Ամոթի հեղափոխություն
Հատկապես Հայաստանից դուրս Նիկոլ Փաշինյանի ցանկացած հրապարակային ներկայացում հասարակության առողջ հատվածի մոտ, ի թիվս քաղաքական տագնապների, անվտանգային մտահոգությունների, հուսահատության ու աղետի սպասման, առաջացնում է նաև ԱՄՈԹԻ ԶԳԱՑՈՒՄ։ Ամոթ, որ այդպիսի որակներով անձը ներկայացնում է պետությունը, որի քաղաքացիներն ենք բոլորս՝ անկախ նրա նկատմամբ վերաբերմունքից։ Ընդ որում, խոսքը ոչ միայն, իսկ իրականում ոչ այնքան՝ նրա լեզվական ունակությունների կամ դրանց բացակայության մասին է։
Նորմալ է, երբ մարդը վարժ չի տիրապետում իր մայրենին չհանդիսացող լեզվին, թեև նորմալ չէ, որ չտիրապետողը դա չի կարողանում շտկել, օրինակ, հինգ տարիների ընթացքում։ Շատ ավելի սարսափելի է արտերկրյա միջոցառումներին Նիկոլ Փաշինյանի հայտնությունների բովանդակային պատկերը․ նվաղած, խեղճացած, անկարող, մակերեսային և գեղջկական խորամանկության անհաջող փորձերով իրավիճակը փրկել չկարողացող․․․ անարժանապատվության շքահանդես՝ ամենաբարձր մակարդակով։
Ընդ որում, այդ պատկերն ավելի նողկալի է դառնում, երբ հիշում ենք, թե թշնամու առջև նվաղող այդ նույն անձն ինչպես է առյուծ կտրում սեփական երկրում, իր ազգակից ընդդիմախոսների հետ ու նրանց մասին խոսելիս, ինչպես է տասնյակ թիկնապահներով ուժի ցուցադրություն կազմակերպում սեփական մայրաքաղաքում՝ այդ ընթացքում նաև սպանելով անմեղ անցորդի։
Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի որևէ օտարերկրյա այցելություն նորմալ մարդու առողջության համար անվտանգ կարող է լինել միայն այն դեպքում, երբ այդ մարդը չի հետևում կադրերին ու չի լսում նրա ելույթները։ Բայց նորմալ մարդկանց դեպքում դա անհնար է, որովհետև նորմալությունը պահանջում է հետևել, թե այս կամ այն մայրաքաղաքում խղճահարություն մուրողն ինչ արկածախնդիր որոշում կարող է կայացնել կամ պարտադրվող ինչ որոշման կարող է համաձայնել, որն ազդելու է պետության գոյաբանական վիճակի վրա։ Հետևաբար՝ հայ հասարակության առողջ հատվածն այլընտրանք չունի, քան ապրել ամոթի, խայտառակության տհաճ զգացումներ՝ սպասելով մինչև նվաստացման հաջորդ արարը։
Ամոթը՝ որպես մարդկային հոգեբանության բաղկացուցիչ, կարևորագույն դեր ունի՝ ինչպես անհատների, այնպես էլ՝ հանրույթների կյանքում։ Լայն իմաստով, նաև ամոթն է մարդուն անասունից տարբերող հատկանիշներից մեկը։ Առանց ամոթի մարդը քիչ է տարբերվում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից, եթե ընդհանրապես տարբերվում է։ Հետևաբար՝ ամոթին պետք է վերաբերվել լրջորեն՝ որպես անհատական ու խմբային վարքագծի կարևոր կողմնորոշիչ։
Աղայանի բացատրական բառարանում, օրինակ, «ամոթը» ներկայացվում է հետևյալ մեկնաբանություններով՝
Ամոթ- 1. Իր ոչ բարեբարո արարքից անհարմար զգալու կամ զղջալու ներքին խռովություն, հուզում։
2. Անպատվության՝ ստորացման զգացում, ամոթանք։
3. Պատշաճության՝ ողջախոհության ընդունված կանոններին հակասող արարքի կամ վիճակի զգացում։
4. Անպատվություն, խայտառակություն։
5. Ամոթխածություն։
6. Ամաչելու, ամոթանք զգալու արտահայտություն։
Ըստ Աճառյանի բառարանի՝ ամոթը ներկայանում է՝
1. Հոգեկան անհաճո զգացում, որ ունենում են որևէ վատ արարքի պատճառով։
2. Ամաչելու, պատկառելու զգացում, անհարմարության զգացում։
3. Անպատվություն, խայտառակություն։
Սրանք ամոթի՝ որպես անհատական զգացման, բացատրություններ են։ Բայց կա ամոթի մեկ այլ տեսակ, որի դեպքում մարդն ամաչում է ոչ թե իր, այլ ուրիշի արարքներից։ Դա այն է, ինչ տեսության մեջ կոչվում է «իսպանական ամոթ» կամ «կողմնակի ամոթ»։ Նիկոլ Փաշինյանի պատճառով, ահա, հայ հասարակությունը խիստ որոշակի պարբերականությամբ ապրում է իսպանական ամոթ, նվաստացում, անարժանապատվություն, և այդպես շարունակ։
Ամոթի որևէ տեսակ, սակայն, գործառնական նշանակություն կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ այն ազդում է այդ զգացումն ապրողի վարքագծի, գործողությունների փոփոխության վրա։ Պատահական չէ, որ Աղայանի բառարանում ամոթի առաջին նկարագրությունը կապվում է ներքին խռովության հետ, իսկ խռովությունը ոչ թե պլատոնական վիճակ է, այլ ապրում, որը մարդուն դրդում է գործողության՝ ներքին խռովությունն արտաքին քայլերի վերածելու տարբեր դրսևորումներով։ Հակառակ պարագայում՝ միայն որպես հուզական ապրում, ամոթը՝ անկախ տեսակից, լավագույն դեպքում կարող է խորացնել ընկճվածությունը, հուսահատությունը, անօգնականությունը, ոչ ավելին։
Հիմա, ըստ էության, մեր հասարակության նորմալ հատվածը գտնվում է հենց այդ իրավիճակում՝ ամեն անգամ ամոթ, խայտառակություն է ապրում Նիկոլ Փաշինյանի պատճառով ու նրա փոխարեն, և շարունակում է խորասուզվել դրա արդյունքում առաջացած հուսահատության, ընկճախտի մեջ։ Այսինքն՝ այս ձևով մեր ապրած ամոթը դիսֆունկցիոնալ է, և որքան էլ տհաճ է՝ ծառայում է հենց իշխանությանը, անձամբ Նիկոլ Փաշինյանին, ով ամեն անգամ խայտառակելով պետությունը՝ ստանում է էլ ավելի ընկճված ու հուսահատված ու իր գործողություններին գլխահակ հետևող հասարակություն։
Այս իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ հասարակությունն իր ապրած ամոթը դիսֆունկցիոնալից, ջլատողից վերածի գործառնական զգացումի՝ խայտառակություն ապրելու ներքին խռովությունը վերափոխելով գործողությունների՝ ուղղված ամոթ սկզբնաղբյուրի վերացմանը։
Հիմա շատ մոդայիկ է խոսել ընդդիմադիր դաշտում գաղափարների, ծրագրերի, այլընտրանքների բացակայության մասին։ Այդ խոսակցությունները, իհարկե, հեռու չեն իրականությունից, հիմնականում ճշմարիտ են և գալիս հանգում են այն թեզին, որ հասարակությունն անտարբեր է հենց այդ պատճառով։ Այս պայմաններում ամոթի զգացումը, ամոթի սկզբնապատճառի վերացումը կարող է դառնալ քաղաքականությունից խուսափող, քաղաքականությունից հիասթափված, բայց առողջ, համարժեք անհատների ու խմբերի միավորման հիմքը, որը՝ անգամ քաղաքական ձևակերպում չստանալու դեպքում, կարող է հանգեցնել քաղաքական արդյունքի։ Որովհետև եթե քաղաքական միավորների նպատակն իշխանության փոփոխությունն է՝ իշխանության գալու համար, ապա խայտառակված ու ամաչող մարդկանց մղումն ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ Է, որը վերքաղաքական, մարդկային ցանկություն է՝ դրա բավարարման քաղաքական անհրաժեշտությամբ։
Իսկ դա նշանակում է, որ քաղաքական, ծրագրային, գաղափարական ճգնաժամ ապրող Հայաստանում կարող է սկսվել շարժում, որը պայմանականորեն կկոչվի «Ամոթի հեղափոխություն» կամ «Արժանապատվության հեղափոխություն» և կմիավորի բոլոր այն մարդկանց, ովքեր՝ անկախ քաղաքական նախընտրություններից, անկախ ընդհանրապես քաղաքականության նկատմամբ վերաբերմունքից՝ ուղղակի ամաչում են։ Ամաչում են, որովհետև մարդ են։
Հարություն Ավետիսյան