։
Եվ քանի որ Ծառայության դե ֆակտո պետը Սահակ Գրիգորյանն է, հետաքրքիր է, կարո՞ղ է արդյոք արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հիշել, թե Գրիգորյանը ի՞նչ է զեկուցել իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դեպքից առաջ, ընթացքում և դեպքից հետո, երբ ամեն ինչ ավարտվել էր, և սկսեց աղմուկ բարձրանալ ԶԼՄ-ներում։ Հուսով ենք, կգտնի տարբերություններ, որովհետև, երբ նախարարը դեպքի օրը՝ երեկոյան, ներկայացնում էր միջադեպը, շատ վստահ պնդում էր, որ դատապարտյալների նկատմամբ բռնություն չի կիրառվել, իսկ այժմ հակառակ իրավիճակներ են ուրվագծվում, և վստահաբար Սրբուհի Գալյանը դա շատ լավ է հասկանում։ Հետաքրքիր է՝ հիմա՞ էլ է նույն կերպ վստահ Սրբուհի Գալյանն այն ամենում, ինչ ասում էր ապրիլի 3-ի երեկոյան:
Նախարարը պնդում էր՝ «Իսկ ո՞վ է ասում, որ բռնություն է կիրառվել», վստահ ասում, որ խցերի գույքն են այրել: Հույս ունենք, որ հիմա գոնե նախարարը հասկանում է՝ ով «սարքեց» իր գլխին, ով սխալ տեղեկություններ տվեց իրեն իր ամբիցիաները բավարարելու համար, իր էգոն կարևորելու համար, ով կազմակերպեց «Նուբարաշենի» ջարդը՝ դա ներկայացնելով՝ որպես վերջին հույսի անհրաժեշտություն: Իսկ դրա տակից դուրս պիտի գա նախարարը, երբեմն՝ ճիշտը չասելով կամ խաբելով, միգուցե ակամայից, չիմացությամբ: Ըստ էության ՔԿԾ-ի ասիչի՝ իր գործառույթների ծավալն առարկայական դարձնելու համար Սահակ Գրիգորյանի եփած ապուրի հետևանքները պետք է հարթի նախարար Գալյանը: Մարդն ուզում էր բոլորին հասկացնել՝ ՔԿԾ գլխավոր որոշող «դեմքն» ինքն է, բա էլ ո՞նց հասկացներ: Ու այս մասին Ծառայությունում ու ՔԿ հիմնարկներում բոլորը գիտեն:
ՔԿԾ մեր աղբյուրը նաև նշեց, որ հատուկ նշանակության բաժնի պետի՝ Արայիկ Ավետիսյանի նշանակման համար Սահակ Գրիգորյանին նաև իր հարազատներից մեկն է խնդրել, և, բնականաբար, բաժնի պետը պատրաստ է իրագործել Սահակ Գրիգորյանի ցանկացած ցուցում։
Դեպքի վերաբերյալ զեկույց կներկայացնի նաև Մարդու իրավունքների պաշտպանը, որը, հույս ունենք, էականորեն կտարբերվի ՔԿԾ պարզաբանումից։
Ի դեպ, ապրիլի 11-ին ՔԿԾ կայքում հրապարակեցին, որ Ծովինար Թադևոսյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Օրեր առաջ էլ երկու տեղակալի հետ այցելել էր «Նուբարաշեն», շրջայց կատարել և հանդիպել դատապարտյալների հետ։ Հավանաբար փորձել են մեղմել իրավիճակը, ինչ-որ բաներ խոստացել։ Ուղղակի այցը չլուսաբանվեց՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար, կամ միգուցե Ծովինար Թադևոսյանն անձամբ էր ուզում լսել դեպքի մասին, որ գուցե հետո համեմատեր Սահակ Գրիգորյանի՝ իրեն զեկուցածի հետ։