Մերժման մերժում․ 5 տարի անց Հայաստանը մերժում է Նիկոլին
Հայաստանի ներքաղաքական կյանքը կառուցված է մի շարք թեզերի, կամ, ինչպես հիմա մոդայիկ է ասել, նարատիվների վրա։ Իշխանությունն առաջնորդվում է իր «լեգիտիմության», «ժողովրդի քվեի» ու դրանց միջոցով՝ իր գործած բոլոր տապալումներն արդարացնելու կեղծ թեզով, իսկ ընդդիմադիր շրջանակների որոշ մասն իր գործունեությունը կառուցում է ժողովրդի անտարբերության, երկրի մարտահրավերներին ադեկվատ չլինելու մասին պնդումների հիման վրա։
Այս նարատիվները, ըստ էության, ձևավորում են քաղաքական դաշտի ստատուս-քվոն, որը գործում է ճոճանակի սկզբունքով՝ իշխանության լեգիտիմության թեզի և ընդդիմության՝ հասարակության անհամարժեքությանն արվող հղումների, դրա արդյունքում ձևավորվող անհուսության փոխադարձ հակակշռմամբ։
Իրականությունը, սակայն, ինչպես պատահում է սովորաբար, դուրս է այս երկչափ հարթություններից և աղերս չունի ո՛չ իշխանության «պողպատյա մանդատի», ո՛չ էլ հասարակության տոտալ անտարբերության ու անհամարժեքության մասին մանիպուլյատիվ թեզերի հետ։
Համենայնդեպս, այդ մասին են վկայում հանրային տրամադրությունների ուսումնասիրման նպատակով կատարված վերջին մի շարք հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝ ինչպես իշխանության լեգիտիմության գահավիժումը, այնպես էլ հասարակության՝ երկրի մարտահրավերներին ադեկվատությունն ու պատրաստվածությունն արմատական փոփոխություններին։ Դա հաստատվում է ոչ միայն և ոչ այնքան առանձին վերցրած սոցիոլոգիական կազմակերպության՝ կոնկրետ ժամանակահատվածում իրականացված հարցումների տվյալներով, այլ անցած տարիների՝ քիչ թե շատ համադրելի հարցումների տվյալների հետ համեմատությամբ, որը ցույց է տալիս հանրային տրամադրությունների փոփոխությունների դինամիկան։
Այդ համեմատությունները կարևոր են նաև այն առումով, որ ներկայումս քաղաքական փոփոխությունների, իշխանափոխության հնարավորության մասին քննարկումները հիմնականում ընթանում են 2018 թվականի իրադարձությունների հետ զուգահեռներ անցկացնելով և այն սխալ եզրահանգմամբ, որ այսօր հանրային տրամադրություններում չկան այնպիսի նախադրյալներ, որոնք 5 տարի առաջ իշխանափոխության առիթ դարձան։
Հետազոտությունները, սակայն, ցույց են տալիս ճիշտ հակառակը՝ այսօր իշխանափոխության ներքին, կառուցվածքային նախադրյալները եթե ավելի ծանրակշիռ չեն, ապա առնվազն համադրելի են 2018-ի «հեղափոխություն» կոչված իրադարձությունների համար հիմք հանդիսացած գործոնների հետ։
Անկումների սարսափից
Հանրային տրամադրությունների համալիր պատկեր արձանագրող վերջին ամենաթարմ հետազոտություններից մեկը կատարել է ամերիկյան հեղինակավոր Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը, հարցումներն անցկացվել են 2023թ․ հունվար-մարտ ժամանակահատվածում և հրապարակվել են մայիսի սկզբին։ IRI-ի հետազոտության ամենաինտեգրալ արդյունքներից մեկն արտահայտում է «Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ» տրված հարցի պատասխանը․ հարցվածների 52 տոկոսի կարծիքով՝ Հայաստանն ընթանում է սխալ ուղղությամբ, միայն 36 տոկոսն է պատասխանել, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ։
Պատկերացնելու համար, թե ինչպես է այս՝ անանձնական, բայց իշխանության հավաքական գնահատականն արտահայտող հարցի պատասխանը ցույց տալիս Նիկոլ Փաշինյանի տապալումը, բավական է նշել, որ այս ցուցանիշն անցած ընդամենը 5 տարիներին աճել է շուրջ 4 անգամ․ նույն կազմակերպության 2018 թվականի օգոստոսին անցկացված հարցումներով, երկիրը սխալ ուղղությամբ էր ընթանում հարցվածների ընդամենը 14 տոկոսի կարծիքով, նույն հարցման ժամանակ՝ երկիրը ճիշտ ուղղությամբ էր ընթանում՝ ըստ հարցվածների 73 տոկոսի, 2018 թվականի հոկտեմբերի հարցմամբ՝ սխալ ուղղությամբ երկիրն ընթանում էր ավելի քիչ մարդու կարծիքով՝ ընդամենը 11 տոկոս, 2019 թվականի մայիսից սկսած, սակայն, ցուցանիշն անշեղորեն աճել է՝ 2022 թ․ հունվարին հասնելով 42 տոկոսի, և արդեն մեկ տարի անց՝ 52 տոկոսի։
Սա ցույց է տալիս, որ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ մասին Նիկոլ Փաշինյանի առասպելը ՓՈՒՉԻԿ է, քանի որ «պողպատյա լեգիտիմություն» ունեցող իշխանության գործունեությունը չի կարող հավանության չարժանանալ հասարակության մեծամասնության կողմից։
Համեմատության համար նշենք, որ CRRC-ի՝ «Կովկասյան բարոմետր 2017» զեկույցի համաձայն, 2017 թվականի նոյեմբերին, այսինքն՝ իշխանափոխությունից ընդամենը 4 ամիս առաջ, երկրի՝ ճիշտ կամ սխալ ուղղությամբ ընթանալու մասին հարցին հարցվածներին 42 տոկոսն է պատասխանել, որ պետությունն ընթանում է «հիմնականում սխալ» (21 տոկոս) և «անկասկած սխալ» (21 տոկոս) ուղղությամբ։ Այսինքն՝ եթե դիտարկենք իշխանության ոչ թե էլեկտորալ, այլ համակարգային կամ բովանդակային լեգիտիմությունը (իշխանության գնահատականը՝ ըստ երկրի ընթացքի ուղղության), ապա այսօրվա իշխանության վստահությունը 10 տոկոսով ավելի պակաս է, քան 2018 թվականին փոխված իշխանության վստահությունը դրանից ընդամենը 4-5 ամիս առաջ։ Հետևաբար, բոլոր այն հոռետեսական համեմատությունները, որ այսօր չկան իշխանափոխության այն հիմքերը, որոնք առկա էին 5 տարի առաջ, աղերս չունեն իրականության հետ և լավագույն դեպքում մտավարժանքներ են, ավելի հավականան է՝ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ։
Երիտասարդությունը պատրաստ է պայքարի
Բավական հետաքրքիր են նաև վերը նշված ցուցանիշի կառուցվածքային բաղադրիչները՝ ըստ տարիքային խմբերի։
«Երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ» պատասխանած քաղաքացիների 52 տոկոսի կազմում մեծամասնություն են երիտասարդները՝ 18-35 տարեկանների 63 տոկոսի կարծիքով՝ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, իսկ 36-55 տարեկաններն ընդգրկող տարիքային խմբում այդպես է պատասխանել հարցվածների 53 տոկոսը։
Եվ հակառակը՝ «երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ» պատասխանածների մեծամասնությունը 56-ից բարձր տարիքային խումբն է, որոնցից կենսաթոշակառուները՝ 49 տոկոս։ Այս ցուցանիշները վեր են հանում բավական հետաքրքիր պատկեր․ նախ դրանք ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի հիմնական սոցիալական հենարանը, որի մեջ զգալի տեսակարար կշիռ է կազմում ավագ սերունդը, որը, ի թիվս այլ բացատրությունների, պայմանավորված է նաև իշխանության քարոզչության նկատմամբ նրանց խոցելիությամբ։
Բայց շատ ավելի հետաքրքիր է 52 տոկոսի կազմում երիտասարդների տեսակարար կշիռը, որը ցույց է տալիս, որ հնարավոր, համարժեք քաղաքական զարգացումների դեպքում հասարակության ամենաակտիվ հատվածը ՊԱՏՐԱՍՏ է գործողությունների և փոփոխությունների։ Այս պատկերը բացահայտում է մի կողմից՝ իշխանության անկարողությունը (սոցիալական հենարանի հարաբերական պասիվության՝ առնվազն տարիքային խմբի առումով), մյուս կողմից՝ ընդդիմության անկարողությունը՝ այն իմաստով, որ ունենալով քաղաքական գործընթացներ գեներացնելու լուրջ ներուժ՝ զբաղված է ավելի շատ հանրությանը մեղադրելով, քան նույն հանրության հետ գրագետ աշխատանքով։
ԱՎՏՈՐԻՏԱՐ ժողովրդավարություն, թավշյա ԿՈՌՈՒՊՑԻԱ
IRI-ի վերջին հարցումների արդյունքները ՔԱՆԴՈՒՄ ԵՆ նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքում դրված ևս մեկ առասպել՝ Հայաստանի «ժողովրդավարության բաստիոնի» լեգենդը։
Այսպես, «Բավարարվա՞ծ եք ժողովրդավարության զարգացման ընթացքով» հարցին դրական պատասխան է տվել միայն 17 տոկոսը, այն դեպքում, երբ հարցվածների 77 տոկոսը բավարարված չէ ժողովրդավարության ընթացքից։ Ավելին՝ ժողովրդավարության զարգացման մակարդակի իմաստով Հայաստանն ըստ էության այսօր ավելի ՎԱՏԹԱՐ վիճակում է, քան 2017 թվականի նոյեմբերին։
Ըստ «Կովկասյան բարոմետրի» վերը նշված հարցումների, 2017-ի նոյեմբերին հարցվածների 68 տոկոսն էր կարծում, որ երկիրը կամ ժողովրդավարական չէ, կամ ժողովրդավարության հարցում ունի մեծ խնդիրներ։
Միևնույն ժամանակ հետաքրքրական է, որ նույն 2017-ի նոյեմբերի հարցումներով, հարցվածների 71 տոկոսը գտնում էր, որ մարդիկ իրավունք ունեն ասելու այն, ինչ մտածում են։ Ի դեպ, «ժողովրդավարության բաստիոնի» հարակից մանիպուլյացիան՝ կոռուցիայի դեմ «անհոգնել պայքարի» փաշինյանական քարոզչությունն է, որին, սակայն, մարդիկ այլևս չեն հավատում։
Այսպես, IRI-ի վերջին հարցումներով՝ հարցվածների 26 տոկոսը կարծում է, որ վերջին 6 ամիսներին կոռուպցիայի դեմ պայքարը ՀԵՏԸՆԹԱՑ է ապրել։ Այսինքն՝ այս դեպքում ևս, եթե փոփոխությունների հանրային պահանջարկի հիմքում դնենք ժողովրդավարության մակարդակից բավարարվածությունը, այսօր դրանց նախադրյալները կամ ավելի ծանրակշիռ են, կամ առնվազն համադրելի են 5 տարի առաջվա համանման գործոնների հետ։
Nikol goes Kaput
Սոցիոլոգիական հարցումների նկատմամբ հետաքրքրությունն արտահայտվում է ոչ միայն ու ոչ այնքան երևույթների խորքային պատճառները վեր հանող տվյալների, որքան քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների անձնական վարկանիշների առումով։ Դա, թերևս, ամենացավոտ հարցն է նաև Նիկոլ Փաշինյանի համար, ով սեփական վարկանիշը վեր է դասում ամենայնից։
IRI-ի՝ մայիսին հրապարակված վերջին հարցմամբ, ահա, Փաշինյանի վարկանիշն ընդամենը 14 ՏՈԿՈՍ է, իսկ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը՝ 21 տոկոս։ Ընդ որում, թեև մասնագիտական չափումներ չկան, թե ՔՊ-ի վարկանիշում ի՞նչ տեսակարար կշիռ է կազմում Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված վերաբերմունքը, սակայն ակնհայտ է, որ դրանում այն ունի զգալի դեր։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի անձնական և ինստիտուցիոնալ (անձնականը՝ գումարած քաղաքական ուժի վարկանիշի հետ) վարկանիշների հանրագումարն իրականում ոչ թե 14-ի ու 21-ի մեխանիկական գումարն է, այլ շատ ավելի ցածր՝ առավելագույնը 22-25 տոկոս։ Սա ևս ցույց է տալիս, որ Հայաստանի գործող իշխանությունն ամբողջությամբ ԶՐԿՎԱԾ Է ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ու ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ և պետության ու հասարակության ճակատագրի, գոյաբանական հարցերի վերաբերյալ որոշումներ է կայացնում՝ ներկայացնելով հանրության ընդամենը 20 տոկոսին, մոտավորապես այնքան, որքան նորմալ երկրներում ունենում են խորհրդարանական ընդդիմություն կազմող ուժերը։
Խորհրդարանական մանրապետություն
Իշխանության լեգիտիմության չգոյության, հանրությունից օտարման մասին է վկայում IRI-ի հարցման ևս մեկ տվյալ՝ իշխանության մարմիններից բավարարվածության ցուցանիշը․ խորհրդարանական կառավարման կարգ ունեցող երկրում հասարակության 74 տոկոսը բավարարված չէ Ազգային ժողովի աշխատանքով։
Gallup International-ի՝ այս տարվա մայիսին հրապարակած հարցումներով էլ ԱԺ–ի աշխատանքից դժգոհ է հարցվածների 67.4 տոկոսը, նույն հետազոտության համաձայն, հարցվածների 55.3 տոկոսի կարծիքով՝ ԱԺ-ն չի արտացոլում երկրի իրական քաղաքական իրավիճակը։ Համեմատության համար նշենք, որ գրեթե նույնքան էր խորհրդարանական կառավարում ունեցող երկրում ԱԺ-ի նկատմամբ վստահության ցուցանիշը 2017թ. նոյեմբերին՝ «Կովկասյան բարոմետրի» արդյունքներով հարցվածների 66 տոկոսը չէր վստահում խորհրդարանին։
Այսինքն՝ կրկին, եթե համեմատենք այսօրվա և 5 տարի առաջվա քաղաքական իրողությունները՝ հնարավոր իշխանափոխության նախադրյալների հարթությունում, պատկերը գրեթե նույնական է՝ կա ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ, հանրության և իշխանությունների միջև անվստահություն ու չափազանց մեծ խզվածություն։
Նույն իրողությունը, ի դեպ, արձանագրում են նաև գործադիր իշխանության նկատմամբ հանրային վերաբերմունքն արտահայտող տրամադրությունները։ Այսպես, IRI-ի վերջին հարցման տվյալներով, կառավարության աշխատանքից դժգոհ է հարցվածների 64 տոկոսը, իսկ վարչապետի աշխատակազմի աշխատանքից՝ 61 տոկոսը։ Հետաքրքիր է, որ 2017 թվականի նոյեմբերին, «Կովկասյան բարոմետրի» արդյունքներով՝ ճիշտ նույնքան է եղել պետության այն ժամանակվա ղեկավարին՝ նախագահին չվստահողների թիվը՝ 64 տոկոս, իսկ գործադիր իշխանությանը 2017 թվականին չի վստահել հարցվածների 58 տոկոսը։ Այսինքն՝ կրկին, եթե առաջնորդվենք փոփոխությունների նախադրյալների համեմատության սկզբունքով, երկրի փաստացի ղեկավարի նկատմամբ այսօր և 2018 թվականի իրադարձությունների նախաշեմին կար նույնական անվստահություն։
Հակապետականությունը՝ թվերով
Շատ ավելի մտահոգիչ է պատկերը հանրության շրջանում ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության առումով, որը վկայում է ընդհանուր առմամբ հանրային կառավարման, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի, նաև արժեքային կողմնորոշումների կոռոզիայի մասին։
Այսպես, IRI-ի վերջին՝ մայիսին հրապարակած հարցումների համաձայն, բանակի աշխատանքով բավարարված է հարցվածների ընդամենը 40 տոկոսը, 59 տոկոսը բավարարված չէ զինված ուժերի գործունեությամբ։ Բանակի ղեկավարության աշխատանքից, նույն հարցման համաձայն՝ բավարարված է հարցվածների ընդամենը 25 տոկոսը, 74 տոկոս չբավարարվածների համապատկերում։ Համեմատության համար բավական է նշել, որ 2018 թվականի օգոստոսին նույն կազմակերպության իրականացրած հարցրումներով բանակի աշխատանքով բավարարված է եղել հարցվածների 74 տոկոսը, իսկ ահա 2017 թվականի նոյեմբերին՝ «Կովկասյան բարոմետրի» հարցումներով՝ բանակի աշխատանքից բավարարված է եղել 77 տոկոսը։
Սա ոչ միայն 44-օրյա պատերազմում մեր կրած պարտության, այլ նաև 2018 թվականից ի վեր մերձիշխանական շրջանակների կողմից բանակի հանդեպ հետևողականորեն վարվող վարկաբեկման, բարոյազրկման քարոզչության հետևանքը կարելի է համարել։ Նույնը, ի դեպ, վերաբերում է նաև Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ վերաբերմունքին, որը 2017 թվականի նոյեմբերի՝ 74 տոկոս բավարարվածության ցուցանիշի պարագայում, արդեն 2023 թվականի IRI-ի հարցմամբ ստացել է հարցվածների ընդամենը 54 տոկոսի բավարարվածությունն արտահայտող ցուցանիշը։
Այսինքն՝ 5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել է 37 տոկոսով նվազեցնել՝ բանակի, և 23 տոկոսով՝ Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ վստահության ցուցանիշները։
Այս տվյալները փաստական ապացույցն են հիմնականում քաղաքական հռետորաբանության տիրույթում հնչող այն գնահատականների, որ Նիկոլ Փաշինյանը մեթոդական պայքար է մղում ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ։ Թվերը ցույց են տալիս, որ դա ոչ թե սուբյեկտիվ, քաղաքական ընդդիմախոսությամբ պայմանավորված գնահատական է, այլ իրականությունն արտահայտող պատկեր․ Նիկոլ Փաշինյանը հեղինակազրկել է հայկական պետականության երկու առանցքային, համակարգային՝ ֆիզիկական և հոգևոր անվտանգությունն ապահովող հենասյուները՝ բանակը և եկեղեցին։
Ապագա չկա Ապագա
Այս համատեքստում, ահա, պետք է օրինաչափ համարել IRI-ի՝ մայիսին հրապարակված հարցման խիստ մտահոգիչ հետևյալ պատկերը․ «Ըստ ձեզ, ի՞նչ տրամադրություն է գերիշխում հայ հասարակության շրջանում» հարցին հարցվածների 55 տոկոսը տվել է հոռետեսական պատասխան՝ 35 տոկոս՝ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ, ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ, ՎԱԽ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ, և 20 տոկոս՝ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՏԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՆԴԵՊ։
Այսինքն՝ մենք հիմա մեծ մասամբ հուսահատ, դեպրեսիվ հասարակություն ենք, որի փոքր հատվածը՝ «Ապագա կա» մոլորեցնող կարգախոսով, ընտրել է Նիկոլ Փաշինյանին, որն էլ զուտ տեխնիկական մեծամասնություն ստանալով, այսօր կայացնում է հանրությանն ապագայի հանդեպ հավատից զրկող որոշումներ։
Ադեկվատ հանրություն
Բայց ընդհանուր առմամբ այս մռայլ պատկերում կա նաև լուսավոր կետ։ Հանրային հուսահատությունն ամենևին չի վկայում հասարակության ոչ ադեկվատության մասին, ինչը, որպես սեփական անգործության հիմնավորում, ներկայացնում են ընդդիմադիրներից շատերը։ Միջազգային Հանրապետական ինստիտուտի և Gallup International-ի վերջին ամենաթարմ հարցումները վկայում են, որ մեր հասարակությունը խիստ համարժեք վերաբերմունք ունի պետության առջև ծառացած հիմնախնդիրներին։
Այսպես, IRI-ի հարցման տվյալներով՝ Հայաստանում առկա հիմնական խնդիրների շարքում հարցվածների 60 տոկոսը նշել է ՀՀ ազգային անվտանգությանն ու սահմանային խնդիրներին առնչվող հարցերը, 15 տոկոսը՝ ռազմական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությունը։
Գրեթե նույնական պատկեր է պարունակում նաև Gallup International-ի` օրեր առաջ հրապարակած հետազոտությունը՝ անվտանգության խնդիրներն առաջնային է համարում հարցվածների 46.5 տոկոսը, սահմանների հստակեցման խնդիրները՝ 37.3 տոկոսը, 29.4 տոկոսը կարծում է, որ կա պատերազմի վտանգ։
Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին անվտանգության խնդիրները նույնիսկ երկրորդական, երրորդական դեր չունեին հանրությանը հուզող պրոբլեմների շարքում։
2017 թվականին հարցվածների ամենամեծ՝ 36 տոկոսը երկրի ամենակարևոր խնդիր համարում էր գործազրկությունը, հաջորդ ամենամեծ խումբը՝ 17 տոկոս, այդպիսին էր տեսնում աղքատության խնդիրը, 7 տոկոսը՝ կենսաթոշակներն ու գնաճը, և այլն։ Այն ժամանակ երկրում խաղաղության պակաս զգում էր հարցվածների ընդամենը 7 տոկոսը, իսկ ավելի քիչ չափով՝ 5 տոկոսով մարդկանց հուզում էր չլուծված տարածքային կոնֆլիկտների հարցը։
Այս տվյալները ցույց են տալիս, որ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ առավել քան համարժեք է գնահատում՝ ինչպես պետության առջև ծառացած մարտահրավերները, այնպես էլ՝ դրանց գոյացման ու չհաղթահարման հարցում մեղավոր սուբյեկտին՝ իշխանությանը։
Համեմատության մեջ այս և ավելի քան 5 տարի առաջվա ցուցանիշները վկայում են նաև Հայաստանի ու հայ հասարակության կյանքի, դրա գնահատման չափորոշիչների սարսափեցնող փոփոխության մասին․ հարցումների թվերի վերծանումը քաղաքական լեզվի կարող է արտահայտվել մոտավորապես հետևյալ ձևակերպմամբ՝ նախկինում մենք ունեինք պետություն, որը լավը չէր, արդյունավետ չէր, կենսապահովման պայմանները ցածր էին և այլն, բայց չունեինք անվտանգության խնդիր, ԱՅՍՕՐ գործնականում չունենք պետություն և ունենք անվտանգության, գոյաբանական ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ։
Հասարակություն VS քաղաքական էլիտա
Այս հարցումները վկայում են նաև երկրում առկա խորը սոցիոքաղաքական ճգնաժամի՝ իշխանության ու հասարակության, իշխանության ու քաղաքական վերնախավերի միջև առկա հսկայական խզման մասին։
Դրանք ոչ միայն իշխանության տապալման, այլ նաև ընդդիմության անկարողության մասին են, որովհետև նման հանրային տրամադրություններ ունեցող պետությունում այսպիսի տապալված իշխանության գոյատևումը վկայում է նրա դեմ պայքարողների լրջագույն սխալների մասին։ Այսինքն՝ Հայաստանն ունի իրողությունները համարժեքորեն գնահատող հասարակություն, պետությունը տապալման տանող իշխանություն և հանրային տրամադրությունները քաղաքական գործընթացի վերածելու անկարող ընդդիմություն։
Հասարակությունն այսօր շատ ավելի է պատրաստ արմատական փոփոխությունների, քան 5 տարի առաջ։ Բացակայում են, սակայն, հանրության այդ պատրաստակամությանը քաղաքական ձևակերպում հաղորդելու և պասիվ դժգոհությունն ակտիվ գործողությունների ու որպես հետևանք՝ արմատական փոփոխությունների վերածելու սուբյեկտը կամ սուբյեկտները։ Հենց այդ բացակայությունն է լեգիտիմազուրկ՝ 14 տոկոս աջակցություն ունեցող Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյության հիմնական գրավականը։
Հարություն Ավետիսյան