«Սրանք մշակութային դիվերսանտներ են՝ հոգևոր Հայաստանից ներս գործող թուրքական գործակալներ». Վահե Բեգոյան
Դիրիժոր Վահե Բեգոյանը պատահական չէր համարել Հանրային հեռուստաընկերության եթերից Կոմիտասի վերաբերյալ Սուպեր Սաքոյի հնչեցրած միտքը, թե մուղամը հայկական է եղել, իսկ Կոմիտասը ջնջել է քառորդ նոտաները: Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «Սա սերմ է, որ նետվեց, և հետևողականորեն ու խնամքով աճեցվելու է, և ինչպես Շուշիում մուղամի փառատոնի հրավերը դարձավ իրական, ու բոլորը շատ արագ հաշտվեցին դրա հետ, էդպես էլ Երևանում մուղամը կդառնա իրական ու նորմալ, պարզապես, ինչպես որ Շուշիում մուղամը կա, բայց մենք էլ չկանք, էդպես էլ Երևանում մուղամը կլինի, իսկ մենք` ոչ…»:
Հանրային հեռուստաընկերությունը, սակայն, հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մերժում են գրաքննության և խոսքի ազատության սահմանափակման փորձերը. «Հանրային հետաքրքրություն ներկայացնող անձանց հայացքները կարող են պարունակել վիճելի դրույթներ, ազատ հասարակությունում դրանք կարող են քննարկվել, քննադատվել. դա է պահանջում բազմակարծությունը»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Վահե Բեգոյանն ասաց, որ անգրագիտության, տգիտության անսահմանությունը չպետք է որպես խոսքի ազատություն ներկայացվի Հանրային հեռուստաընկերության կողմից և եթերից լցվի մարդկանց վրա. «Որևէ հեռուստաընկերություն չի կարող լինել այդպիսին, որովհետև հեռուստաընկերության խնդիրը հո միայն ժամանցը չէ՞, առավել ևս՝ Հանրային հեռուստաալիքի, որը խնդիր ունի նաև կրթելու, դաստիարակելու և, ի վերջո, ճշմարտությունը տարածելու, ոչ թե՝ կեղծիքը»:
Նա ընդգծեց, որ հնարավոր չէ կարծիք ունենալ, որ 2+2=69, որովհետև դա տգիտություն է. «Դա ո՛չ խոսքի ազատության, ո՛չ գրաքննության հետ կապ չունի, դա պարզապես տգիտություն է և հստակ, նպատակային նետված սերմ՝ մուղամի լեգիտիմացման համար՝ հայկական իրականությունից ներս, որին մենք պետք է վարժվենք, որովհետև այսօրվա կառավարությունն ամեն ինչ անում է, որ մեր կյանքը լավագույն դեպքում լինի թուրքերի հետ համատեղ: Այդ համակեցության եզրերն էլ պետք է մշակույթից սկսվի: Օրինակ՝ իմ ԴՆԹ-ն ապստամբում է, երբ ամեն անգամ հնչում է հայկական իրականություն մտցված մուղամ, որովհետև եթե դա պարսկական, անգամ՝ թուրքական ֆոլկլոր է, դու դա լսում ես բնական, որովհետև դա կապված է այդ լեզուների հետ: Մուղամը հայկական չէ և չի կարող լինել, որովհետև որևէ երգ ծնվում է լեզվից և այդ լեզվամտածողությունից: Մուղամը երբ նստում է հայկական երգի վրա, մեր ամբողջ ձայնավորներն այլասերվում են, աղճատվում են, և դրա համար, երբ դա լսում ես, ուղեղդ սղոցում է, որովհետև հայերեն տեքստը հայերեն չի հնչում»:
Վահե Բեգոյանի դիտարկմամբ՝ Հանրային հեռուստաընկերության պատասխանը նշանակում է՝ արել ենք, էլի ենք անելու. «Դրա համար պետք է նաև հանրությունը սրան հստակ պատասխան տա, արդյո՞ք մեր հանրությունն ուզում է Հանրային հեռուստաընկերությունից նման բաներ լսել: Ես շատ ցավում եմ, բայց չեմ տեսնում, որ ժողովուրդը դրան համարժեք պատասխան տա: Առնվազն պետք է այդ տեքստերն ասողի ձայնասկավառակների խարույկ լիներ»:
Դիտարկմանը՝ Սուպեր Սաքոն նշել է, որ 8 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում և նույնիսկ հայերեն գրել-կարդալ չգիտի, և, որ իրեն այդ հարցը տալը սխալ էր, նա արձագանքեց. «Թող չպատասխաներ այդ հարցին: Երբ ինձ կիբերնետիկայից հարց տան, կասեմ՝ չգիտեմ, չեմ կարող պատասխանել: Այս դեպքում, նա իրականում փորձում է արդարացնել իր մուղամչիությունը՝ հայկական ընդհանուր իրականությունն իջեցնելով իր մակարդակին՝ արդարացնելու համար իր արած ավերը»:
Հարցին՝ եթե սա պատահականություն չէր, ապա ինչո՞ւ ընտրվեց հենց Կոմիտասը, նա պատասխանեց. «Որովհետև Կոմիտասն այն կարևոր սյուներից է, որի վրա խարսխվում է մեր ազգայինը: Մենք Կոմիտասի միջոցով գիտենք նաև մեր միջնադարը: Կոմիտասը միայն երգերի, մշակումների հեղինակ չէ, նա այն կարևոր հենասյունն ու նաև կամուրջն է, որով մենք կամրջվում ենք մեր անցյալի հետ, նրա միջոցով է այն հասել: Այս դեպքում ասել, որ Կոմիտասը նոտաները փոխել է, որպեսզի դահլիճներ լցնի Եվրոպայում, այդ կարգի սրբապղծություն ասել ուղղակի, Կոմիտասին իր երկնային բարձունքներից վերցնել ու իջեցնել այդ ճղճիմ վիճակի մեջ ու դրա հետ հաշտ լինի Հանրային հեռուստաընկերությունը՝ դա ներկայացնելով՝ որպես խոսքի ազատությո՞ւն: Այդ կեղծիքի մեջ այն աստիճանի սրբապղծություն կա՝ արմատին խփող սրբապղծություն»:
Վահե Բեգոյանի դիտարկմամբ՝ այս ամենը վկայում է ազգի իմունիտետի բացակայության մասին. «Երաժշտական հանրության մոտ այդ շոկը եղավ, որովհետև խփեցին մեր իմունային համակարգին. Կոմիտասը մեր ազգային իմունային համակարգն է: Այս բոլոր աղետները նրանից են, որ մենք տասնամյակներով չենք արձագանքել: Չենք արձագանքել ռաբիս երգիչներին գուսանի, վաստակավոր արտիստի կոչումներ տալուն, երբ այդ մարդկանց ողջ գործունեությունը հայկական իրականությանը հակառակ է եղել: Իրենք մշակութային դիվերսանտներ են, իրենք գուցե չեն գիտակցում, բայց դա թուրքական գործակալություն է՝ այս երկրի մշակութային կյանքից ներս գործող, հոգևոր Հայաստանից ներս գործող: Հոգևոր Հայաստանն անհամեմատ ավելի մեծ տարածք է, և դրանից ներս գործող մշակութային գործակալներ են սրանք: Մեր տունը քանդեց հայկական շատ նշանավոր խոսք, որը գրեթե բոլորն իրար ասում են՝ ինչ էլ հավես ունես, դե լավ, էդ ինչի՞ հետևից ես ընկել: Բա ինչի՞ հավես ունենանք, ինչի՞ հետևից ընկնենք, անպայման պետք է պատերազմ սկսվի, որ հասկանանք՝ դա հնարավո՞ր է: Այո, տեսակի պահպանությունը և մշակութային Հայաստանը պահելը կբերեր նաև աշխարհագրական Հայաստանի պահպանությանը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում