«Ցանկացած լուծում հնարավոր է միայն ռազմական ճանապարհով. դիվանագիտական հարթությունում որևէ լուծում հնարավոր չէ». Արմեն Պետրոսյան

Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Փաշինյան-Ալիև բանավեճին հաջորդած Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպումն ավարտվել է երեկ ուշ գիշեր՝ առանց որևէ հայտարարության:

Նիկոլ Փաշինյանի գրասենյակը տեղեկացրել է՝ երեք երկրների առաջնորդները քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր և  պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ ռուսական հարթակում բանակցություններն այս պահին ավելի արհեստական բնույթ էին կրում:

«ՌԴ-ն ակտիվացավ, երբ ակնհայտ էր, որ այդ ուղղությամբ ահռելի ջանքեր է ներդնում Արևմուտքը, այսինքն՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում ծրագրվում էին հանդիպումներ արևմտյան երեք տարբեր հարթակներում, որոնցից մեկը դեռևս առջևում է:

Կարդացեք նաև

Այս աշխարհաքաղաքական մրցակցության պարագայում, բնականաբար, ՌԴ-ն չէր կարող անմասն մնալ, և դրա համար նախաձեռնեցին նախ՝ արտգործնախարարների միջև հանդիպումներ, հետո նաև՝ երկրների ղեկավարների: Իսկ այս պարագայում, բնականաբար, բանակցություններից լուրջ արդյունք ակնկալելը սխալ կլիներ»,- մանրամասնեց Արմեն Պետրոսյանը՝ նկատելով, որ հանդիպումն ամփոփող եզրափակիչ հայտարարության բացակայությունը ևս ցուցիչ էր այն բանի, որ սա «ընդամենը հանդիպում էր՝ հանդիպման համար»:

Փորձագետն այս դրվագում առավել կարևորեց Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ ԲԽ նիստին, ինչպես նաև՝ այդ շրջանակներում Ալիևի հնչեցրած ուղերձները:

Արձագանքելով հարցադրմանը, թե ինչո՞ւ էին քննարկված հարցեր սահմանափակվում տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող թեմաներով, նա նկատեց. «Ռուսական հարթակում այս պահին ամենանվազ խնդրահարույց հարցը, որը ՌԴ-ն կարող է առաջ մղել, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումն է:  Արցախի հետ կապված խնդիր չի բերում օրակարգ, որովհետև ՌԴ-ն չի կարողանում Արցախում իր պարտավորությունները կատարել. Լաչինի միջանցքում ստեղծված վիճակը՝ դրա վառ օրինակ, սահմանների հետ կապված խնդիրը դարձյալ չի բերում օրակարգ, որովհետև կա ՀԱՊԿ-ից հայկական կողմի պահանջը, թե ինչու կոնկրետ գործողություն չի իրականացվում, որ Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքում իր զբաղեցրած դիրքերից դուրս գա: Հետևաբար, որպեսզի  իր համար այս պահին բարդ ժամանակներում բարդ վիճակից դուրս գա, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցն է բերում քննարկումների, որը նաև իր համար է ձեռնտու, որովհետև արևմտյան բազմաթիվ պատժամիջոցները մեղմելու համար նոր ենթակառուցվածքները կարևորություն են ներկայացնում ՌԴ-ի համար:

Սա  է պատճառը, որ Մոսկվայում տեղի ունեցան նման բնույթի բանակցություններ և արձանագրվեց նման արդյունք՝ մեծ հաշվով, արդյունքի բացակայություն:

Տարածաշրջանային հարցերով փորձագետն իրատեսական չի համարում աշխարհաքաղաքական տարբեր միջնորդների կողմից հնչող հավաստիացումները, թե կողմերը մոտ են խնդրի կարգավորմանը:

«Նման գործընթացներում ներգրավված յուրաքանչյուր դերակատար ունի իր խոսույթը, գործողությունների շրջանակը և իր հիմնական դիրքավորման հետ կապված ակնկալիքները:

Եթե այս տրամաբանության մեջ ենք նայում, ապա միջնորդները կազմակերպում են բանակցություններ և պետք է թեկուզ ահեստական, դիվանագիտական հերթապահ տեքստերով ցույց տան, որ ինչ-որ առաջընթաց արձանագրվում է բանակցությունների ընթացքում՝ մանավանդ այն պայմաններում, երբ տեսնում ենք, որ  լուրջ մրցակցություն կա միջնորդական ձևաչափերի,- պարզաբանեց նա՝ նկատելով, որ վերջին բանակցությունների ամենամեծ ձեռքբերումը, թերևս, փոխվաչապետների հանդիպման մասին պայմանավորվածությունն է,- Բայց ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պայմաններում խաղաղ եղանակով Ադրբեջան-Հայաստան հակամարտության շրջանակներում եղած որևէ խնդրի կարգավորում իրատեսական չէ. ցանկացած լուծում հնարավոր է միայն ռազմական ճանապարհով: Դիվանագիտական հարթությունում որևէ լուծում հնարավոր չէ»:

Տեսանյութեր

Լրահոս