Հայաստանն ինքն է կայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ քաղաքական որոշում․ Ֆելգենգաուեր
ՀՀ իշխանությունները հրաժարվեցին ՀԱՊԿ-ի հերթական միջոցառմանը հավուր պատշաճի մասնակցությունից։ Այսօր պարզ դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Բելառուս մասնակցելու ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի այսօրվա նիստին, Սուրեն Պապիկյանի փոխարեն՝ նիստին մասնակցում է կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
Նիստի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է ՀԱՊԿ օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին: «Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավորն Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։ Ընդ որում, հատուկ կցանկանայի նշել ՀԱՊԿ շրջանակներում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը»,- ասել է Շոյգուն։
Ի դեպ, մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեռ որոշում չունի ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ։
Այս զորավարժություններն ի սկզբանե պետք է անցկացվեին ՀՀ-ում, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի ՊՆ-ն ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է, ուստի զորավարժությունները տեղափոխվեցին Ղրղըզստան։ Հայաստանն այս տարի հրաժարվել էր նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Հայաստանը նաև ըստ էության նախորդ տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո հրաժարվեց ՀՀ տարածքում ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու ՀԱՊԿ առաջարկից, այն պատճառաբանելով ՀԱՊԿ-ի կողմից Ադրբեջանի հարձակմանը չտրված քաղաքական, հասցեական գնահատականի բացակայությամբ։ Թեև ՀԱՊԿ դիտորդների տեղակայման որոշման նախագիծն ամբողջությամբ համաձայնեցվել էր ՀԱՊԿ ԱԳ նախարարների մակարդակով։
Մայիսի 22-ի աղմկահարույց ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել։
«Ինչո՞ւ է այդ հարցը բարձրացվել, որովհետև մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել կամ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն՝ եթե Հայաստանի Հանրապետությունը դե-յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա նրա արդյունքում, որ Հայաստանի Հանրապետությունը կարձանագրի, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից»,- ասել էր Փաշինյանը։ «Դե, եթե դուրս է եկել, էլ ի՞նչ անենք։ Այսինքն՝ եթե արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել»,- նշել էր նա։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան իր հերթին անդրադարձել էր այս մեկնաբանություններին՝ նշելով, որ եթե դա խոսելու ձև է, որով առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս հանելու գաղափարը, ապա հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը: Իսկ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առաջին անգամ նշեց, թե ՀԱՊԿ-ը քանի դիտորդ է պատրաստ ուղարկել Հայաստան։ Նրա պնդմամբ՝ խոսքը մշտադիտարկման առաքելություն իրականացնող 30 դիտորդի մասին է։ ՀԱՊԿ-ից սա դեռ ոչ հաստատել են, ոչ հերքել։
Ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում ասաց, որ զարմացած չէ այն փաստից, որ ՀՀ ՊՆ ղեկավարը չի մասնակցում ՀԱՊԿ նախարարների հավաքին, քանի որ Հայաստանը, կես տարուց ավելի է, ինչ մերժում է ՀԱՊԿ-ի բառացիորեն բոլոր նախաձեռնությունները, չի մասնակցում ՀԱՊԿ գործունեությանը, թեև այն իրականում լուրջ բնույթ չի կրում՝ հատկապես այս փուլում։ Ըստ նրա, Հայաստանը կայացրել է իր՝ ՀԱՊԿ-ը լքելու մասին որոշումը։
«Իսկ իրական պատճառը ոչ թե ՀԱՊԿ պարտավորություններն են, քաղաքական գնահատականը, դիտորդների անարդյունավետությունը, այլ այն, որ առանց ՀԱՊԿ-ը լքելու՝ Հայաստանը չի կարողանա էլ ավելի սերտ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ և գնալ արևմտյան ինտեգրացիայի ճանապարհով։
Ըստ էության ՀԱՊԿ-ը լքելն Արևմուտքի կողմից պայման է՝ հատկապես պատերազմի ֆոնին։ Բնական է նաև, որ Արևմուտքի կողմից զենքի վաճառքի թեման երևի թե փակ է Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության պատճառով։ Աշխարհաքաղաքական նման ծանր առճակատման փուլում հարցերը շատ ավելի սուր են դրվում, համատեղել այս աշխարհում հնարավոր չէ, և կարծես Հայաստանը կայացրել է իր որոշումը, պարզապես այդ որոշման ողջ պատասխանատվությունը փորձում է գցել միմիայն ՀԱՊԿ-ի վրա, կա նաև որոշակի զգուշավորություն, այդ պատճառով որոշման մասին պաշտոնապես հայտարարություններ չկան, քանի որ Հարավային Կովկասում բազմաթիվ աշխարհաքաղաքական փոփոխություններ կան, Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է, Արևմուտքինը՝ ուժեղացել, սակայն դեռ չի ձևավորվել աշխարհաքաղաքական նոր ստատուս-քվո։ Եվ սա է պատճառը, որ գործընթացները դանդաղ են ու ոչ այնքան հստակ։ Սակայն Հայաստանն արդեն ՀԱՊԿ-ից դուրս կարգավիճակում է, գուցե դա փոխվի ինչ-որ աշխարհաքաղաքական այլ շարժերի հետևանքով»,- ասաց Ֆելգենգաուերը։