Միջազգային տարբեր պարբերականներում ցավալիորեն արտացոլվում է գերազանցապես ադրբեջանական տեսակետը. ադրբեջանագետ

Երեկ Ադրբեջանը հերթական փիառ ակցիան էր իրականացնում՝ Արցախի քաղաքացիներին ստիպելով անցնել ապօրինի տեղադրված անցակետերով և դա տեսանկարահանելով, որպեսզի աշխարհին համոզի, որ «ռազմական ավարների պուրակ» բացող, շուրջ 5 ամիս Արցախը շրջափակման մեջ պահող պետությունը բարեկիրթ է և կարող է բռնի կերպով ինտեգրել 120 հազար ՀՀ քաղաքացիներին:

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ այդ բեմականացումն ուղղված էր հատկապես Արևմուտքին:

«Արևմուտքից ասում են՝ չեք կարող բռնի ինտեգրացիայի ենթարկել, կամ՝ նման հայտարարություններ հնչեցնել, իրենք էլ այս տեսանյութը պատրաստել են՝ ցույց տալու, որ ամեն ինչ նորմալ է, քաղաքակիրթ է»,- մանրամասնեց ադրբեջանագետը՝ նկատելով, որ ռուսական կողմը ևս պետք է տրամադրի իր տարբերակը, քանի որ հակառակ պարագայում՝ հայկական կողմը հայտնվում է անհասկանալի իրավիճակում:

Հիշեցնենք՝ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ադրբեջանական տեսանյութին՝ մասնավորապես տեղեկացնելով.

Կարդացեք նաև

«Լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու: Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների:

Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակի մեջ, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար»:

Հարցին, թե որոնք պետք է լինեն հայկական կողմի քայլերը, բացի խնդիրներն արձանագրելուց ու դրանց մասին բարձրաձայնելուց, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ այս պահին խնդրով փորձում են զբաղվել Արցախի իշխանությունները, իսկ ՀՀ-ն մաքսիմալ օտարված է:

«Ուղղակի մինիմալ դիտարկումներ են արվում ՀՀ-ի կողմից, բայց գործնական առումով որևէ քայլ չի արվում իրավիճակը ներկայացնելու. միջազգային տարբեր պարբերականներում ցավալիորեն արտացոլվում է գերազանցապես ադրբեջանական տեսակետը: Ի դեպ, երբ Արցախում պետնախարար էր Ռուբեն Վարդանյանը, իրավիճակն այսպես չէր. հայկական կողմի տեսակետները հստակ արտացոլվում էին»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը՝ շեշտելով, որ Բաքուն օգտվելով իրավիճակից՝ պարտադրում է լուծումներ:

Նախկին պատգամավորը շեշտեց, որ ՌԴ-ն չի լուծում խնդիրը, մինչդեռ արտգործնախարարի մակարդակով խոստացել էին, որ Բերձորում անցակետ չի լինելու:

Արդյո՞ք գործող իշխանությունների հակառուսական կեցվածքը, հնչող դիրքորոշումներն են պատճառը, որ ռուսական կողմը հապաղում է՝  մեր հստակեցմանն ի պատասխան՝ Տաթևիկ Հայրապետյանը վստահեցրեց, որ հակառուսականությունն այս իշխանությունների հերթական մանիպուլյացիան է:

«Իրականում Նիկոլ Փաշինյանը որևէ հակառուսական գործողություն չի անում և, մեծ հաշվով, չի էլ կարող անել. դրանք մանր-մունր ակցիաներ են, որոնք իրականության մեջ բան չեն փոխում: Եթե ՌԴ-ն որոշում ունենա զսպել Ադրբեջանին, իրենք գործիքակազմ կգտնեն,- ասաց նա, ապա անդրադառնալով ստեղծված իրավիճակի պատճառներին՝ պարզաբանեց,- Խնդիրը ՀՀ իշխանությունների անկամության և որդեգրած այն քաղաքականության մեջ է, որով որոշել են ձեռքերը լվանալ Արցախից, ու իրենց թվում է՝ դրանով Հայաստանն են փրկելու, խնդիրը ռուսական քաղաքականության մեջ է, որ մտածում են՝ Ադրբեջանն այս պահին ավելի կարևոր է, ու կստիպեն Արցախում ապրող հայերին հարմարվել իրավիճակին, խնդիրներ կան նաև Արցախի իշխանությունների քաղաքականության մեջ` ոչ պատշաճ ճնշումներ գործադրելու առումով (մարդկային առումով ՌԴ-ին պետք է, որ այնտեղ հայեր ապրեն, ու եթե որոշում կայացնեն՝ ՌԴ-ին դրդելու գնալ գործողությունների, այդ որոշումը կարող է ազդեցություն ունենալ), և այլն»:

Ադրբեջանագետն արձանագրեց, որ այս իրավիճակում է Բաքուն շարունակում ի ցույց դնել նկրտումները, քանի որ հասկացել է՝  հետպատերազմյան 2-3 տարիները կարևոր են իրավիճակը ֆիքսելու համար:

Տեսանյութեր

Լրահոս