««Ձեր գլխի ճարը տեսեք». Շառլ Միշելի գլխավոր ուղերձն ուղղված էր Արցախի բնակչությանը». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան չի կարծում, թե Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն անակնկալ էր:

«Փաստացի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ և՛ ուղիղ, և՛ ակնարկներ ամիսներ շարունակ ՀՀ իշխանությունն անում է: Այդ 29,800 քառակուսի կիլոմետրի մասին պնդումները, որ՝ մեզ միայն սա է վերաբերում, անընդհատ դրա մասին էին խոսում: Ուղղակի միջազգային մակարդակում եռակողմ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ֆիքսեցին, որ որևէ կերպ այլևս հրաժարվում են պայքարել Արցախի ինքնորոշման իրավունքի համար և ներկայացնել Արցախի բնակչության դիրքորոշումը բանակցություններում, այդ թվում՝ նաև դադարում են իրենց համարել Արցախի անվտանգության երաշխավոր»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Եվրոպական խորհրդի նախագահը երեկ նաև հայտարարեց, որ շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի վերաբերյալ: «Ես Ադրբեջանին կոչ եմ արել միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մշակել դրական օրակարգ՝ այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Շառլ Միշելը:

Անժելա Էլիբեգովան նկատեց՝ ամիսներ շարունակ Արցախը շրջափակման մեջ է, կա Հաագայի դատարանի որոշում, և միջազգային հանրության պարտավորությունն է՝ այդ որոշման կատարումն ապահովել, բացել Լաչինի միջանցքը, հեռացնել ադրբեջանական անցակետը և ստիպել Ադրբեջանին չխախտել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. «Միջազգային հանրությունը մինչև այս պահը այդ քայլերից որևէ մեկը չի կատարել, ինչի՞ հիման վրա պետք է Հայաստանի և Արցախի բնակչությունն ունենա վստահություն, որ հետագայում միջազգային հանրությունը կարողանալու է Ադրբեջանին որևէ բան ստիպել: Երբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին լսում ես, իրենք տրամադրված չեն Ադրբեջանի հանդեպ որևէ պատժամիջոց կիրառել, հետևաբար՝ ինչպե՞ս են ստիպելու կամ համոզելու Ադրբեջանին՝ չխախտել Արցախի բնակչության իրավունքները, եթե հենց այս պահին Ադրբեջանը խախտում է և որևէ պատժի չի ենթարկվում»:

Կարդացեք նաև

Շառլ Միշելը խոսել էր նաև արդարացի խաղաղությունից այն դեպքում, երբ առաջարկվող լուծումները միայն Ադրբեջանի օգտին են և կիլոմետրերով հեռու են ժամանակին ՄԽ համանախագահների առաջարկած արդար լուծման բանաձևերից:

Անժելա Էլիբեգովան այս պահին առհասարակ խաղաղության նշույլ անգամ չի տեսնում. «2020թ. նոյեմբերի 9-ից պատերազմը շարունակվում է, վերափոխվում է, փոխում է ինտենսիվությունը, հետո նորից լարվում է, բայց այնուամենայնիվ, այդ պատերազմը շարունակվում է, չի դադարել: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, ինձ համար պարզ չէ, որովհետև առաջնագծում կրակում են, Ադրբեջանը հարձակումներ է գործում և՛ ՀՀ սուվերեն տարածքի վրա, և՛ Արցախի, շարունակում է 120 հազար հոգու պատանդ պահել, հումանիտար աղետ ստեղծել և սպառնալ Հայաստանին՝ ներկայացնելով իր միֆական պատկերացումները ՀՀ տարածքի վերաբերյալ»:

Նա ներկայացրեց, թե որոնք էին Շառլ Միշելի գլխավոր մեսիջները. «Առաջին գլխավոր մեսիջն ուղղված էր Արցախի բնակչությանը, որ՝ դուք պետք է ինքներդ ձեր գլխի ճարը տեսնեք, փորձեք լեզու գտնել Ադրբեջանի իշխանության հետ, որը ձեզ հետ լեզու գտնելու որևէ միտում անգամ չի ցուցաբերում, հակառակը՝ փորձում է բռնաճնշումներով այդ հարցը լուծել, դուք ձեր գլխի ճարը տեսեք, ու ինչ-որ միֆական միջազգային հանրության հնարավոր երաշխիքներ, որոնք, առհասարակ պարզ չէ՝ ինչ տեսք ունեն, ով է ապահովելու և ինչպես»:

Էլիբեգովայի խոսքով՝ մինչև Հայաստանում չփոխվի պարտվողական քաղաքականություն վարող իշխանությունը, որևէ բան չի փոխվելու. «Ես շատ վաղուց այլ ելքեր չեմ տեսնում»:

Հարցին՝ եթե անգամ հիմա իշխանափոխություն լինի, հնարավոր լինելո՞ւ է իրավիճակը փոխել, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում տարբեր հանդիպումներին տարբեր համաձայնություններ է տալիս, նա պատասխանեց. «Կրկին դա կախված է այն մարդկանցից, որոնք իրենց վրա պարտավորություն կվերցնեն և կունենան այդ համարձակությունը՝ բանակցային գործընթացը շրջել: Իսկ այդ շանսերը կան, և դրա մասին բազմիցս խոսել ենք, թե ինչ է հնարավոր փոխել կամ ուղղել բանակցային գործընթացի տրամաբանության մեջ, և ինչ դերակատարում ունի այդտեղ բանակի մարտունակության վերականգնումը, որպեսզի քո դիրքերն ավելի ամուր լինեն բանակցային սեղանի շուրջ, որպեսզի քեզ չկարողանան անընդհատ ուժով սպառնալ: Կարևոր է նորից վերականգնել դիվանագիտական բլոկը, որովհետև այսօր կարդում էի փոխարտգործնախարարի մեկնաբանությունը, որ ասում է՝ ես տեղյակ չեմ՝ անկլավների մասին խոսվե՞լ է այնտեղ, թե՞ ոչ, ԱԳՆ-ն չունի տեղեկություն՝ ինչի մասին է վարչապետը խոսել Բրյուսելում: Նա ասում է՝ հույս ունենք, որ Ադրբեջանը հետ կքաշի իր զորքերը, այսինքն՝ դրա որևէ երաշխիք էլ չկա, հա՞, միայն՝ հույս և հավատ: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը հետ քաշի իր զորքերը, եթե իրեն դա չպարտադրեն, բացարձակ չեմ հասկանում»:

Անժելա Էլիբեգովան չի հասկանում, թե ինչու պետք է այս փուլում Ադրբեջանը ցանկանա տապալել բանակցությունները. «Ադրբեջանը ներկայացրել է իր պահանջները, որոնք քայլ առ քայլ բավարարվում են, Հայաստանը պահանջներ չի ներկայացնում, անում է ինչ-որ առաջարկներ, որոնք Ադրբեջանի կողմից մերժվում են, և բանակցային գործընթացը ոչ միայն շարունակվում է, այլ բավականին ինտենսիվացել է: Ադրբեջանն այնքան կվերցնի, ինչքան կարողանա»:

Ըստ նրա՝ Արևմուտքին ավելի շատ հուզում է ոչ թե Արցախի հարցը, այլ՝ կոմունիկացիաների բացումը. «Ուկրաինայում պատերազմով պայմանավորված՝ լոգիստիկ ուղիների մեծ մասը խափանվել է և փոխվել է առհասարակ Արևելքից Արևմուտք տրանսպորտային ուղիների, լոգիստիկ ճանապարհների տրամաբանությունը, և Ադրբեջանը միջազգային իր գործընկերներին արդեն որպես կայացած պրոյեկտ՝ «Զանգեզուրի միջանցք»-ը վաճառել է, և իր խնդիրն է՝ կարողանալ դա իրականացնել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս