Ոստիկանության ներխուժումը «Պոլիգրաֆ». Ինչո՞ւ են հատկապես մտահոգ մերձիշխանական շրջանակները
Ապրիլի լույս 23-ի գիշերը Ոստիկանությունը հատուկ օպերացիա էր իրականացրել Երևանի «Poligraf» ակումբում՝ ներխուժելով ակումբ և մոտ 40 անձի բերման ենթարկելով։ Ոստիկանության հատուկ գործողությունը բիրտ ուժի կիրառմամբ հանրային մեծ հնչեղություն է ստացել հատկապես իշխանամերձ երիտասարդության շրջանում, որոնք սովորաբար չտեսնելու են տալիս Ոստիկանության բիրտ գործողություններն այլ դրվագներով: Սակայն «Պոլիգրաֆ» ներխուժումն այս շրջանակներն աննախադեպ մի բան են որակում և առանձնահատուկ ոգևորությամբ քննադատում:
Իր ֆեյսբուքյան էջում տեղի ունեցածի կապակցությամբ հանրային մտահոգություն է հայտնել ՔՊ-ական նախկին պատգավոր Միքայել Զոլյանը, իսկ ԱԺ նիստի ընթացքում այսօր՝ ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
«Ակնհայտ է, որ ոստիկանները մտել են ակումբ, զենք են քաշել մարդկանց վրա, հարվածել են, պառկեցրել գետնին, նվաստացրել, հետո մի քանի տասնյակ երիտասարդների տարել ոստիկանություն և այնտեղ շարունակել երիտասարդներին նվաստացնել։ Այս ամենն, իհարկե, արվել է «թմրամոլության դեմ պայքարի» անվան տակ»,- գրել էր Սուրեն Զոլյանը:
Ակումբի տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ թերևս անհամաչափ ուժ է կիրառվել, սակայն հարկ է նաև նշել, որ ըստ լայնորեն տարածված տեղեկությունների, այդ թվում՝ համացանցում, «Պոլիգրաֆ» ակումբում թմրանյութերի տարբեր տեսակների ապօրինի մեծ շրջանառություն կա, որով էլ ակումբը հայտնի է: Այստեղ նաև մի շարք աղմկահարույց դեպքեր են գրանցվել բռնության դրվագներով: Այս մասին նաև Քննչական կոմիտեն էր իր հաղորդագրության մեջ հայտնել:
Ավելին, այս ակումբը կապվում է իշխանական շրջանակների, մասնավորապես, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, դիջեյ Էդուարդ Աղաջանյանի անվան հետ:
Ապրիլի 23-ին ակումբի տարածած հաղորդագրության համաձայն, ակումբի բոլոր աշխատակիցներին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք, աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Ակումբը սա որակում է՝ որպես հարձակում ոչ միայն Poligraf-ի, այլև ամբողջ ակումբային համայնքի վրա: «Մենք բոլորս՝ որպես եզակի մշակութային ու ստեղծագործական ոլորտի մի մաս, վտանգի տակ ենք: Խոսքը միայն պարելու կամ ինքնարտահայտվելու մեր իրավունքի մասին չէ, այլ մեր հասարակության բուն էության։ Մենք մի համայնքի մասն ենք, որը խթանում է ստեղծարարությունը, բազմազանությունն ու ներառականությունը։ Այժմ, սակայն, մենք հարձակման տակ ենք։ Այն ուժերը, որոնք ձգտում են ճնշել մեր ապրելակերպը, սպառնում են մեր գոյությանը։ Նրանք փորձում են լռեցնել մեր ձայնը, խեղդել մեր ստեղծարարությունը, պարտադրել մեզ իրենց նեղ աշխարհայացքը: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա տեղի ունենա»,- ասված էր հաղորդագրությունում՝ կոչ անելով բոլոր ակումբներին ու ժամանցային տարածքներին, տեղի ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, արվեստագետներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են վերոնշյալ արժեքները՝ ոտքի կանգնել և բարձրաձայնել այս անարդարության դեմ:
«Պահանջում ենք, որ Poligraf-ի ապօրինաբար պլոմբված դռները բացվեն։ Մեր հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք բոլորիդ»,- ասված էր ակումբի հայտարարության մեջ։
Մեկ այլ հաղորդագրությամբ ակումբը հերքում է տարածվող տեղեկությունները և այդ ամենն արշավ որակում:
«Մենք ցանկանում ենք օգտվել այս հնարավորությունից՝ անդրադառնալու այն կեղծ մեղադրանքներին, որոնք արվել են մեր հասցեին այս արշավի հետևանքով: Վստահեցնում ենք, որ այս պնդումները միանգամայն անհիմն և շինծու են՝ արդարացնելու Ոստիկանության բռնի գործողությունները։ Մենք ունենք տեսանյութեր, որտեղ հստակ երևում է, թե ինչ անհամաչափ ուժ է կիրառվել մեր նկատմամբ, և մենք չենք հանգստանա, քանի դեռ արդարադատությունը չի կայացվել»:
Այնուամենայնիվ այսօր ԱԺ-ում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով «Պոլիգրաֆ»-ում Ոստիկանության գործողությանը և դրանց համաչափությանը, նշեց, որ հատկապես 2023 թվականը թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տարի են հայտարարել:
«Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր բոլոր ստորաբաժանումների կողմից: Ակումբներն այս տեսանկյունից բացառություն չեն: Փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում շատ ավելի բարձր է ռիսկը թմրամիջոցների շրջանառության: Ինչ վերաբերում է բռնությանը, եթե լինի այնպիսի անհամաչափ ուժի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն ծառայողի կողմից, ապա դա անպայման վրա կհասնի»,- ասաց Արփինե Սարգսյանը:
Իսկ քիչ առաջ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացվել է թմրամիջոցների ապօրինի իրացում։ «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ապրիլի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել է նախաքննություն: Նախաքննական մարմնի որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության ՆԳՆ համապատասխան ծառայության աշխատակիցների հետ միասին, ապրիլի 23-ին խուզարկություն է կատարվել «Պոլիգրաֆ» ակումբում, որի ընթացքում սրահի և աշխատասենյակի միջնամասում հատակին հայտնաբերվել և վերցվել է կարմիր պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված մեկ հատ անհայտ զանգված։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության ՆԳՆ Կենտրոնական բաժին է տեղափոխվել նույն ակումբի 4 աշխատակից։ Վերջիններիս անձնական զննությամբ հայտնաբերվել և վերցվել են պոլիէթիլենային փաթեթներով դեղնականաչավուն զանգվածներ, մոխրացած հետքերով սրվակ և մարիխուանա տեսակի թմրամիջոց մանրացնելու համար նախատեսված մետաղյա տարա, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել և ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 41 անձ։ Վերջիններս որպես ձերբակալված հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Նշված անձանց մոտ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում: