«Լաչինի միջանցքում Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը դադարեցված է, հստակեցվում են ընթացակարգերը». Զառա Ամատունի

Ապրիլի 30-ին, երբ ադրբեջանական կողմը զավթեց Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և տեղադրեց անցակետ՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ, Կարմիր խաչի մեքենաներով հնարավոր չի եղել Արցախից բուժառուներ տեղափոխել Երևան։

Մայիսի 10-ին տեղեկության վերաբերյալ գրառում էր կատարել նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել էր Ստեփանյանը։

168.amը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ են տանում բուժառուներին անարգել Հայաստան տեղափոխելու համար։

Կարդացեք նաև

«Իրավիճակը հետևյալն է՝ մենք քննարկում ենք կողմերի, որոշում կայացնողների հետ, մեր տեղաշարժի հետ կապված որոշակի լրացուցիչ մանրամասներ պարզելու համար, քանի որ ընթացակարգեր կան, որոնք պետք է հստակեցվեն։ Այս ընթացքում մեր տեղաշարժը դադարեցված է՝ հաշվի առնելով, որ մեր բոլոր տեղաշարժի աշխատանքներում, հատկապես Լաչինի միջանցքում՝ կարիք կա, որ բոլոր որոշում կայացնողները համաձայնության գան, ինչպես միշտ»,- նշեց Զառա Ամատունին։

Նրա խոսքով՝ այս պահին էլ Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքում դադարեցված է՝ ընթացակարգերը հստակեցնելու համար, որից հետո հույս ունեն, որ տեղաշարժը նորից կվերսկսեն։

«Կարմիր խաչը, ինչպես ասացի, որոշում կայացնողների հետ մշտական կապի մեջ է, բժշկական հաստատությունների հետ կապի մեջ ենք, սակայն կա որոշակի մոտեցում, որը պետք է կողմերի հետ համաձայնեցված լինի, որպեսզի մենք մեր աշխատանքները սահուն ու անխափան իրականացնենք։ Սա նորմալ պրակտիկա է՝ միշտ հստակեցրել ենք ընթացակարգերը, մինչև դա չանենք, մենք չենք կարող ապահովել այլ մարդկանց անվտանգ ու սահուն տեղափոխումն ու աջակցությունը»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, տեղադրեց անցակետ՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ։ Բերձորի ճանապարհը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից փակած ադրբեջանական կեղծ «բնապահպանները» մաքսակետերի տեղադրումից հետո հայտարարեցին, որ ժամանակավոր բացում են ճանապարհը, նրանց այս պահին փոխարինում են Ադրբեջանի ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները։ 

Տեսանյութեր

Լրահոս