«Հայ տգետը վտարեք». Կոմիտասի մասին և ոչ միայն
«Բայց ո՞վ ասեց՝ իրենց երաժշտությունն է դա. մերն էլ է եղել մուղամը,- Հանրային եթերում անկեղծ զարմացել ու «զարմացրել է» ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սարգիս Բալասանյանը՝ Սուպեր Սաքոն, ապա պատմել միայն իրեն հայտնի մի պատմություն Կոմիտասի մասին,- Կոմիտասը, որ հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել այդ քառորդ նոտաները, ու իրենց տհաճ է թվացել: Իսկ ինքը հայ երգը տարածելու համար հետ է եկել-ասել՝ չէ, չսիրեցին. բռնեք ջնջեք: Բոլոր քառորդ նոտաները ջնջել են: Ես այդ պատմությունը գիտեմ: Զուտ տարածելու համար, որ իր համերգներին մարդիկ հաճախ գան, բռնել-քառորդ նոտաները ջնջել են…»:
Ահա այսպես, մի քանի րոպեների ընթացքում պատմությունը կեղծելու փորձերի ունկնդիրն ու ականատեսն ենք դառնում այն հեռուստաալիքով, որը սնվում է բոլորիս գրպանից:
Իսկ արձագանքները երկար սպասեցնել չտվեցին, ու պատճառն ամենևին երգիչը չէր, այլ մեծ սփռում ունեցող Հանրային Հեռուստաընկերության քաղաքականությունը, որ առկա անվտանգային մարտահրավերներում, երբ սրված են ազգային զգացումները, նման դրվագներով հաղորդում է եթեր մտնում:
Ամբողջն անամոթաբար հորինում է. Կոմիտասագետ
«Կոմիտասը նման բաներ չի ասել,- 168.am-ի հետ զրույցում Կոմիտասին վերագրվող դրվագին զայրույթով արձագանքեց երգահան, կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը, ապա ցավով հավելեց,- Ազգի մեծ մասն ընկած այդ արևելյան կլկլոցներն են լսում, այժմ էլ բանը հասավ նրան, որ նման բաներ են ասում: Իսկ դա նույնն է, որ ասեն՝ մեր լեզուն թուրքերենն է. երաժշտությունն էլ է լեզու: Նա նույնիսկ չգիտի՝ «մուղամն» ինչ է, քանի որ մուղամ էլ չի երգում. «մուղամ»-ն արևելյան դասական երաժշտության 12 եղանակների համակարգ է, որն ունեն պարսիկները, արաբները, նրանցից վերցրել են թուրքերը և ձևափոխել: Նրա երգածն արևելյան կլկլոցների աղավաղումն է միայն»:
Եթե մարդու հոգևոր հայրենիքը գրավես, ֆիզիկական հայրենիքը կամավոր կհանձնի
Կոմիտասագետը ցավով հիշեցրեց, որ Կոմիտասի ժամանակ նույն վիճակն էր, որ Կոմիտասն ինքն էր պայքարում նման դրսևորումների դեմ, ու ինչպես Կոմիտասն ինքն է փաստել իր հոդվածում՝ հայ հարուստները հովանավորում էին Պոլիսի տիրացուներին, որ պատարագը երգեն աղավաղված արևելյան կլկլոցներով, որովհետև իրենց դուր է գալիս «քաղցր ձայնը»:
«Այն ժամանակից մինչ օրս հայ հարուստները հովանավորում են սրանց նմաններին. որ չվճարեն, ո՞վ է բանի տեղ դնելու:
Դպրոց, մանկապարտեզ. փրկությունը դա է:
Ես քանի անգամ հոդվածներումս նշել եմ՝ ասում եք՝ շպիոն եք գտել, դավաճան եք փնտրում. սրանք ավելի վտանգավոր են, քան այդ լրտեսները: Սա մի լրտես է, որը թշնամու ամենաայլասերված «մշակույթը» փորձում է սերմանել մեր մատաղ սերնդի հոգու մեջ, փորձում է փոխել մեր երիտասարդության տեսակը:
Մենք ունենք երկու հայրենիք՝ ֆիզիկական հայրենիք և հոգևոր հայրենիք՝ մշակութային: Եթե մեր ֆիզիկական հայրենիքի սահմանները պահպանում է մեր զինվորը, ապա մշակութային հայրենիքի սահմանները պահպանված չեն. թշնամին ներխուժել է, և սրա նմանների միջոցով մեր նոր սերնդի հոգու վրա ազդեցություն ունեցել:
Այսինքն՝ եթե մարդու հոգևոր հայրենիքը գրավես, ֆիզիկական հայրենիքը կամավոր կհանձնի. սա պատերազմ է»,- ամփոփեց Արթուր Շահնազարյանը:
Ֆեյսբուքյան արձագանքների մասին
«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Վահե Բեգոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով թեմային՝ մասնավորապես նշել էր. «Ու բնավ չկարծեք, թե մուղամի այս լեգիտիմացման փորձը հայկական իրականությունից ներս պատահական մի բան է` հանրայինով արված, սա սերմ է, որ նետվեց, և հետևողականորեն ու խնամքով աճեցվելու է, և ինչպես Շուշիում մուղամի փառատոնի հրավերը դարձավ իրական, ու բոլորը շատ արագ հաշտվեցին դրա հետ, էդպես էլ Երևանում մուղամը կդառնա իրական ու նորմալ, պարզապես, ինչպես որ Շուշիում մուղամը կա, բայց մենք էլ չկանք, էդպես էլ Երևանում մուղամը կլինի, իսկ մենք` ոչ…
Ու հիմա վայ ու վույ-եր մի արեք:
Ձեր քեֆերին սուպերանասուններին հրավիրողներն ու փայլուն Կոմիտաս կատարողների 5 տարվա աշխատավարձը երեք ոռնոցի դիմաց դրանց վճարողը դուք եք, ու հսկա գումարներով նրանց բայաթիների համերգներին գնացողներն էլի դուք եք:
Ու տեսականորեն Հանրայինն էլ ձեր` հանրությանդ հերոսներին է հրավիրել, վայելեք !!!
Վարդապետի աճյունն առնելու ու անհայտ ու հեռու վայրում պահելու մի հնար լիներ, որ երազեիք ու չունենայիք, ինչպես հրեաները` Ուխտի Տապանակը»:
Աննա Հակոբյանի՝ Շուշիում «մուղամի հրավերի» մասին հայտնի հայտարարությունն էր ակնարկել նաև քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեդրակյանը՝ արձանագրելով. «Ազգովի արժան չենք էդ սրբությանը:
Մեկն էլ Շուշի էր հրավիրում մուղամ լսելու։
Մուղամասերները»:
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էլ հորդորել էր՝ «շարունակել քարկոծել, անարգանքի սյունին գամել և հանրային պարսավանքի ենթարկել մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող, հայ մշակույթի հենասյան, մեր Սրբության Սրբոց Կոմիտասի գործունեությունը կասկածի տակ դնող ոմն «երգասացի» և հանրային տիրույթում նրան ասպարեզ տրամադրող բոլոր պատասխանատուներին…»:
Եվ վերջում՝ Կոմիտասի հորդորի մասին.
«Մեր հայ գավառն է խավար,
Տգիտության է ավար.
Ուսում տարեք
Ու լույս վառեք,
Ու հույս վառեք,
Հայ տգետը վտարեք»։