ԵԱՏՄ-ն` որպես ինքնիշխանության ամրապնդման մեխանիզմ. Սերգեյ Կոպիրկինի հոդվածը

Մայիսի 24-25-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հոդված է գրել Sputnik Արմենիայի համար՝ գնահատելով հարթակի կարևորությունը հայկական տնտեսության համար և առհասարակ Եվրասիական ինտեգրման կարևորությունը՝ հաշվի առնելով համաշխարհային գործընթացները։

Հոդվածն ամբողջությամբ ստորև՝

Այսօր մենք բոլորս ականատես ենք, թե ինչպես է աշխարհակարգն խորը վերափոխում անցնում՝ միաբևեռից վերածվելով բազմակենտրոնի։ Ռուսաստանը, ինչպես և շատ այլ պետություններ, հանդես է գալիս աշխարհակարգի օգտին, որը հիմնված կլինի ոչ թե թելադրանքի, այլ հավասարակշռության և ինքնիշխան պետությունների կողմից միմյանց շահերը փոխադարձ հաշվի առնելու վրա։ Օբյեկտիվ տեկտոնական փոփոխությունների ֆոնին մեծանում է տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների առաջանցիկ զարգացման նշանակությունը։

Շատ առումներով ձևավորվող իրականության արտացոլումը դարձավ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը, որը հաստատվել է 2023 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։ Այս դոկտրինալ փաստաթղթում զգալի տեղ է հատկացվում Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումների դերին, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։

Այսպես, դրանում ամրագրված է, որ աշխարհակարգը բազմաբևեռ աշխարհի իրողություններին հարմարեցնելու նպատակով Ռուսաստանը մտադիր է առաջնահերթ ուշադրություն դարձնել ԵԱՏՄ ներուժի ամրապնդմանը և դրա միջազգային դերի բարձրացմանը՝ ի թիվս այլ միջպետական միավորումների և կազմակերպությունների։ Ըստ հայեցակարգի՝ այս Միությունը, բազմակողմ տարածաշրջանային այլ կառույցների հետ միասին, դիտարկվում է որպես լայն ինտեգրացիոն ուրվագծի՝ Եվրասիական մեծ գործընկերության ձևավորման հիմնարար տարրերից մեկը, որը կոչված է մեր երկրների համար ընդհանուր մայրցամաքը վերածել խաղաղության, կայունության և բարգավաճման միասնական տարածքի:

Բացի այդ, եվրասիական ինտեգրման խորացումը մերձավոր արտերկրի երկրների հետ կայուն բարիդրացիական հարաբերություններ կառուցելու Ռուսաստանի գծի կարևոր բաղադրիչն է, ներառյալ առաջին հերթին ԵԱՏՄ երկրների տնտեսական ներուժի գործարկումը։

Հարկ է նաև նշել, որ այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ինտեգրացիոն մեխանիզմների հետագա զարգացման խրախուսումը, այդ թվում՝ այս միավորման շրջանակներում, Ռուսաստանը դիտարկում է որպես մասնակից պետությունների տնտեսական անվտանգության ապահովման, նրանց տնտեսական ինքնիշխանության, կայուն տնտեսական աճի և ազգային տնտեսությունների միջազգային մրցունակության բարձրացման պահանջված գործիք։

Վերոնշյալի համատեքստում հասկանալի է, թե ինչու է առաջանցիկ ինտեգրացիոն կառուցումը եվրասիական տարածքում, այդ թվում՝ Միության շրջանակներում, սահմանվում որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։

Ինչպես հայտնի է, ռոտացիայի գործող սկզբունքի համաձայն՝ 2023 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը ստանձնել է նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում։ Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունները ձևակերպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հնգյակի» երկրների առաջնորդներին ուղղված ուղերձում: Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և միջազգային տնտեսության մեջ ձևավորվող կոնյունկտուրան, խնդիրներից մեկը երկարաժամկետ պլանավորման նոր փաստաթղթերի մշակումն է, որոնք պետք է որոշեն ինտեգրացիոն փոխգործակցության առաջնային ուղղությունները մինչև 2030 և 2045 թվականների ավարտը։

Ոչ պակաս կարևոր է այն, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին զուգահեռ, Ռուսաստանի նախագահության շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են դառնալու հանդիպումների, քննարկումների և, ի վերջո, մոտ ապագայում ինտեգրման զարգացման վեկտորի որոշման հարթակներ: Այսպես, մայիսի վերջին կկայանա Եվրասիական տնտեսական համաժողով՝ առնվազն 2 հազար մարդու մասնակցությամբ։ Դրա առանցքային թեման է «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում»։

Հունիսին առաջին անգամ կանցկացվի «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն համատեղ նախագծեր, որոնք ցույց են տալիս Միության երկրների տնտեսությունների սերտ կապն ու կոոպերացիայի խորությունը: Բացի այդ, նախատեսվում է անցկացնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի երկրորդ Երիտասարդական համաժողովը, ինչպես նաև երրորդ Եվրասիական կոնգրեսը:

Ձևավորված ավանդույթի համաձայն, Կոնգրեսի հարթակներում կհանդիպեն ավելի քան քսան երկրների բիզնեսի, ֆինանսական ինստիտուտների, իշխանության մարմինների, գիտական և փորձագիտական համայնքների ներկայացուցիչներ: Ի դեպ, անցյալ տարի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ևս մեկ ավանդույթի. սահմանվեց Եվրասիական տնտեսական միության օրը, որը նվիրված է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման օրվան՝ մայիսի 29-ին: Այս՝ Ռուսաստանի նախագահության տարում, այն կնշվի առաջին անգամ։

Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանին, որ ինտեգրացիոն փոխգործակցության շրջանակներում մեծ նշանակություն է տրվում Միության՝ որպես զարգացման ինքնուրույն կենտրոնի ներուժի ամրապնդման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Այսպես, հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական համագործակցությունը աշխարհաքաղաքական պայքարի տարրի, իրեն ոչ ձեռնտու պետությունների վրա ճնշում գործադրելու լծակի վերածելը թելադրում են ԵԱՏՄ տեխնոլոգիական հնարավորությունների հետագա զարգացման, այդ ոլորտում ինքնաբավության հասնելու անհրաժեշտությունը։

Դրան նպաստելուն են ուղղված միասնական սկզբունքների և մոտեցումների վրա հիմնված թվային փոխակերպման ակտիվացումը միավորման շրջանակներում, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների գործարկումը և արտադրական գործընթացներում ժամանակակից լուծումների ներդրումը: Այդ կերպ Միության մասնակիցները միասին կշարժվեն դեպի տեխնոլոգիական ինքնիշխանություն։

Մեր երկրների բարեկեցության ապահովման գործում կարևոր դեր է խաղում պարենային անվտանգությունը։ «Հնգյակի» պետությունները հզոր ագրոարդյունաբերական բազա ունեն, որը թույլ է տալիս ոչ միայն երաշխավորված կերպով ինքն իրեն ապահովել բոլոր անհրաժեշտ գյուղատնտեսական արտադրանքներով, այլև զգալի քանակությամբ սննդամթերք արտահանել։ Ի դեպ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 9,4 տոկոսով։

Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների թվում է ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման ուղղությամբ աշխատանքների շարունակումը, ֆիսկալ և ֆինանսական ոլորտներում փոխգործակցության խորացումը, մասնավորապես, ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների մասնաբաժնի ավելացումը, անդամ պետությունների վճարային համակարգերի միջև ինտեգրումն ու փոխգործակցության հաստատումը, ինչը կոչված է նպաստելու գործարար միջավայրի բարելավմանը և Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը:

Ռուսաստանի նախագահության ուշադրության կենտրոնում է տրանսպորտային-լոգիստիկ նոր ենթակառուցվածքի ձևավորումը, ինչպես նաև արտաքին գործընկերների և արտաքին միջազգային միավորումների հետ Միության փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կառուցումը, դրա արտաքին եզրագծում մաքսային ընթացակարգերի միասնականացման շարունակությունը:

Շարունակվում են, կարելի է նույնիսկ ասել՝ «վերջնագծին» են մոտենում Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունները, Եգիպտոսի հետ համանման բանակցությունների մի քանի փուլ է կայացել, մեկնարկել է համապատասխան աշխատանքը Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ։

ԵԱՏՄ պահանջվածության և գործունակության համոզիչ ապացույցն է այն փաստը, որ, չնայած աշխարհաքաղաքական և տնտեսական լուրջ մարտահրավերներին, Միությունը շարունակում է գործել համակարգված և արդյունավետ՝ արժանապատվորեն դիմակայելով փորձություններին՝ նոր կորոնավիրուսային համավարակից սկսած մինչև իր առանձին անդամների նկատմամբ աննախադեպ պատժամիջոցային ճնշումը:

Եվ դա հաստատում են տնտեսական ցուցանիշները։ Միավորման ընդհանուր ՀՆԱ-ն 2022 թվականի արդյունքներով կրճատվել է ոչ ավելի, քան 2 տոկոսով և գերազանցել է 2 տրլն դոլարը։ Եվրասիական զարգացման բանկի տվյալներով՝ Միության ներսում ապրանքաշրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 10%-ով և հատել 80 մլրդ դոլարի սահմանը։ Մի շարք ուղղություններում, օրինակ՝ կատարված շինարարական աշխատանքներ, հիմնական կապիտալում ներդրումների մասով ևս դրական դինամիկա է նկատվել։

«Հնգյակում» այլ պետությունների հետ առևտրային կապերի առավել ակտիվ աճն ունի Հայաստանը։ Ահա մի քանի ցուցանիշ․ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը 2022 թվականին աճել է 2,8 անգամ, դրանց մասնաբաժինը Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալում 29 տոկոսից հասել է գրեթե 47 տոկոսի, իսկ ԵԱՏՄ-ին Երևանի անդամակցության ողջ ընթացքում Միության երկրներ արտահանումը, ինչպես նշում են փորձագետները, աճել է մոտ 10 անգամ։

Ներկայիս իրողությունների ֆոնին Միության տնտեսական ինքնիշխանության ապահովման համատեքստում ոչ պակաս կարևոր նշանակություն են ձեռք բերում տարբեր խմբերի ապրանքների ներմուծման փոխարինման աշխատանքը։ Այս առնչությամբ խոսելով Հայաստանի մասին՝ փորձագետները նշում են հանրապետության բավականին մեծ ներուժը, մասնավորապես հագուստի, տրիկոտաժի և մի շարք այլ ապրանքների արտադրության ոլորտում: Ի դեպ, 2021-22 թվականների ընթացքում Միության ձեռնարկություններն արդեն գործարկել են ներմուծման փոխարինման 25 արդյունաբերական նախագիծ՝ մոտ 21 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով։

Ամփոփելով, կցանկանայի նշել, որ այն մարտահրավերները, որոնց բախվել են մեր երկրները, միայն հաստատել են ԵԱՏՄ-ի ներուժը որպես ձևավորվող բազմակենտրոն աշխարհակարգի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոն։

Միությունը լիարժեք դրսևորել է իրեն որպես պահանջված մեխանիզմ, որը համատեղ ջանքերի դեպքում թույլ է տալիս մասնակից պետություններից յուրաքանչյուրն ավելի կայուն և մրցունակ դարձնել այսօրվա տուրբուլենտ և փոխադարձ կախվածություն ունեցող աշխարհում, ինչպես նաև աշխատում է նրանց իրական ինքնիշխանության պաշտպանության համար: Ընդ որում, կարևոր է, որ մեր երկրների համար ընդհանուր ինտեգրացիոն միավորման հիմնական արժեքը իրավահավասարության սկզբունքն է, որը յուրաքանչյուր պետության համար ենթադրում է իր շահերը պաշտպանելու և կոնսենսուսի հիման վրա ընդունվող որոշումների վրա համապատասխան կերպով ազդելու հնարավորություն։

Տեսանյութեր

Լրահոս