Առավելագույնը, որ կարող ենք ակնկալել, հարաբերությունների կարգավորման վերաբերյալ շրջանակային համաձայնությունների կայացումն է. փորձագետ

«Մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմավարական մոտեցումը՝ եղած հակամարտությունների կարգավորման տրամաբանության մեջ է, ինչն առաջին հերթին բխում է հենց Վաշինգտոնի շահերից,- 168.am-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում մեկնարկած հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստին, ապա  մանրամասնեց,- Վաշինգտոնի շահերն այս տարածաշրջանում իրեն մրցակից դերակատարների՝ Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացումն է. եթե տարածաշրջանում չկա հակամարտություն, ապա ՌԴ և ԻԻՀ ազդեցությունն էականորեն նվազում է»:

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ, հենց այս քաղաքականությամբ է Վաշինգտոնը փորձում երկկողմ բանակցային միջավայրում՝ առանց միջնորդների, կողմերին բերել այն համոզմունքի, որ հնարավոր է զարգացնել երկկողմ հարաբերություններ՝ առանց արտաքին դերակատարների:

«Քանի որ, եթե այդտեղ մտնում է մի միջնորդ, տվյալ դեպքում՝ ԱՄՆ, ապա այն տրամաբանորեն առաջացնելու է Ռուսաստանի հակազդեցությունը: Ու որպեսզի խաղաղությունը կայանա, և դա նվազ խնդրահարույց լինի, Միացյալ Նահանգները ձգտում է, որպեսզի կողմերը գնան անմիջական բանակցությունների միջոցով կարգավորման»,- հավելեց նա:

Փորձագետի գնահատմամբ, սակայն, հաշվի առնելով Արցախյան հակամարտության իրողությունը, Ադրբեջան-Հայաստան հակամարտության բովանդակությունը, Թուրքիա-Հայաստան հիմնախնդիրը՝ ԱՄՆ-ի այդ ռազմավարությունն առանց լուրջ միջնորդության իրականանալ չի կարող:

Կարդացեք նաև

«Այսինքն՝ միանշանակ է, որ այստեղ կա և՛ քաղաքական, և՛ ուժային հավասարակշռության խախտում, փոխադարձ անվստահություն և թշնամանք կողմերի միջև (ընդ որում, շեշտում եմ՝ այստեղ միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն. կա նաև Թուրքիայի գործոնը,  նաև՝ ՌԴ և Իրանի հանգամանքը), Ադրբեջանի կողմից առավելապաշտական դիրքորոշում, որը կարող է մեղմվել բացառապես ազդեցիկ միջնորդի դերակատարման պարագայում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Արդյո՞ք Թուրքիայի գործոնով պայմանավորված է հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում ԱՄՆ-ում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Արմեն Պետրոսյանն արձագանքեց. «Նաև այդ գործոնով պայմանավորված, բայց նաև՝ որպես հարևանների հետ հարաբերությունների կարգավորման թիմում ներգրավված պաշտոնյա: Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մեկ գծով չպետք է նայել, որովհետև նույն Թուրքիա-Հայաստան հարաբերություների կարգավորման համար թուրքական կողմը մշտապես որպես նախապայման դրել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը»:

Ի՞նչ ակնկալել այս բանակցություններից՝ մեր վերջին հարցին պատասխանելով՝ տարածաշրջանային հարցերով փորձագետը նշեց հնարավոր փաստաթղթի ստորագրման հավանականությունը:

«Առավելագույն արդյունքը, որ կարող ենք ակնկալել, հարաբերությունների կարգավորման վերաբերյալ շրջանակային համաձայնությունների կայացումն է: Սա ընդունված պրակտիկա է նման բնույթի հակամարտություններում. այսինքն՝ երբ կան բազմաշերտ հակամարտություններ, կողմերը ստորագրում են համաձայնագիր եղած խնդիրների կարգավորման սկզբունքների շուրջ:

Իսկ արդյո՞ք այդ համաձայնությունը կկայանա, թե՞ ոչ. այստեղ է, որ հիմնական խնդիրները կարող են առաջանալ, և դա, նախևառաջ, ՌԴ հակազդեցությունն է լինելու: Դա, այնուամենայնիվ,  ՌԴ-ի կողմից գնահատվելու է իր մրցակիցների կողմից նաև մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու փորձ:

Հետևաբար, չի բացառվում, որ ՌԴ-ն ամեն կերպ փորձելու է տարածաշրջանում ինչ-ինչ քայլերով խոչընդոտել նախ այդ բանակցությունների ընթացքը: Իսկ, եթե դա չծրագրվի, ապա ՌԴ-ն կփորձի խոչընդոտել Վաշինգտոնում հավանական համաձայնության զարգացման հնարավորությունը, կամ, առնվազն, բերել իր միջնորդական ձևաչափ,- պարզաբանեց նա՝ արձանագրելով, որ առկա մրցակցությունը խոչընդոտելու  է նվազագույն լուծումների կայացմանը և նաև մանևրի հնարավորություն է ընձեռելու Ադրբեջանին, որ ինչ-որ պահից փորձի դուրս գալ պայմանավորվածություններից՝ իր համար տեսնելով շատ ավելի արդյունավետ ճանապարհներ սեփական օրակարգի իրացման համար,- Իսկ դրա հնարավորությունը կարող է լինել հատկապես Թուրքիայում կայանալիք ընտրություններում Էրդողանի իշխանության հաղթանակի դեպքում:

Հակառակ դեպքում, եթե հաղթի թուրքական ընդդիմությունը, կամ սկսվեն ընտրությունների արդյունքները փոխադարձ ճանաչելու պրոցես, այսինքն՝ որոշակի ներքին անկայունություն, ապա Ադրբեջանը փորձելու է մնալ գործընթացում՝ իր համար տարածաշրջանային իրողությունները կառավարելու համար»,- ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ Թվիթերում գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով , որ «երկխոսությունն առանցքային է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»: Նախօրեին Միացյալ Նահանգների մայրաքաղաքի Առլինգթոն արվարձանում նախ կայացել են պետքարտուղարի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց հաջորդել էր՝ եռակողմ, ապա՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս