Ինչ չէր կարելի ընդդիմադիր Արմեն Գրիգորյանին, կարելի է իշխանամերձ «քաղաքագետի՞ն». ինչո՞ւ է ԱԱԾ-ն անտեսում ատելության, թշնամանքի և կեղծիքի խոսույթը

Մոտ մեկ տարի առաջ՝ 2022թ. մայիսի 17-ին, ձերբակալվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մի իսկական մասկի-շոու կազմակերպեց, զարհուրելի տեսանյութ հրապարակեց, թե ինչպես են անձը նվաստացնելով՝ տանում Արմեն Գրիգորյանին:

Օրեր անց ԱԱԾ-ն հաղորդագրություն հրապարակեց, ըստ որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

«Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրել էր նաև, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս հետամուտ է լինելու ազգային արժանապատվությունը նվաստացնելուն, ազգային թշնամանք հարուցելուն ուղղված նմանատիպ դրսևորումները չեզոքացնելու համար և համարժեք միջոցներ է ձեռնարկելու` կատարված հանցագործության դեպքերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ ՀՀ ԱԱԾ տեղեկացմամբ՝ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 3-6 տարի ժամկետով:

Արմեն Գրիգորյանը կալանավորվեց, ապա դատարանի դահլիճում մահացավ իր գործով առաջին նիստին: Քննիչը, դատախազը, երկու կին դատավորներ համարեցին, որ Արմեն Գրիգորյանն ազգային թշնամանք է տարածել ու պիտի անպատճառ կալանավորվի, և այլ խափանման միջոցի առկայության պարագայում այդ վարույթը որևէ կերպ չէր կարող քննվել: Հետո էլի եղան մի քանի դեպքեր, երբ հայ և եզդի ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու համար հաղորդում տրվեց սորոսական իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ, որն այժմ Հայաստանում չէ և որևէ պատասխանատվության չի կարող ենթարկվել: Ապա մի նիկոլական մատուցող՝ կասկածելի անցյալով ու ներկայով,  հայաստանցիների ու արցախցիների մեջ թշնամանք սերմանող տեսանյութեր հրապարակեց, բայց նա էլ չկալանավորվեց:

Եվ առհասարակ ներազգային թշնամանք հարուցող որևէ մեկը կալանավորված չէ. Արմեն Գրիգորյանն այս հանցակազմով կալանավորված միակ մարդն է, որովհետև ուներ ծայրահեղ ընդդիմադիր հայացքներ, մասնակցում էր ընդդեմ Փաշինյանի բողոքի ցույցերին, տարբեր ակցիաների, և առհասարակ նրան լռեցնել հնարավոր եղավ միայն ֆիզիկական չգոյության պայմանով: Նախաքննական մարմինը, դատախազն ու երկու կին դատավոր Արմեն Գրիգորյանի կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորում էին նրա՝ հանրային գործիչ ու լսարան ունենալու հանգամանքով:

Ի դեպ, Արմեն Գրիգորյանի այն հարցազրույցին, որի միայն մի երկու րոպե տևող հատվածում վերջինս կիրառել էր «սրանք թուրքի եթիմ են» էմոցիոնալ արտահայտությունը, ԱԱԾ-ն ուշադրություն դարձրեց դրանից շուրջ 1.5 տարի անց:

Իսկ հիմա՝ ուշադրություն:

2022թ. դեկտեմբերի 28: «Նոյյան տապան» լրատվական գործակալության յութուբյան էջում հրապարակվում է Էդվարդ Անտինյանի հետ «Փաշինյանի մասին բլեֆը պայթեց, խաղը բացահայտվեց. միջանցքի փակումն ուզում էին ջարդել ՀՀ իշխանությունների վրա» վերտառությամբ հարցազրույցի մոտ 31 րոպեանոց տեսանյութը: Տեսանյութը, որն ունի 278 000-ից ավելի դիտում, ծայրից ծայր հակաարցախյան քարոզ է, ներազգային թշնամանքի ցցուն դրսևորում, բայց ԱԱԾ-ն լուռ է:

Էդվարդ Անտինյանն իր մի քանի հարյուր հազարանոց լսարանին ակնհայտ կեղծիքներ տարածելով համոզում է, որ Արցախն է մեղավոր Լաչինի միջանցքի փակման համար, որ Արցախն ու արցախցիները ուզում էին «իրենց ծտի ուղեղով» (մեջբերումներն՝ Էդվարդ Անտինյանի.- Գ.Ս.) սարքել Հայաստանի գլխին, բայց չստացվեց:

Ստորև ներկայացնում ենք ասվածի ապացույցները՝

  • «Բա ի՞նչ փոխվեց մի քանի օրվա ընթացքում, արցախցինե՛ր, կերել էիք հայաստանցիների կյանքն ու ներվերը»…
  • Արցախցուն համոզել են, որ քո փրկությունը Հայաստանի հետ լինելը չի: Դա շատ լավ կարողացել են համոզել… Կարող ա վաղը քեզ համար շատ լավ պայման է ստեղծում Ադրբեջանը, մտնում ես Ադրբեջանի կազմ, փնթփնթալով կմտնես Ադրբեջանի կազմ, կմեղադրես Հայաստանին: Կարող ա մտնում ես Ադրբեջանի կազմ, էլի փնթփնթալով Հայաստանը մեղավոր էր, կամ ո՛չ էնտեղ կմտնես, ո՛չ էնտեղ, 120 000 մարդ, թշնամի համարելով Հայաստանին, կգաս-կլցվես Հայաստան և Հայաստանում կստեղծես ներպետական անկայունություն: Այս երեքը անելու համար իրա թիվ մեկ թշնամին Հայաստանն է, հայաստանցին է…
  • Դուք ձեր միակամության մեկ թիրախ ունեք՝ Հայաստանը ձեր թշնամին է, դուք ուրիշ թիրախ չունեք… Դուք պայքարում եք Հայաստանի դեմ (Էդվարդ Անտինյանը՝ արցախցիներին.- Գ.Ս.)…
  • Արցախցիների կյանքը մի նպատակ ունի՝ Հայաստանը վերանա: Եթե Հայաստանը վերացավ, իրենք էլ պրոբլեմ չունեն, որովհետև իրենց միակ նպատակը դա է…
  • Արցախի ժողովուրդը և իշխանությունը, թեպետ տարբեր են մտածում, բայց նպատակը մեկն է՝ իրենք Հայաստանի թշնամին են… Դա այն ժամանակ Քոչարյանի պլանն էր՝ Ալիևի հետ համաձայնեցված, հիմա էլ դա ագրեսիվ կերպով փորձեց Ռուբեն Վարդանյանը:
  • Արցախցին պատրաստ է թշնամալ Հայաստանի հետ, պրոբլեմ չկա, պատրաստ զորք ա, կանգնած ա Հայաստանի դեմ…
  • Դուք մի հոգի արցախցու լսե՞լ եք, որ դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի արածը… Չեք լսի… Որովհետև ո՞նց կարա տենց բան լինի: Իրենք համարում են, որ իրենք կյանքում եթե մի անգամ հաջողություն ունեցել են, Արցախից զորքը եկել է, Երևանում հայաստանցուն ջարդել է: Տենց երջանկություն իրենք այլևս երբեք չեն ունեցել, էլ չեն ունենա… Իրենց հերոսը Ռոբերտ Քոչարյանն է: Իրենք ամբողջ կյանքում պիտի պարտական լինեն՝ ա՜խ, մենք ունեցել ենք երանելի ժամանակներ, որ կարայինք երևանցուն փողոցում գնդակահարենք… Էս երազանքը այլևս չի լինելու… Հիմա իրենց ամբողջ պայքարը դա է՝ ո՞նց անեն, Հայաստանում նորից իշխանության գան Ռոբերտ Քոչարյանը կամ իր դրածո որևէ մեկը, ու մենք նորից վերադառնանք այն բանին, որ ղարաբաղյան համարներով Հայաստանում քշենք, ու տեսուչը չկանգնացնի, ղարաբաղյան ակցենտով խոսենք, մեկը ռիսկ չանի՝ մեզ դիտողություն անի, ասի էս ինչ ես անում, ղարաբաղյան ակցենտով հայհոյենք, և բոլորն ասեն՝ հա դե, ի՞նչ գործ ունենք… Էդ ժամանակներն անցել են, չեն հաշտվում էդ մտքի հետ: Նրանք Արցախը կորցնելու հետ կհաշտվեն, բայց Հայաստանին, հայաստանցուն կրակելու ու անպատիժ մնալու հետ չեն հաշտվելու…

Այս կտորները, ի դեպ, նաև Ֆեյսբուքում առանձին մասերով են տարածվում՝ տարբեր տեսակի մոնտաժած տեսանյութերի միջոցով:

Ավելի թարմ օրինակ: 11 օր առաջ՝ ապրիլի 19-ին, կրկին «Նոյյան Տապանի» եթերում  նույն Էդվարդ Անտինյանի մասնակցությամբ հեռարձակվում է «Ալիևին կստիպենք դարակից հանել թղթերը. Իլհամն ասում է՝ տղե՛րք, գլուխ եք պահում, ՀՀ-ն պայթեցրեց ներսից» վերտառությամբ տեսանյութը, որն ունի 101 200-ից ավելի դիտում:

Հարցազրուցավարի հարցին՝ ինչո՞ւ է Ալիևը պարբերաբար իր խոսքում հիշատակում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, Էդվարդ Անտինյանը պատասխանում է՝ Ալիևը շատ դժգոհ է Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից:

«Որովհետև իր գործակալ Նարիմանովը և իր աճեցրած կադր Ռոբերտ Քոչարյանը՝ Սայիդիչը, ոնց որ սկսել են այդքան ակտիվ չլինել: Նա նրանցից ապակայունացման լուրջ խնդիրներ է սպասում, իսկ նրանք ոնց որ չեն անում: Կստիպեն՝ Ալիևը դարակից կհանի թղթերը, կասի՝ տղե՛րք ջան, էս դուք չէի՞ք, ոնց էիք հայության դեմ պայքարում, ինչեր էիք անում Արցախում: Բա գործակալները բոլորը ձեռագրով բաներ են գրում: Էդ հո միամի՞տ չենք: Ալիևի մոտ ա, դրած ա սեղանին: Նա պարբերաբար հիշատակում է… Ասում են՝ Ալիևը վախենում է… Ո՜չ, էդ ումի՞ց է վախենում: Հաղթելուց հետո ումի՞ց է վախենում… Ալիևն ասում է՝ տղե՛րք, դուք սկսել եք խնայել փողերը: Նորմալ ծախսեք, նորմալ պայթեցրեք ներսից, էս ի՞նչ կապիկություն եք անում… Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ադրբեջանի գործիքն են… Ասում է՝ նորմալ աշխատեք, որ պայթեցնենք: Ուրիշ բան չկա…»,- հայտարարում է Էդվարդ Անտինյանը, որը ժամանակին առիթ բաց չէր թողնում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին, ուշադրությանը արժանանալու համար:

Հարցազրույցի այս հատվածը, ի դեպ, նույնպես առանձին կտորով տարածվում է սոցիալական տարբեր հարթակներում:

ԱԱԾ-ի համար լավ հնարավորություն է՝ ցույց տալ, որ իր տարածած հաղորդագրությունները միայն կոնկրետ անձանց վրա չեն տարածվում, և ներազգային թշնամանք տարածողների նկատմամբ ուշադրություն սևեռել խոստացող ԱԱԾ-ն, թերևս, գործով պետք է ցույց տա, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը բոլորին է վերաբերում, այլ ոչ թե միայն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին:

Տեսանյութեր

Լրահոս