Ի՞նչ էր անոնսում Դանիել Իոաննիսյանը, և ո՞ւմ գրպանն են ուզում գցել անոնսի սցենարն ու դրա իրականացումը

Արդեն 5-րդ օրն է՝ ազատությունից զրկված է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ով մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին «առևանգելու» մեջ:

Այս քրեական վարույթի մանրամասներին, ինչպես նաև Գայանե Հակոբյանի կալանավորման առանձնահատկություններին այս հրապարակման մեջ չենք անդրադառնա. առավել կարևոր է մերձիշխանական շրջանակների կողմից ձևավորված այն ինֆորմացիոն շղարշը, որով փորձում են չեզոքացնել այս վարույթի շուրջ եղած հանրային տրամադրությունները:

Եվ խոսքը միայն զոհված զինծառայողների ծնողներին ֆեյքային հարձակումների ենթարկելու մասին չէ. այլ, առավել վտանգավոր մեսիջներ են հասցվում հասարակությանն առանձին գործիչների կողմից:

Օրեր առաջ 1in.am կայքի յութուբյան ալիքի հյուրը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր: Հաղորդման հենց ամենասկզբից վերջինս հայտարարեց, թե դեպքն առերևույթ հանցակազմ պարունակող է, ակնհայտ է:

Կարդացեք նաև

Սահմանադրական բարեփոխումներ անող Դանիել Իոաննիսյանի համար, իհարկե, առանց որևէ ապացույցի, միայն Աշոտ Փաշինյանի ցուցմունքի առկայության պայմաններում իրավական եզրահանգման գալը թերևս դժվարություն չի ներկայացնում իրենից, բայց, այնուամենայնիվ, իրավաբանության բոլոր ուղղությունների, այդ թվում, փաստորեն, «քրեական իրավունքի գիտակին» համարձակվենք հարցնել՝ հատկապես ինչի՞ց, ո՞ր հատվածից, միայն իրեն հայտնի այդ ի՞նչ դրվագից կամ տեսանյութից է ակնհայտ, որ դեպքն առերևույթ հանցակազմ պարունակող է, երբ բոլորս տեսել ենք մեկ ինքնակամ Գայանե Հակոբյանի ավտոմեքենան նստող, մեկ էլ իրեն որոշ ժամանակ անց այդտեղից դուրս նետող Աշոտ Փաշինյան:

Բայց սա, իմիջիայլոց, թեպետ պարզ էր, որ ամենասկզբից նման հայտարարություն անելով՝ Դանիել Իոաննիսյանը նպատակ ուներ արդեն իսկ Գայանե Հակոբյանին հանցագործի քողի ներքո ներկայացնել:

«Ինձ համար մտահոգիչ է քաղաքական շրջանակների արձագանքը… Քաղաքական հանրույթի նեղ շրջանակներ փորձում են արդարացնել այդ դեպքը, այդ դեպքին ինչ-որ ուրիշ երանգներ տալ: Տպավորություն է ստեղծվում, որ մինչ այդ դեպքը փորձել են դրդել նման արարքի… Ու այստեղ հարց է առաջանում՝ ինչպես է Հայաստանում ընդդիմությունը պատկերացնում ընդդիմադիր գործունեությունը»,- Գայանե Հակոբյանի արարքն ընդդիմության հետ շաղկապեց Դանիել Իոաննիսյանը, և ինչպես հարցազրույցի ավարտը ցույց տվեց, կոնկրետ նպատակով. այսինքն՝ նախերգանքը պետք էր այլ նպատակի համար:

Դրան դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ Դանիել Իոաննիսյանը, հիշելով իր ընդդիմադիր կուսակցության՝ «Ժառանգության» անդամ լինելը, հայտարարեց, որ երբե՜ք իրենց մտքով չի անցել ինչ-որ մեկին առևանգելը, ինչ-որ մեկի ընտանիքի անդամին դիպչելը:

Դանիել Իոաննիսյանը, բնականաբար, մոռանում է, որ 2007-2013թթ., երբ ինքը ընդդիմադիր կուսակցության անդամ է եղել, երկրի որևէ ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար չի դարձել հազարավոր երիտասարդների սպանդի պատճառ: Երկրի որևէ ղեկավարի օրոք իրենց երեխաների վերջին հանգրվանից՝ Եռաբլուրի սրբավայրից, ոչ մի կարմիրբերետավոր մայրերին քարշ չի տվել ասֆալտներով՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոչ մի ղեկավարի օրոք նահատակված զինվորների մարմինները պարկերով դիահերձարանի հատակին նետված չեն եղել, ոչ մի ղեկավարի ժամանակ մայրն իր որդուն երկու անգամ չի հուղարկավորել՝ մի անգամ՝ մասունքը, պատերազմի ավարտից 2.5 տարի անց՝ ամբողջական մարմինը, որն ամբողջական գտնվել է Մեծամորի դիահերձարանում, իսկ ծնողը տեղյակ չի եղել:

Չի՞ գիտակցում սա Դանիել Իոաննիսյանը, իհարկե գիտակցում է, բայց անհամեմատելի իրողությունները համեմատում է միմյանց հետ, որովհետև այդպես է պետք Նիկոլ Փաշինյանին, որովհետև հիմա պետք է մաքրել նրան ու «Աշոտ Փաշինյան» օպերացիան օգտագործել նպատակային կերպով:

Ի դեպ, Դանիել Իոաննիսյանը համառորեն զոհերի 4000 թվի մասին էր խոսում, թեպետ մինչ օրս պաշտոնական տվյալներ հրապարակված չեն, հանրությանը հայտնի է այլ թիվ, իսկ իր պաշտպանության ներքո գտնվող Փաշինյանը զոհերի թվի մասին խոսում էր +-50 միջակայքով:

Հետաքրքիր է, որ որպես ընդդիմադիր շրջանակներից ադեկվատ արձագանքի օրինակ դեպքին՝ Դանիել Իոաննիսյանը մատնանշում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, որը վերջին շրջանում հայտնի է դարձել իշխանահաճո իր ելույթներով:

«Սկսում են համատարած տարածել տեսանյութը, որտեղ ոչինչ չի երևում՝ ոչ ավտոյի մեջ նստեցնելն է երևում, ոչ երևում է ավտոյի մեջ ինչ է եղել, ոչ մի բան չի երևում, ու ասում են՝ սա հիմնավորում է, որ առևանգում չի եղել»,- ուղիղ 3 րոպե առաջ իր ասածին հակասեց նա:

Հարց է առաջանում՝ բա որ ոչ մի ապացույց չկա, Դանիել Իոաննիսյանն ինչպե՞ս էր պնդում, որ դեպքն առերևույթ հանցակազմ պարունակող է…

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամին առևանգեր, ու հետոոոո՜ մենք էլ նստած քննարկեինք՝ կալանավորումն իրավաչա՞փ է, թե՞ իրավաչափ չի, կարող էին խափանման այլ միջոց ընտրել: Երբ խոսում ենք տղայականի մասին, տղայականն էն ժամանակ էր, երբ մեկը Սերժ Սարգսյանի տան անդամին թարս բան էր ասում, հաջորդ օրը հայտնվում էր վիդեո՝ ոնց է ինքը շենքի կրիշի եզրին նստած՝ ներողություն խնդրում»,- միայն իրեն հայտնի երևակայական տեսանյութերի-պատմությունների մասին հայտարարություններ արեց Դանիել Իոաննիսյանը:

Վերջինիս կրկին հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը չէր ասել՝ «եթե հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկն ընդունեի, ինձ կասեին՝ դավաճան», Սերժ Սարգսյանը չէր ասել՝ «եթե պատերազմ չլիներ, նույն վիճակը կլիներ, միայն առանց զոհերի», Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, Սերժ Սարգսյանը չի ասել, որ Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքի մեջ ենթադրվում են նաև հայկական գյուղերը, որոնք Նիկոլ Փաշինյանն անկլավ է անվանում:

Եվ այո՛, Սերժ Սարգսյանի տան անդամին առևանգել որևէ մեկի մտքով չէր անցնում, որովհետև ոչ դրա առիթը կար, ոչ պատճառը:

Հետո Դանիել Իոաննիսյանն անցավ Աշոտ Փաշինյանի հերոսացմանը, ինչպես այսօր նրա հայրը: Ասաց, որ նա ամենադաժան վայրերում է մարտնչել, որ իրենից քիչ այն կողմ գտնվող զինվորը զոհվել է, կարող էր ինքն էլ զոհված լինել: Հայրն էլ այսօր որդուն հերոս հայտարարեց, կնոջն էլ՝ հերոսածին:

44-օրյա պատերազմի օրերից միայն այս լուսանկարը բավական է՝ պատկերացնելու համար, թե պատերազմի օրերին ինչ «հերոսություններ» են արել Աշոտիկը և նրա մայրը:

«Մեծ հաշվով որոշ շրջանակների համար պարզ է, որ իրենք հանրային լայն աջակցություն չեն կարողանալու ապահովել, և փորձում են դիմել ուրիշ մեթոդների: Մեկ փորձում են Գլխավոր շտաբի անդամներին համոզել, որ իրենք շեղվեն Սահմանադրության՝ ապաքաղաքական պահանջից և սկսեն որոշել, թե ով լինի իշխանություն: Էդ չի ստացվում: Մեկ՝ սա, մեկ՝ նա, չի ստացվում: Եվ չի էլ կարող լինել հանրային լայն աջակցություն… Միգուցե իրենք չեն էլ ուզում հանրային լայն աջակցություն: Միգուցե իրենք ուզում են բռնության մթնոլորտ զարգացնել, որ ինչ-որ առիթ լինի ու ինչ-որ բա՞ն անեն: Մենք Հոկտեմբերի 27 տեսած ազգ ենք, չէ՞: Հա, հիմա իրավիճակն ուրիշ է, բայց միգուցե այդ մարդիկ իրենց մտքից այդ մեթոդը չե՞ն բացառում»,- ասում է Դանիել Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանն այստեղ հաղորդում է տալիս հանցագործության մասին: Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների մասին դեպքից այսքան տարիներ անց որևէ բան բացահայտված չէ: Ի՞նչ է ուզում ասել Դանիել Իոաննիսյանը՝ որ ինքը գիտի՞, թե ովքեր են Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները… Դանիել Իոաննիսյանը կոնկրետ շրջանակների է ակնարկում, խոսում է ընդդիմության մասին: Այսինքն՝ ներկայիս ընդդիմությո՞ւնն է Հոկտեմբերի 27-ի պատվիրատուն: Օվերտոնի ի՞նչ նոր պատուհան է բացում Իոաննիսյանը:

Գլխավոր Դատախազությունը պիտի ուսումնասիրի Դանիել Իոաննիսյանի նշյալ հայտարարությունները և հետո ստիպված լինի որոշում կայացնել՝ կամ Դանիել Իոաննիսյանը պետք է անուններ տա ու ապացուցի, կամ Դատախազությունը սուտ մատնության հանցակազմ պիտի առաջադրի նրան:

«Ես նաև չեմ բացառում, որ ինչ-որ պահից Ռուսաստանից որոշեն ոչ միայն ակնարկել, այլ նաև աջակցել այդ մեթոդներին: Քանի որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի դանդաղ, բայց փոփոխություն կա, էս ֆոնին նաև, իհարկե, նաև Ռուսաստանի կողմից եկող ռիսկերը կան, որոնց շահերը, խոսույթներն ու գաղափարախոսությունը բռնում են որոշ տեղական շրջանակների շահերի հետ: Այս առումով պատահական չէ, որ Պետական պահպանության ծառայությունն է առանձնանում Ազգային անվտանգության ծառայությունից, որը ռուսական ազդեցության տակ է»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով՝ իշխանությունները չեն բացառում Հոկտեմբերի 27-ի սցենարը, և դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը շատ ավելի շատ է, քան հեղափոխությունից հետո:

Փաստորեն, Դանիել Իոաննիսյանը հայտարարում է, որ Փաշինյանին Ռուսաստանից վտանգ է սպառնում, որի մասին գիտի ինքը՝ Փաշինյանը, և դրանով է պայմանավորված թիկնազորի քանակի ավելացումը և ՊՊԾ-ն ԱԱԾ կազմից հանելու նրա որոշումը:

Հաջորդիվ, կարծես իմիջիայլոց, Դանիել Իոաննիսյանը խոսում է Նիկոլ Փաշինյանի ունեցած հանրային աջակցության մասին՝ վկայակոչելով 2021թ. ընտրություններն ու ինչ-որ սոցհարցումներ:

Իհարկե, հասկանալի է նրա արած մանիպուլյացիան՝ ընտրություններին հավաքած ձայները վերագրելով այսօրվան, որովհետև պատերազմից հյուծված ժողովրդին նոր պատերազմով վախեցնելով ձայներ ստանալուց հետո նոր պատերազմ էլ ենք տեսել, տարածքներ ու հարյուրավոր մարդկային կորուստներ էլ ենք ունեցել:

Ինչ վերաբերում է սոցհարցումներին, բոլոր հրապարակված սոցհարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջել ու հասել է պատմական մինիմումի, և հասկանալի չէ, թե ինչ միայն իրեն հայտնի սոցհարցումների մասին է խոսում Դանիել Իոաննիսյանը:

Ի դեպ, իշխանամերձ որոշ գործիչներ, տևական ժամանակ է, իրենց հարցազրույցներում շրջանառում են Ռուսաստանի կողմից հնարավոր հեղաշրջման մասին լուրեր, հընթացս՝ ընդդիմության, ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակության մի հատվածին անվանելով ռևանշիստներ: Հիշեցնենք, նույն բառով ընդդիմության մասին արտահայտվում են նաև Էրդողանը, Չավուշօղլուն, Ալիևը, ՔՊ-ականները՝ Փաշինյանով հանդերձ:

«Բայց ֆիզիկական վնաս տալու համար միշտ չէ, որ հանրային աջակցություն է պետք… Եթե մենք գնում ենք խաղաղության, ապա կլինեն մարդիկ, ում գլխում կլինեն այդպիսի սցենարներ»,- վերջում չմոռացավ կրկին հիշեցնել՝ ինքն ինչու է գնացել հարցազրույցի Դանիել Իոաննիսյանը:

Այս հարցազրույցից հետո մնում է հասկանալ՝ ի՞նչ էր անոնսում Դանիել Իոաննիսյանը, և ո՞ւմ գրպանն են ուզում գցել անոնսի սցենարն ու դրա իրականացումը:

Տեսանյութեր

Լրահոս