Ալիևն արցախահայության մեջ փնտրում է նոր Կևորկովների, քասթինգը սկսվել է. Խաղաղության պայմանագիրը նոր կապիտուլյացիա է. Արթուր Մարտիրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Բրյուսելյան բանակցություններն ինձ հիշեցնում են Շեքսպիրի «Համլետը», երբ Պոլոնիուսին հարցնում են` ի՞նչ ես կարդում, ասում է` «Բառեր, բառեր…»:
  • Հայտարարության մեջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը 4 անգամ օգտագործում է «առաջընթաց» բառը, և մենք պետք է կռահենք, թե ինչ է դրված բանակցությունների սեղանի վրա, պետք է հասկանանք՝ որն է օրակարգը: Փաստորեն Շառլ Միշելն ինչ-որ բան հայտարարում է, ըստ որի՝ վերահաստատում են 1991 թվականին ընդունած Ալմա Աթայի հռչակագիրը, հայտարարում են, թե կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հստակ նշելով երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը։ 86.600 քառակուսի կիլոմետրը Խորհրդային Ադրբեջանի տարածքն է, որի մեջ մտնում էր նաև Լեռնային Ղարաբաղը։ Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքն արդեն իսկ 29.800 քառակուսի կիլոմետրից քիչ է, հետևաբար՝ հարց է ծագում՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանը դուրս է բերելու իր զորքերը Հայաստանի տարածքից: Չկա հստակություն: Շառլ Միշելը հայտարարում է, թե իրենք չունեն իրենց օրակարգը, որ իրենք հոգում են միայն խաղաղության մասին, բայց դա կեղծ է, քանի որ Արևմուտքը հստակ ունի իր շահը, ուզում են արագ ավարտին հասցնել համապարփակ խաղաղության շուրջ բանակցությունները, կողմերի ստորագրություններով վերջակետ դնել և Ռուսաստանին ասել՝ դու այլևս անելիք չունես այս տարածաշրջանում:
  • Ալիևն ուզում է ստանալ այն ամենը, ինչ հնարավոր է, մինիմում ծրագիրն այն էր, որ Հայաստանը հրաժարվի Արցախից, և կարելի է ասել, Ադրբեջանը շատ մոտ է իր այդ նպատակի իրագործմանը:

  • Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ հայկական կողմն այս բանակցություններով և հայտարարություններով, ըստ էության, ճանաչել է, որ Արցախի հայության իրավունքների և անվտանգության հարցն Ադրբեջանի ներքին խնդիրն է:
  • Հաջորդն անկլավների ու քարտեզների հարցն է, Ռուսաստանը համոզված է, որ քարտեզներն իր մոտ են պահվում, բայց եթե կողմերը միմյանց հետ պայմանավորվեն, ապա Ռուսաստանի մոտ պահվող քարտեզներն արդեն նշանակություն չեն ունենա, Ալիևը միշտ ասել է, որ իր համար նախընտրելի է երկկողմանի բանակցությունների ֆորմատը՝ առանց միջնորդների, որովհետև այդ դեպքում կարողանում է Փաշինյանին համոզել՝ գնալ իր պահանջած զիջումներին:
  • Ադրբեջանը 30 տարի հղում էր կատարում Ալմա Աթայի հռչակագրին, չէր հաջողվում դա օգտագործել, իսկ հիմա Փաշինյանն է նույն հղումը կատարում, ավելին, իր ձեռքով դա դրվեց իր բանակցությունների հիմքում, և արդեն հաստատել են պրահյան հայտարարությամբ:
  • Ռուսաստան-Արևմուտք էքզիստենցիալ հակամարտության ֆոնին Փաշինյանն այլընտրանքային խաղ է խաղում է զուտ իր իշխանությունը պահելու համար։
  • Ժողովրդին խոստանում է ուղղակի խաղաղություն, որը օդ է զուտ։ Գեղեցիկ բառեր են օգտագործում, անվտանգության ճարտարապետություն, և այլն: Դատարկ խոսքեր են:
  • Եթե թեկուզև կարճատև խաղաղությունը տևի մինչև 2026 թվական, Փաշինյանը կստանա այն, ինչ ուզում է, իսկ նպատակը մեկն է՝ իշխանություն պահելը:
  • Արևմուտքի ռազմավարական մեծ խնդիրն այն է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում անելիք չունենա։
  • Ալիևին պետք է, որ ռուս խաղաղապահները դուրս գան:
  • Տրանսպորտային ուղիներն էլ են որոշել («Իրենց քննարկումներում կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի վերաբացման շուրջ։ Կողմերի դիրքոշումները շատ մոտ են հատկապես դեպի Նախիջևան երկաթուղու վերաբացման շուրջ»,- Շառլ Միշելը ներկայացրել էր Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներում):
  • Դելիմիտացիան վերսկսում են, հայտարարվեց, որ դրան աջակցելու է միջազգային մաքսային կազմակերպությունը, դա նշանակում է, որ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդունում է ադրբեջանական կողմի խաղը: Ալիևն ասում է՝ եթե տալիս եք ճանապարհ ձեր մաքսային ծառայությունով, նշանակում է Լաչինում մնալու է անցակետը, չե՞ք ուզում Լաչինում մաքսակետ, ուրեմն դեպի Նախիջևան ճանապարհին էլ չպետք է լինի մաքսակետ։
  • Արցախում ծանր վիճակ է՝ շրջափակում, բոլոր լծակները՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա, Ադրբեջանի ձեռքում են:
  • Ալիևն ուզում է հասնել նրան, որ Արցախից լինեն հայեր, որոնք համաձայն կլինեն ինտեգրվելուն, որ ադրբեջանական կողմն ապահովի անվտանգությունը:
  • Մինչև 88 թվականն էլ Ադրբեջանն օգտագործում էր բոլոր լծակներն Արցախը հայաթափելու համար, հիմա էլ նույնն է անելու:
  • Տրամաբանական է, որ ադրբեջանական կողմը սկսել է Արցախի բնակչության մեջ իր պատկերացրած քաստինգը, առաջիկայում կտեսնենք, թե Արցախում որ կողմը կխաղա իրենց խաղը: Չեմ բացառում, որ քաստինգն արդեն սկսվել է, և ուշադիր հետևում են, թե Արցախում ով ինչ է հայտարարում։ Ալիևն արցախահայության մեջ փնտրում է նոր Կևորկովներին, որոնք կապահովեն ինտեգրման գործընթացն այնպես, ինչպես մինչև 1988 թիվը:

Կարդացեք նաև

  • 30 տարի պայքարից հետո՝ պատերազմներ, կորուստներ, և հիմա՝ անորոշություն… Այսպիսի հեռանկարի պայմաններում Արցախում մարդ չի մնա:
  • Փաշինյանը խախտել է Սահմանադրությունը, Սահմանադրությունը խախտելու մասին դիսկուրս չկա, բնակչության մեծ մասը պատրաստ է խաբվել, համաձայն են այն ամենի հետ, ինչ ասում և անում է Փաշինյանը, միայն թե խաղաղություն լինի: Իսկ դա վտանգավոր է…
  • Երբ երկրի ղեկավարն ամեն օր ստում է, ամեն օր նոր բան է ասում, որը հակասում է նախկին իր ասածին, իսկ բնակչությունն էլ ընդունում է դա, համակերպվում է այդ ամենի հետ… դա վտանգավոր է, մենք կարող ենք կորցնել պետականությունը։
  • Ավտորիտար, կոռումպացված Ադրբեջանը կուտ է տալիս, թե բանակցելու են Արցախի բնակչության անվտանգության հարցերով՝ որպես փոքրամասնություն։ Իրականում իր ձեռքի տակ եղած տնտեսական և այլ լծակներով կհասցնի նրան, որ Արցախը կհայաթափվի, ինչը ժամանակին ասում էր դեռ Հեյդար Ալիևը՝ աստիճանաբար, քայլ առ քայլ կհասնեն Արցախի հայաթափմանը՝ առանց ուժ գործադրելու: Այդ առումով ոչ թե Մոսկվան, այլ Բրյուսելն է պետք Ալիևին, որովհետև հեշտությամբ կկարողանա համոզել:
  • Ալիևը գիտի, թե ինչ աշխարհաքաղաքական, տնտեսական շահեր ունեն եվրոպացիները, և շատ ազատ է իր պահանջները ներկայացնելիս:
  • Այն, որ Փաշինյանն ընդունել է և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին հղում կատարելով՝ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վտանգավոր է նրանով, որ միաժամանակ ընդունում է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Այսինքն՝ այս իշխանությունները միջազգային հանրության աչքերում Հայաստանը դարձրել են ագրեսոր պետություն, որն իբրև թե օկուպացրել է այլ երկրի տարածքները: Դա նշանակում է, որ կգա ժամանակը, որ Ադրբեջանը փոխհատուցում կպահանջի, այդ ուղղությամբ գործողություններն արդեն սկսել են: Ադրբեջանն աստիճանաբար հավաքում է բոլոր լծակները, չի շտապում, իրենք իրենց նպատակից չեն հրաժարվել և այդ քայլերով կհասնեն դրան:
  • Ինչո՞ւ 90-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդատու Լիպարիտյանը, երբ բանակցում էր Գուլուզադեի հետ, չէր ասում, որ պետք է տարածքներ հանձնել… Լիպարիտյանը ժամանակին դաշնակցական էր, հետո դարձավ խիստ հակադաշնակցական: Մի ժամանակ ասում էր՝ Ղարաբաղ, պայքար, հիմա հակառակն է պնդում: Այսօր Ժիրայր Լիպարիտյանն արդեն ասում է՝ մենք այլընտրանք չունենք, եթե չենք ուզում պատերազմ լինի, ուրեմն պետք է ընդունենք Ալիևի պայմանները…
  • Խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է լինելու: Ադրբեջանին պատերազմ այլևս պետք չի լինի, ինքն ամեն ինչ առանց զենքի է վերցնելու:
  • Ադրբեջանն ունի Թուրքիայի նման գլխավոր շտաբ, համագործակցում է Իսրայելի, Ռուսաստանի հետ:
  • Օսկանյանն ասում է՝ Փաշինյանի ձեռքը պետք է բռնել հիմա, հետո ուշ կլինի: Բայց չի ասում՝ ի՞նչ պետք է անել, ո՞վ պետք է բռնի:
  • Պետք է լինի տեսլական, որը կհամոզի մեծամասնությանը, որ, այո՛, հնարավոր է դիվանագիտական ճանապարհով հասնել նպատակին, առանց պատերազմի, դա պետք է համոզիչ լինի, պետք է բացատրել: Պետք է մարդկանց հասկացնել, թե ինչ վտանգ է սպառնում մեզ խաղաղության այս պայմանագրով, պետք է վստահեն դա ներկայացնող անձին կամ անձանց․ պետք է ապահովել էմոցիոնալ մասը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ ենք կորցնելու: Այսինքն՝ պետք է կիրառել խնդրի լուծման արիստոտելյան եռանկյունու սկզբունքները՝ լոգոս-տրամաբանություն, էթոս-վստահելի անձ, պաթոս-զգացմունքային պահ: 

Տեսանյութեր

Լրահոս