Աստղերի դիտումից մինչև Սպարապետ Վազգեն Սարգսյանի ֆոտոցուցահանդես. ՀՀ թանգարանների առաջարկները
Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2023 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարևորագույն դերը համայնքների կայուն զարգացման և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում: Թանգարանները, որպես հեղինակավոր հաստատություններ և առանցքային հանգույցներ համընդհանուր սոցիալական կառուցվածքում, բացառիկ դերակատարում ունեն՝ խթանելու դրական փոփոխությունները և նպաստելու կայուն զարգացման նպատակներին:
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց են եղել բոլոր այցելուների համար՝ թանգարանների աշխատանքային ժամերին, իսկ մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ն: Ծրագրին միացել է Հայաստանի և Արցախի 116 թանգարան:
168.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ են այցելուներին առաջարկում մայրաքաղաքի և մարզային թանգարանները՝ մայիսի 20-ին:
Ավետիք Իսահակյանի-տուն թանգարանից տեղեկացրեցին, որ մայիսի 20-ին, ժամը 18:00-ին ունեն ժամանակավոր ցուցադրություն՝ «Ճամփորդում ենք Վարպետի հետ»: Ժամը 19։30-ին՝ «Պոեզիայի թատրոն» Արթուր Սարգսյանի մասնակցությամբ: Իսահակյանական և հեղինակային երգերի կատարումները՝ կիթառի և ֆլեյտայի նվագակցությամբ և Արևիկ Կարապետյանի, Սաթենիկ Հոգդարձյանի մասնակցությամբ, կկայանան 21:00-ին: Թանգարանում կլինի նաև մոնոներկայացում և վոկալ երաժշտության երեկո:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մայիսի 20-ին ժամը 19:00-ին «Գիր և գրիչ» խորագրի ներքո կցուցադրվեն հայ ﬔծերի ձեռագրերն ու գրիչները, որին կհաջորդի Ժողովրդական երաժշտության հաﬔրգը՝ նվիրված Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում 10:00-19:00-ին կլինի հիմնական ցուցադրություն: Ժամանակավոր ցուցադրություն՝ «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել… Երեխաների բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին»:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում 11:00-24:00 կլինի հիմնական ցուցադրություն, ինչպես նաև Ժամանակավոր ցուցադրություն՝ «Դարից երկար. Արշակ Չոպանյան-Կոﬕտաս» խորագրով: 14:00-16:00-ին կկայանա կրթական ծրագիր՝ «Ձայնիկ նիմ», վարող՝ Աստղիկ Մարտիրոսյան: 18:00-ին՝ Հայ ավանդական հարսանիք՝ «Կանաչացավ ծառն ի խընկին», բանախոս՝ Մարիաննա Տիգրանյան:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ժամը 15:00-ին ժամանակավոր ցուցադրության բացում է՝ «Հին Հայաստանի դեմքերը» խորագրով:
«Էրեբունի» ամրոցում կազմակերպվում է նաև աստղերի դիտում՝ ժամը 20:30-ին: 21:30-ին թանգարանում ուրարտերենով կհնչի Էրեբունու հիմնադրման տեքստը:
Հովհաննես Թումանյանի թանգարանի դռներն այցելուների համար բաց կլինեն 10:30-24:00-ն: Հիմնական ցուցադրությունից բացի, կլինեն կրթական ծրագրեր, թատերական խաղեր:
Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում 11:00-24:00-ը կլինի ժամանակավոր ցուցադրություն՝ «Քարերը կնոջ զարդատուփում» խորագրով: Կլինեն նաև բազմաբնույթ զեկույցներ:
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում 12:00-ին «Ծովակալ Հովհաննես Իսակով. կյանքն ու մարտական ուղին» խորագրով ցուցահանդես է, որին կհաջորդի «Հայերը դիմադրության և պարտիզանական շարժումներում» ցուցահանդեսը՝ ժամը 14:00-ին: 16:00-ին կլինի «Հայ եկեղեցին Հայրենական Մեծ պատերազմում» ցուցահանդեսը, իսկ 18:00-ին այցելուները կարող են դիտել «Նվեր Սաֆարյան՝ խաղաղություն երազող գեներալը» ֆիլմը:
Հայաստանի բնության պետական թանգարանի դռները այցելուների համար բաց կլինեն 11:00-24:00-ն:
«Դաշտադեմ ամրոց», «Ամբերդ ամրոց», «Ագարակ», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց թանգարաններ կարելի է այցելել 11:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Արարատի մարզում Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում 11:00-24:00-ին կլինի Սպարապետի չցուցադրված նկարների ֆոտոցուցահանդեսը:
Պարույր Սևակի տուն-թանգարանում 10:00-24:00-ին կլինի հիմնական ցուցադրություն: