«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ՝ եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում». Նիկոլ Փաշինյան
Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման հարցի շուրջ։ Սակայն հաշվի առնելով նախկին փորձը՝ Նիկոլ Փաշինյանը գերադասեց ձեռնպահ մնալ որևէ կոնկրետացումից։
«Միայն ընդգծեմ, որ Հայաստանը պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի կրկին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Եվրոմիության նախագահի հայտարարությունից տեղեկացել եք, որ գերիների և այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ նույնպես եղել է որոշակի ըմբռնում, բայց հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը, ասեմ միայն, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ մայիսի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում է սպասվում Մոսկվայում, ՀՀ արտգործնախարարն արդեն մեկնել է Մոսկվա։
«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ մայիսի 25-ին, մենք ընդունել ենք այդ առաջարկը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շուլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին։ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում