«Այսօր Արցախը երևի ամենաանկախ պետությունն է, մոտակա 3-4 տարին՝ ևս, հետո կտեսնենք». Անդրանիկ Քոչարյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսելով Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման և դրանից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարության մասին, ասաց, որ Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է։
«Ինչ է, Արցախը տեղաշարժվել է, գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է։
Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բոլոր բանակցություններում և հիմա էլ Արցախն ունի իր սեփական տարածքն ու կարգավիճակը։ Այսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է, մոտակա ևս 3-4 տարին, հետո կտեսնենք»,- նշեց նա։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ Արցախի ինքնորոշման հարցը դրվա՞ծ է, Անդրանիկ Քոչարյանը հարցով պատասխանեց.
«Արցախի ժողովուրդն այլ հարց դրե՞լ է»։
Ինչ վերաբերում է ՀՀ 29.800 քկմ տարածքին և հարցին՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները դուրս կգան ՀՀ սուվերեն տարածքից, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ համոզմունք ունի ՀՀ զինված ուժերի ապագայի նկատմամբ, և բոլորը պետք է ծառայեն այդ նպատակին։
«Բանակն ամեն օր, ինչքան էլ չցանկացողներ լինեն, ցույց է տալիս, որ ինքն ամեն օր ինչ-որ բան ավելացնում է իր ծառայության ընթացքում։ Վերջին 1-2 ամիսը ես անընդհատ մեկ բան եմ ասում, որ այն, ինչը մերն է, մերն է, և այդ մերի գիտակցումն է, որ բանակը կարող է պահել, նույնիսկ ժամանակավոր անհաջողությունները շատ ժամանակավոր են»,- շեշտեց նա։
Այս համատեքստում լրագրողները հետաքրքրվեցին՝ հիմա Արցախը մե՞րն է, ինչին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Արցախում ապրում են 120 հազար հայեր, հայ ընտանիքներ, և քանի դեռ այնտեղ հայ է ապրում, ուրեմն՝ հայկական է, եթե չապրեն, ապա այդ ժամանակ դժվար է ասել, թե ումն է Արցախը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում