Պատասխանատվությունից չեք փախչի. ի՞նչ տարբերություն՝ 2,7 տոննա կոկաինը «Զվարթնոցո՞վ» է եկել, թե՞ այլ անցակետով
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք թմրամիջոցների տարածումն ու օգտագործումը Հայաստանում շատ պոպուլյար է։ Այնքան պոպուլյար, որ Ազգային ժողովում իշխող խմբակցության պատգամավորը կարող է բացահայտ հայտարարել, թե Հայաստանում միջին վիճակագրական խնջույք, առանց թմրանյութերի օգտագործման, չի անցնում։
Տարօրինակն այն է, որ այդ հայտարարությունը որևէ արձագանք չի ստանում իրավապահ մարմինների կողմից։
Այդքանից հետո զարմանալի չէ, որ Հայաստանում թմրամոլությունը նման տարածում է ստացել, տոննաներով թմրամիջոցներ են հայտնաբերվում։ Դեռ չհաշված, թե ինչքան էլ չեն հայտնաբերվում, անարգել անցնում են մաքսային սահմանն ու ազատորեն տարածվում երկրի ներսում` Երևանում և մարզերում, դպրոցականների, երիտասարդների շրջանում, ամենուր՝ կրթական հաստատություններում, ակումբներում…
Հայաստան մտնող թմրամիջոցների որոշ մասը գուցե և տեղափոխվում է այլ երկրներ։ Բայց ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո թմրանյութերի շրջանառությունը մեր երկրում մեծ տարածում է ստացել։ Եվ շատերն են հասկանում՝ առանց իշխանությունների հովանավորչության՝ այդ ծավալի թմրանյութերի մուտք և շրջանառություն պարզապես հնարավոր չէ:
Պաշտոնական տվյալներով, 2017թ. կամ մինչև իշխանափոխություն Հայաստանում գրանցվել էր թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1271 դեպք։ Արդեն 2022թ. թմրամոլության հետ կապված հանցագործության դեպքերը կրկնակի ավելացել են. հասել են 2268-ի։ Սրանք, կրկնում ենք, պաշտոնական թվերն են: Ոչ պաշտոնական տվյալներով՝ դրանց մասշտաբներն ավելի շատ են:
Դե, իհարկե, ինչպես ցանկացած առիթի դեպքում, արդեն 5 տարի վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցներն իրենց մեղքը բարդում են նախկիններից ժառանգած իրավիճակների վրա, հիմա էլ կարող են ասել, թե նախկինում չէին հայտնաբերում, հիմա սկսել են հայտնաբերել, այդ պատճառով էլ թվերն ավելացել են։ Բայց առանց այդ թվերի էլ պարզ երևում է, թե թմրամոլությունն ինչպիսի տարածում է ստացել Հայաստանում։
Եվ ներկա ծանր վիճակը բոլորովին էլ պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե իշխանության որոշ ներկայացուցիչներ ինչպիսի վերաբերմունք ունեն թմրանյութերի ու հոգեմետ դեղերի օգտագործման նկատմամբ։ Թերթեք ԶԼՄ-ները և նույնիսկ անունները կտեսնեք իշխանության ներկայացուցիչների: Նույնիսկ հասարակության տարբեր շրջանակներ ահազանգ-պահանջ էին հնչեցնում՝ ՔՊ-ական պատգամավորների, նախարարների, թաղապետերի և այլ ներկայացուցիչների շրջանում թմրանյութային թեստավորում անցկացնել:
Թմրամոլության այսպիսի տարածումը ենթադրում էր, որ ավելացել է նաև թմրամիջոցների մուտքը։ Բայց քչերը կարող էին պատկերացնել, որ խոսքը տոննաներով ներմուծումների մասին է։
Օրերս հայտնի դարձավ, որ Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում Հայաստան ուղևորվող ռեկորդային քանակի կոկաին են առգրավել։ Խոսքը 2,7 տոննայի մասին է, որի շուկայական արժեքն անցնում է ավելի քան 800 մլն եվրոյից։
Դրան անմիջապես հաջորդեց Ազգային անվտանգության ծառայության բացահայտումը՝ ոչ պակաս մեծ քանակությամբ կոկաինի հայտնաբերման վերաբերյալ, այս անգամ արդեն՝ Հայաստանի տարածքում։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023թ. մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում»,- հայտարարեց ԱԱԾ-ն։
Տարօրինակ զուգադիպություն է. տպավորություն է, որ եթե չլիներ նախորդ բացահայտումը Էկվադորից Հայաստան անսովոր քանակությամբ կոկաինի առաքման առգրավման վերաբերյալ, չէր լինի նաև Հայաստանի ԱԱԾ հայտարարությունը, ու չի բացառվում, որ այն այդպես էլ հայտնի չդառնար։
Հավանաբար եղել է մտավախություն, որ մեկի հետ կապված կբացահայտվի նաև մյուսը, և շատ բան դուրս կգա ջրի երես։ Այդ պատճառով էլ շտապեցին հայտարարել 1 տոննա քաշով կոկաինի խմբաքանակի հայտնաբերման մասին, թեև կարծես ավելի շուտ էին այն հայտնաբերել։
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքով ԱԱԾ-ն դուրս է եկել մեծ շղթայի հետքի վրա, որում ներգրավված են՝ ինչպես արտերկրում, այնպես էլ՝ Հայաստանում ապրող քաղաքացիներ։
«Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հայաստան ներմուծելու գործընթացը հովանավորվել է խոշոր «տանիքների» կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ուստի կալանավորումների շարք է սպասվում այդ գործի շրջանակներում: Իսկ թե ովքեր են ներգրավված գործում, կներկայացնենք մանրամասներ առաջիկայում»,- գրել էր թերթը։
Ի դեպ, բոլորովին պատահական չէ, որ նախկին դերասան, ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի մտերիմ և աջակից Գնել Սարգսյանը, ով հայտնի է ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց և քաղաքական գործիչների նկատմամբ իր սադրանքներով ու ոչ նորմատիվային բառապաշարներով, ԱԱԾ այդ հաղորդագրությունից հետո իր ֆեյսբուքյան էջում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի փոփոխության մասին հարց էր բարձրացրել.
Ինչպես ասում են՝ Գնել Սարգսյանին կարող էր միանալ նաև Պուճուր Հովո մականունով ՔՊ-ական դերասան, Փաշինյանի մտերիմ Հովհաննես Ազոյանը, ով Ալիևի աչքերում վերջապես խաղաղություն էր տեսել հենց 44-օրյա պատերազմից հետո: «Ես վերջապես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին»,- գրել էր նա:
Կարող էին նաև միանալ «Պոլիգրաֆ» ակումբում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու նպատակով ոստիկանության իրականացրած գործողության դեմ վայնասուն բարձրացրած ՔՊ-ական պատգամավորները ու ՔՊ-ամերձ շրջանակները:
Ամեն դեպքում դրանից պարզ դարձավ, թե թմրանյութերի ինչպիսի մեծածավալ հոսքերի ու շրջանառությունների հետ գործ ունենք։ Պարզվում է, տոննաներով թմրամիջոց է անցնում մաքսային սահման ու հայտնվում Հայաստանում։
Տարօրինակ է, որ այդքանից հետո Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը զարմանում է, երբ հարցնում են, թե արդո՞ք չի պատրաստվում այսպիսի բացթողումների պատճառով հրաժարական տալ։ Այնպես է չքմեղանում, կարծես դա ոչնչով չի առնչվում իր ղեկավարած կառույցին։
Բադասյանն ասում է՝ դա «Զվարթնոցով» չի եկել։ Կարծես մեծ տարբերություն կա՝ «Զվարթնոցո՞վ» է եկել, թե՞ այլ մաքսային անցակետով։
Փաստն այն է, որ Բադասյանի խոսքերով ասած՝ Հայաստան մահաբեր թմրանյութեր են մտնում, ու դրա թիվ մեկ պատասխանատուն ՀՀ Պետեկամուտների կոմիտեն է՝ հենց իր ենթակա մաքսային ծառայություններով։
Մաքսայինի թերացումն է, եթե դա կարելի է նույնիսկ թերացում համարել, որ տոննաներով թմրանյութ է մտնում Հայաստան, իսկ մաքսակետում չի հայտնաբերվում։
Ինչի՞ համար են մաքսային ստուգումները, եթե այդպիսի հսկայական քանակությամբ թմրանյութ կարող է անցնել մաքսային սահմանով ու չհայտնաբերվել։
Եթե խոսքը մանր-մունր քանակների մասին լիներ, դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ։ Բայց ինչպե՞ս կարող է 1 տոննա կոկաին անցնել մաքսային սահմանով, ու այդ մասին մաքսային մարմինները կամ պետական այլ կառույցներ չիմանային։
Եթե իսկապես չեն իմացել, արդեն վատ է։ Իսկ եթե իմացել են ու չեն բացահայտել, շատ ավելի վատ։
Ինչպես արդեն նշեցինք՝ հայտնի է, որ թմրանյութերի նման խոշոր հոսքեր, առանց իշխանությունների կամ իշխանության բարձր հովանավորության, առանձին կառույցների ներկայացուցիչների մասնակցության կամ իմացության, սովորաբար դժվար է իրականացնել։ Ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ միանգամից մի քանի հարյուր միլիոն եվրոյի կոկաինի խմբաքանակ առաքել, առավել ևս, եթե չունենար վստահություն, որ այն հաջողությամբ տեղ է հասնելու։
Ովքե՞ր են ներգրավված այս ամենի մեջ, առաջիկայում հավանաբար որոշ բաներ կպարզվեն։ Բայց շատ բաներ, անշուշտ, այդպես էլ կմնան անհայտ ու չեն բացահայտվի։ Չնայած դրանից երևույթի էությունը չի փոխվում։
Փաստն այն է, որ Հայաստանը վերածվել է թմրամիջոցների մեծ որջի, ու դրա հիմնական մեղավորն իշխանություններն ու պետական կառույցներն են և առաջին հերթին՝ մաքսային մարմինները, որոնք սպասարկում են ապրանքների ներմուծումը Հայաստանի մաքսային տարածք։
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Բադասյանը, ինչպեսև իր ղեկավար Նիկոլ Փաշինյանը և այլ ՔՊ-ականներ արդարացում են գտել, թե ամբողջ աշխարհը ողողված է թմրանյութերով։ Նախկինում էլ այդպես էր, բայց Հայաստանում երբե՛ք այսպիսի վիճակ չէր եղել։
Չնայած դա էլ զարմանալի չէ։ Գրեթե մեկ տարի է, ինչ մաքսային ոլորտի աշխատանքները համակարգող տեղակալ ՊԵԿ-ում չկա։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ լարված հարաբերությունների պատճառով հայտնի Շուշանիկ Ներսիսյանի (Նակոլկա Շուշո) ազատվելուց հետո, այդ պաշտոնը մինչև հիմա թափուր է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ