ՔՊ-ականները վաղուց կորցնելու բան չունեն, որովհետև շատ լավ գիտեն՝ իշխանությունից հետո շանս չունեն. Արսեն Բաբայան

«Այս իշխանությունը «բեսպրեդելն» ավելի է խորացրել. Կարծում եմ՝ դա վախի հետևանք է: Այո՛, կա վախ, որովհետև, ի վերջո, իրենք էլ են հասկանում՝ ինչ են արել: Բայց շատ տարօրինակ է, որ ժողովրդի ցասումը փորձում են ուժով, ագրեսիվ մեթոդներով զսպել: Սա բերելու է ագրեսիայի էլ ավելի մեծացման: Իսկ այդ ագրեսիան մի օր հենց իրենց գլխին է պայթելու»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը:

Ըստ նրա՝ երբ մարդիկ տեսնում են, որ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը թքում է մարդու վրա՝ ընդ որում, անվտանգության աշխատակիցների կողմից նախապես նրան անշարժացնելով, և դրա համար որևէ պատասխանատվություն՝ ոչ քրեական, ոչ քաղաքական, չի կրում, փոխարենը օրեր անց ԱԺ-ում հայտարարում է՝ «պետք եղավ, էլի կթքեմ», դա, բնականաբար, բերելու է այլ մարդկանց ագրեսիայի, ովքեր նրան փողոցում տեսնելիս գոռալու են՝ «դավաճան», և կարող են նույնիսկ թքել վրան:

«Ալեն Սիմոնյանի վերաբերյալ քրեական վարույթ չհարուցելը մի սարսափելի իրականություն ստեղծեց ի դեպ: Քննչական մարմինները հենց սկզբից ասացին, որ այդ գործողությունն ապաքրեական է, ինչը նշանակում է, որ ցանկացած անձ նույն կերպ կարող է վարվել, ու դա համարվի ապաքրեական գործողություն»,-  ասաց Արսեն Բաբայանը:

Անդրադառնալով իրավապահ մարմինների կրկնակի ստանդարտներին՝ մասնավորապես, լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով, երբ նրան ներազգային թշնամանք հարուցելու գործով կալանավորեցին, ու վերջինս մահացավ դատարանի դահլիճում, իսկ իրեն քաղաքագետ անվանող Էդվարդ Անտինյանը մի ամբողջ հաղորդում նվիրում է սանձարձակ հակաարցախյան քարոզին, ու դրա համար որևէ պատասխանատվություն չի հետևում, Արսեն Բաբայանն ասաց՝ չի էլ լինելու:

Կարդացեք նաև

«Որովհետև Ձեր նշած անձը հարցազրույցներով, եթե ոչ անձամբ այս իշխանության ղեկավարի խնդրանքով, ապա առնվազն նրա հորդորով է անում այդ արտահայտությունները: Ես ավելի քան համոզված եմ՝ նա կրկնում է այս իշխանության գաղափարները: Դա իշխանական քարոզչություն է: Իրենց բացած բազմաթիվ ալիքներով ամբողջ օրը հենց այդ քարոզն է սփռվում: Այո՛, Էդվարդ Անտինյանը չի ենթարկվելու որևէ պատասխանատվության, իսկ Արմեն Գրիգորյանը և էլի բազմաթիվ ընկերներ մինչև անգամ կսպանվեն»,- ասաց Արսեն Բաբայանը:

Խոսելով դատական իշխանության մասին՝ Արսեն Բաբայանն ասաց՝ Արշակ Վարդանյանի ընտրությունը ցույց տվեց, որ դատավորները թաքուն են պայքարում իրենց անկախության համար, որովհետև Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի ընտրությունը կայացավ փակ գաղտնի քվեարկության պայմաններում, բայց ամեն դեպքում, չնայած տարատեսակ ճնշումներին, դատավորներն իրենց խոսքն ասացին:

«Բայց ամեն դեպքում եկեք հիշենք, որ Կարեն Անդրեասյանն ատում է դատական իշխանությունը»,- ասաց նա:

Փաստաբանն անդրադարձավ նաև ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ակցիային հետևած՝ ԱԺ նախագահության և կառավարող խմբակցության արձագանքին:

«Երբևէ որևէ մեկի մտքով չի անցել, որ համազգեստավոր մարդիկ կարող են մտնել ԱԺ դահլիճ, որովհետև ԱԺ դահլիճը «ֆորմով մարդու» տեղ չէ: ԱԺ դահլիճում չպետք է զենք լինի. այնտեղ բոլորը հավասար են, բոլորն ունեն խոսքի իրավունք: Եթե հիշում եք, դեպք եղավ, երբ Զարուհի Փոստանջյանը բարձրացավ Գալուստ Գրիգորիչի (ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյան.- Գ.Ս.) մոտ, բայց այդ ժամանակ էլ անվտանգությունը դահլիճ չմտավ, չէինք էլ թողնում, որովհետև ոչ մեկի մտքով չէր անցում, որ ԱԺ-ում «ֆորմով մարդիկ» պետք է շրջեն. հո սահման չէ՞: Անգամ ԱԺ նախագահի թիկնազորը երբեք դահլիճ չի մտել»,- ասաց Արսեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ իշխանությունների այսպիսի վարքագիծը մի քանի գործոնով կարող է պայմանավորված լինել, այդ թվում՝ առաջին հերթին՝ վախով, գնալու նախապատրաստությամբ, լկտիության աստիճանի մեծացմամբ:

«Նրանք վաղուց կորցնելու բան չունեն, որովհետև ՔՊ-ականները շատ լավ գիտեն, որ իշխանությունից հետո շանս չունեն»,- ասաց նա:

Արսեն Բաբայանը պնդում է՝ թելադրված, պարտված ու պարտադրված խաղաղություն չի լինում:

«Խաղաղության մասին կարելի է խոսել, եթե կարող ես պաշտպանել քո սահմանները… Սա ուղիղ, պլանավորված, հանձնարարված հայրենազրկման գործընթաց է՝ ի սկզբանե՝ 2018թ.-ից իմանալով, գալով ու գրավելով ՀՀ մայրաքաղաքի Հրապարակի շենքը: Եկավ-գրավեց, հանձնեց Արցախը»,- ասաց Արսեն Բաբայանը:

Խոսելով Հովհաննես Շահինյանի ձերբակալության որոշման ու դրան հաջորդած գործողությունների մասին՝ Արսեն Բաբայանը նշեց՝ մինչ օրս պաշտոնապես չգիտի՝ ինչում է մեղադրվում իր վստահորդը: Բացի դրանից, իրեն չի հաջողվում ներգրավվել նաև որպես պաշտպան: Քննիչը պնդել է՝ Շահինյանն անձամբ բնօրինակ գրությամբ պետք է հաստատի, որ համաձայն է, որ Արսեն Բաբայանը լինի իր պաշտպանը:

«Նման բան չի եղել: Բազմաթիվ գործերով պաշտպանյալներս երկրում չեն գտնվում, բայց նման խնդրի չեմ բախվել: Ի վերջո, այսօր առավոտյան՝ 9:30-ին, տարել, քննչական մուտք եմ արել, դեռ նորություն չկա»,- ասաց Արսեն Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս