Զինված ուժերին հրամայված է գործե՞լ. Ինչո՞ւ հիմա

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ 2021 թվականի մայիսի 12-ին,ադրբեջանական զինված խմբավորումները մտել էին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածք: 2022 թվականի սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 12-ին մեր երկրից Ադրբեջանը 40 քկմ տարածք է օկուպացրել:

«Հետքը» գրել էր, որ «2021-ի մայիսյան օկուպացիայի հետևանքով Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս խոշորացված համայնքի Նորաբակ-Ծարասար հատվածում թշնամու վերահսկողության տակ է անցել 32,1 քկմ տարածք: Այս թվի մեջ ներառված չէ Վարդենիսի Կութ գյուղի հատվածում ադրբեջանական օկուպացիան»:

Ադրբեջանական այս առաջխաղացումներից մոտ 1.5 տարի հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին,որոշվել էր կալանավորել 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին:

Դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված էր, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:

Կարդացեք նաև

Այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին:

Նշենք, որ 2021 թվականի մայիսինադրբեջանական կողմի առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս:Հրապարակված տեսագրությունից երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր էառաջարկումանել, որոնք, Փաշինյանն ըստ էության չի ընդունում՝ բացասական պատասխան է տալիս:

Ի դեպ, մայիսյան ներխուժումներից մոտ 1.5 տարի հետո Արայիկ Հարությունյանին մեղադրող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»:
Իսկ վերը հիշատակված տեսանյութը, հետաքրքիր է, քննության առարկա դարձե՞լ է, հայտնի չէ:

Բայց ՀՀ ինքնիշխան տարածք 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից մի քանի ամիս հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, գեներալ Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: 2022-ի փետրվարի 18-ին էլ ազատվել է պաշտոնից:

168.am-ը գրել էր, որ պաշտոնից ազատվելուց հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, նշանակվել էր Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժումից մոտ 2 շաբաթ հետո էլ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել էին Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային վեց զինծառայող:

Այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ հանդիպմանը որոշ մանրամասներ էր պատմել:

«Գիշերը դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից 1.5-2.5կմ խորությամբ, 2 ուղղությամբ փորձում էին ուժերը միավորել ու ավելի նպաստավոր իրադրություն ստեղծել իրենց համար: Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները: Նշված գործողության ընթացքում հակառակորդն իր օդային հետախուզության արդյունքում հայտնաբերել է մեր գործողությունները և ստորաբաժանումով շրջափակել մեր՝ գործողությունն իրականացնող խմբին, ու նրան հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի»:

Իսկ թե ինչո՞ւ մեր զինծառայողները զենք չեն կիրառել, Ասրյանը պատասխանել էր.

«16 օր արդեն ձեզ հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի, ուժի կիրառման: Գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ զինծառայողները ձեռնամարտի են բռնվել հակառակորդի հետ: Նույնը եղել է այս դեպքում: Մոտենալով մեր 4 զինծառայողներին, ովքեր կատարում էին համապատասխան աշխատանքներ, զենքն ուղղելով նրանց վրա՝ հրամայել են հանձնվել:Մեր 2 զինառայող էլ որոշակի հեռավորության վրա էին գտնվում, մոտեցել են բանակցելու հակառակորդի հետ, սակայն լինելով նենգ, դավադիր, զինաթափել և գերեվարել է մեր 6 զինծառայողներին»:

Նշենք, որ այս 6 գերեվարված զինծառայողներից ոչ բոլորը վերադարձվեցին:

2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժումներից 2 տարի հետո, 2023-մայիսի 11-12-ին նույն հատվածում Ադրբեջանը նորից սադրանքների է դիմում: Մասնավորապես, մայիսի 11-ին վաղ առավոտից մի քանի ժամ շարունակ Սոթք բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հայկական մարտական դիրքերի ուղղությամբ մի քանի ժամ շարունակ հրետանային և ականանետային միջոցներից կրակ է արձակել: Հայկական կողմն ունեցել է 4 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ նաև զոհ:Մայիսի 12-ին էլ Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ, ինչի հետևանքով վիրավորվել է ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Այս տվյալներըհայտնի էին հոդվածը գրելու պահին:

Հարկ է շեշտել, որ ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսը՝ ՀՀ Ազգային հերոս Գարեգին Պողոսյանի գլխավորությամբ, լուրջ պաշտպանություն և կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել՝ թույլ չտալու թշնամու որևէ առաջխաղացում:

Հետաքրքիր զուգադիպությամբ իշխանական շրջանակներնայս օրերին ՀՀ զինված ուժերի գործողությունների և հրամանատար Գարեգին Պողոսյանի շուրջ ստեղծեցին նույն ոգևորությունը, ինչպես 2020 թվականին հուլիսյան մարտերի օրերին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի ղեկավարած 3-րդ բանակային կորպուսի հաղթական գործողությունների ժամանակ էին անում:

Factor TV-ի հետ զրույցում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է՝ «իրենք ուզում են տեսնել՝ հետպատերազմյան փուլում Հայաստանի զինված ուժերը ինչ վիճակում են, և եթե ամեն ինչ այնպես լիներ, ինչպես մեկ տարի առաջ, կուզեին նաև դիրքային բարելավման հասնել»:

Ավելին, ՔՊ-ական պատգամավորն ակնարկել էր, թե զինված ուժերի գործողությունների, այսպես ասած, որակից է կախված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունների արդյունքները:

«Այն, ինչ իրականացնում են մեր բանակային ստորաբաժանումները, չփորձի որևէ մեկը խանգարի, բոլոր խանգարողների հետևից գնալու ենք: Եթե հայկական բանակն իր խնդիրը չլուծի, ինչքան էլ ուզում են հեռախոսային զանգեր լինեն…նրանք ունեն ազդեցություն խնդրի հետ կապված: Կարող ենք արձանագրել, որ մեր զինված ուժերի գործողություններն են հնարավորություն տալիս, որ զանգերն ունենան արդյունք: Չնայած այդ զանգերի մասին որևէ տեղեկություն չկա, գուցե ես չգիտեմ: Բայց ես գիտեմ, որ մեր զինված ուժերի գործողությունները եղել են գրագետ և սպառիչ: Իրենք, եթե տեսնում են դիմադրություն, և եթե դա կրում է գրագետ և կատաղի բնույթ, նրանք խուսափում են հետագա զարգացումներից: Երբ որ քո բանակը գտնվում է մարտունակ վիճակում, բոլոր բանակցություններում դու հաջողություն կարող ես արձանագրել»,- շեշտել է Անդրանիկ Քոչարյանը:

Նկատելի են ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հնչեցրած այս խոսքում ակնհայտ տողատակերը: Այսինքն, այն դրդում է որոշ ենթադրություններ անել: Իսկ դրանց համար հիմքը Անդրանիկ Քոչարյանը դրել էր առնվազն ապրիլի 25-ին: Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ադրբեջանական խախտումներին՝ Անդրանիկ Քոչարյանն ասել էր.

«Եթե կրակեն, մենք կրակելու ենք, առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Եթե առաջ մենք ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չէ»:

Ավելի ուշ «Ֆակտորի» հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով՝ սրբագրել էր իր խոսքը, ինչո՞ւ չէ՝ նաև բառախաղի դիմելով՝ ասել էր.

«Ով ասեց՝ հրամանով չէին կրակել, հոգեբանական բարդույթ ունեինք, որը հաղթահարված է: Դա կոչվում է հետպատերազմյան բարդույթ, այսինքն՝ կաշկանդված էին, շփոթված՝ զինվորից մինչև հրամանատար: Այսօր պատկերը լրիվ այլ է»:

Իսկ մայիսի 11-ին նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել էր, թե «զինված ուժերի գործողություններն են հնարավորություն տալիս, որ զանգերն ունենան արդյունք, և, որ բանակն այսօր գտնվում է մարտունակ վիճակում»: Նախ հարց է ծագում՝ ի՞նչ է փոխվել մոտ մեկ տարվա ընթացքում: Արդյո՞քզենքի խնդիրն ինչ-որ չափով լուծվել է, քանի որ այն բանակի մարտունակության բաղադրիչ է, արդյո՞ք դիրքերի կահավորման հետ կապված լուրջ խնդիրներ են լուծվել, արդյո՞ք անցած տարվա սեպտեմբերի 13-14-ի համեմատ իրավիճակ է փոխվել, երբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ավելի քան 200 զոհ էր տվել:

Եթե նշվածի առումով շոշափելի փոփոխություն չկա, կարո՞ղ ենք ենթադրել, որ անկախ առկա խնդիրներից, ՀՀ զինված ուժերն ի վիճակի էին դիմադրել և կանխել ադրբեջանական առաջխաղացումները և հարձակումները, բայց նման քաղաքական որոշում չի եղել:

Փաստորեն Անդրանիկ Քոչարյանն այսօր ասում է այն, ինչ 3 տարի շարունակ իշխանության ընդդիմախոսները, ռազմական ոլորտի մասնագետները պնդում են. «երբ որ քո բանակը գտնվում է մարտունակ վիճակում, բոլոր բանակցություններում դու հաջողություն կարող ես արձանագրել»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պիտի էսկալացիա թույլ չտալ՝ դրա համար պետք է օգտագործել քաղաքական, դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները, որ բանակը մեզ պետք է խաղաղության, ոչ թե պատերազմի համար:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ մեր անվտանգության երաշխավորը խաղաղությունն է, մինչդեռ այսօրվա մարտահրավերների դեպքում երկուսի երաշխավորն էլ հայկական բանակն է:

Ի դեպ, երբ 2021-ի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին էր ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին, ասել էր, որ Զինված ուժերը պետք է ենթարկվեն իր օրակարգին:

«Փաստն այն է, որ ճակատագիրը հենց մեր վրա է դրել, այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից:

Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում: Իհարկե, մենք իրար հետ աշխատում ենք արդեն բավականին երկար ժամանակ, գործնականում՝ ավելի քան 2 տարի, և հույս ունեմ, որ նաև մեր համատեղ աշխատանքի պատմությունը կօգնի մեզ, որպեսզի Պաշտպանության նախարարությունը և կառավարության մյուս մարմիններն ու Զինված ուժերը սինքրոն գործեն»,-ասել էր Փաշինյանը:

Կարապետյանն էլ արձագանքել էր.

«Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք՝ որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:

Այսինքն, Արշակ Կարապետյանը մի կողմից՝ ակներևաբար համաձայնել էր առաջ տանել Փաշինյանի օրակարգը, մյուս կողմից՝ ակնարկել, որ Կորպուսի հրամանատարները, ՊԲ հրամանատարն իրեն են լսում:

2021 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանից ազատվելու որոշում կայացրեց, պատճառներից մեկը դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնություններն էին:

168.am-ը 2022-ի մայիսին գրել էր, թե Պաշտպանության նախարարներից ով՝ ինչ առաքելությամբ էր նշանակվել, և ինչո՞ւ է ազատվել:

Շարունակենք Անդրանիկ Քոչարյանի հայտարարության տողատակերի թեման՝ «եթե թշնամին տեսնում է դիմադրություն, և եթե դա կրում է գրագետ և կատաղի բնույթ, նրանք խուսափում են հետագա զարգացումներից»: Այսինքն, ՀՀ զինված ուժերը կարո՞ղ էին դիմադրել, և մենք չէի՞նք ունենա ավելի քան 150 քկմ օկուպացված տարածք: Մտավախություն կա, որ հանկարծ ՀՀ զինված ուժերի հետ կապված Փաշինյանը հետին նպատակներ չունենա, ինչպես որոշ փորձագետներ նկատեցին հուլիսյան մարտերի օրերին: «44-օրյա պատերազմի ծագումը» խորագրով հոդվածում Փաշինյանը գրել էր.

«2020թ. հուլիսյան մարտերը էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա: Մեր բանակը ոչ միայն դիմակայեց, այլև մարտական դիրքում և մարտերի ընթացքում մենք ոչ մի զոհ չունեցանք, ոչ մի զոհ: Մեր զոհերը թիկունքում էին նահատակվել:

Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերն անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»:

Իսկ արդեն այս տարվա հունվարի 10-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Փաշինյանը, փաստորեն, ինքն իրեն հակասելով՝ ասել էր, «մենք գիտեինք, որ ուժեղ բանակ ունենք, քանի որ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել»: Բայց 44-օրյա պատերազմում պարտվեցինք…

Տեսանյութեր

Լրահոս