«Շատ հետաքրքիր է իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այդ պրոյեկտին, առաջին անգամ եմ լսում»․ Փաշինյան-Ալիև թեժ երկխոսություն ԵԱՏՄ նիստին

Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը վերածվեց Փաշինյան-Ալիև բանավեճի՝ Զանգեզուրի միջանցք ձևակերպման պատճառով։ Ինչպես ավելի վաղ 168amգրել էր, հյուրի կարգավիճակով ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Իլհամ Ալիևն իր ելույթում խոսեց, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք պրոյեկտից՝ բառացիորեն ասելով հետևյալը․

«Ադրբեջանը նախաձեռնել է նաև Զանգեզուրի միջանցքի ձևավորում, որը ոչ միայն կկապի երկրի հիմնական մասը Նախիջևանի հետ, այլև կդառնա միջազգային երթուղիների մաս»։

Այս ելույթից հետո Նիկոլ Փաշինյանն արձագանքի հնարավորություն խնդրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ ասելով, որ այն ձևակերպումը, որն Ադրբեջանի նախագահն օգտագործեց, վերջին տարիներին ծառայում է Հայաստանի դեմ տարածքային նկրտումների համար։

«Ցանկանում եմ ասել, որ դա օգտագործվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրագործման շրջանակում, ցանկանում եմ ընդգծել, որ այդ հայտարարությունում խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է լիներ ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, սակայն, ցավոք, ապօրինաբար արգելափակված է Ադրբեջանի կողմից։

Մյուս կողմից՝ ցանկանում եմ հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով, որ ՀՀ-ն պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների բացմանն այն երկրների ինքնիշխանության ու իրավասության շրջանակում, որոնցով դրանք անցնում են։

Իր հերթին՝ Ալիևն ասաց, որ իրենք տարածքային նկրտումներ Հայաստանի հարցում չունեն։

«Ինչ վերաբերում է միջանցք բառին, որը ես օգտագործեցի, նույնը ես օգտագործեցի Հյուսիս-Հարավ միջանցքի վերաբերյալ, նույնկերպ՝ Արևելք-Արևմուտք միջանցքի վերաբերյալ։ Միջանցք անվանումը որևէ կերպ չի ենթադրում ինչ որ մեկի տարածքի նկատմամբ ոտնձգություն։ Դա միջազգային տերմին է, և ես կարծում եմ, որ մարդիկ, ովքեր ծանոթ են միջազգային տերմինաբանությանը, երևի թե չէին տա դրան այն նշանակությունը, ինչ ՀՀ վարչապետը»,- ասաց Ալիևը։

Փաշինյանը սրան ևս արձագանքեց գրեթե նույն թեզերով, որ կա միայն մեկ միջանցք ձևակերպում նոյեմբերի 9-ի փաստաթղթում, դա Լաչինի միջանցքն է, որը ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում ապօրինաբար արգելափակվել է։ Նա խոսեց նաև ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման մասին։

Իլհամ Ալիևն էլ ավելի ուշագրավ շեշտադրումներով շարունակեց՝ կրկնելով Զանգեզուրի միջանցք ձևակերպումն ու ասելով, որ այդ պրոյեկտն ունի ՌԴ աջակցությունը։ Նա նշեց, որ եթե ուշադիր լսեն իր ելույթը, ինքն ասել է, որ Ադրբեջանը նախաձեռնել է Զանգեզուրի միջանցքը։ «Մեր իրավունքն է նախաձեռնել՝ ինչ հնարավոր է, այն, ինչ համարում ենք ճիշտ, լեգիտիմ, ողջամիտ և ինչը, ի դեպ, ունի ՌԴ աջակցությունը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը ներգրավված այլ կողմերի աջակցությունը»,- ասաց Ալիևը։

«Շատ հետաքրքիր է, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ներողություն, շատ հետաքրքիր է իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն պրոյեկտին, որից Դուք խոսում էիք։ Անկեղծ ասած, ես այդ մասին առաջին անգամ եմ լսում։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է ռեգիոնալ բոլոր տնտեսական ու տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը»,- այսպես պատասխանեց Փաշինյանն Ալիևի վերջին ռեպլիկին։ Նա նաև խոսեց ԼՂ-ում միջազգային առաքելության անհրաժեշտության մասին։

Բանավեճի մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս