Վերջապես հասկացեք, որ միակ փաստաթուղթը, որի տակ ՀՀ քաղաքացիներն ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, հրաժարականի դիմումն է. Հայկ Մամիջանյան

«Հայաստանի կառավարիչների վարած դիվանագիտական քաղաքականությունը կարելի է անվանել չարչիական դիվանագիտություն: Վաճառքի են հանված մեր ազգային և պետական շահերը, որոնց դիմաց հիմնական բանակցողը ցանկանում է ստանալ բացառապես մեկ բան՝ սեփական իշխանության պահպանման երաշխիքներ»,- «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Իր ասածը Հայկ Մամիջանյանը հիմնավորեց մանրամասն փաստական տվյալներով՝ ըստ ուղղությունների:

«Հաշվետու ժամանակահատվածում ՌԴ դաշնակցային համագործակցության հռչակագիր է կնքել Ադրբեջանի հետ, որին չի հետևել որևէ արձագանք հայկական կողմից։ Անբովանդակ աշխատանքի, իսկ իրականում՝ դրա բացակայության պատճառով աշխատանքից չի ազատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանը։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է իրապես աննախադեպ իրադարձություն՝ ՌԴ-ն պաշտոնական բողոքի նոտա է հղել ՀՀ-ին։ Հիշեցնեմ, որ նոտայի առիթ է հանդիսացել մի մարգինալ հասարակաքաղաքական միավորի տարածած հայտարարություն, որի կշիռը բացարձակ համեմատելի չէ արձագանքի հետ, ինչից կարող ենք եզրակացնել, որ նշյալ հայտարարությունը պարզապես առիթ է եղել ռազմավարական դաշնակցի կողմից բողոքի նոտայի համար, և այս փաստը նկարագրում է ոչ թե տվյալ առանձին դեպքը, այլ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վիճակը»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Ըստ նրա՝ «Չարչիական դիվանագիտության» և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ ուղենիշների բացակայության պատճառով Հայաստանը չի կարողացել պահպանել ՌԴ-ի կողմից բանակցային սեղանին բերված Արցախի ներկա կարգավիճակի պահպանման և հետագայում ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության առաջարկը։ Նշեց նաև, որ երկու, եթե ոչ իրարամերժ, ապա առնվազն սկզբունքային տարբերություն ունեցող բանակցային օրակարգերին միաժամանակ հավանություն տալու հետևանքով այս պահին Արցախի կարգավիճակի հարցը չկա բանակցային սեղանին։

Կարդացեք նաև

Հաջորդիվ Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին: Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների նկարագրությունում բացակայում է 907-րդ բանաձևի վերակիրառմանն ուղղված աշխատանքների հիշատակումը, ինչից կարող ենք ենթադրել, որ ՀՀ կառավարիչները որևէ աշխատանք չեն տանում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու համար։

«Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համատեքստում այս տարի նույնպես չի սկսվել վիզաների ազատականացման հարցի վերաբերյալ երկխոսությունը։ Նշեմ, որ այն նախատեսված էր դեռևս 2017 թ. կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ շոշափելի արդյունք չկա։ Անհասկանալի է նաև ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 2.6 միլիարդ դոլարի ճակատագիրը, որը որպես կայացած փաստ՝ ՀՀ կառավարիչները գովազդում էին անգամ անջատած արդուկների միջոցով։ Նշեմ, որ ներկայացված կատարողականի մեջ ներառված թվերը իրար գումարելիս ստացվում է շուրջ  300 մլն դոլարի ծրագրեր ընդամենը»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա արձանագրեց նաև, որ հաշվետու տարվա դեկտեմբերի 17-ին Բուխարեստում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել էր, որ Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ավելորդ է նշել, թե ինչպես կարելի էր օգտագործել այս համաձայնագրի ստորագրման նախապատրաստական փուլը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների իրացման համար, իսկ ստորագրման ժամանակ եվրոպաշտոնյայի արած հայտարարությունները բնորոշում են մեր երկրի արտաքին քաղաքականության սնանկությունը։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների նկարագրությունը պարունակում է բացառապես առևտրաշրջանառության թվային ցուցանիշներ։ Զարմանալի է, որ բացակայում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ՀՀ ներգրավվման ուղղությամբ աշխատանքների հիշատակումը։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին հիշատակում կատարողականի մեջ առհասարակ չկա, չնայած որ կառավարության ծրագրում այն նշված էր՝ որպես առաջնահերթություն։ Հիշեցնեմ նաև, որ հաշվետու տարվա դեկտեմբերի  9-ին՝  Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրը, ՀՀ ԱԳՆ-ն չի տարածել հայտարարություն, ապա հետին թվով տեղադրել է կայքում մի տեքստ, որի բովանդակությունը Հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունից խայտառակություն էր»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նկատեց՝ չի անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունները նկարագրող հատվածին, որովհետև այն ինչ զեկույցում ներկայացվում է՝ որպես առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց, իրականում թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմանների փաստացի կատարման ճանապարհային քարտեզ է։ Նա ասաց նաև, որ ժամանակի սղության պատճառով չի անդրադառնա նաև ՀՀ մյուս միջազգային գործընկերների հետ հարաբերություններում կորսված հնարավորություններին և կոպտագույն սխալներին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ գործունեությանը կանդրադառնա առաջարկների մասում։

«Ստիպված եմ ևս մեկ անգամ մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա» կարգավորելու խոստմանը։ Այն նույն սկզբունքների, որոնցով, ըստ  այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը 2021 թ. իր կառավարության ծրագրով, մինչ այդ՝ իր նախընտրական ծրագրով, իսկ մինչ այդ՝ իր նախորդ կառավարության ծրագրով խոստանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Եթե հիմնարար սկզբունքները այդքան վատն են, ապա ինչու են տեղ գտել Նիկոլ Փաշինյանի բոլոր նախընտրական և կառավարության ծրագրերում։ Նշեմ, որ այսօրվա բանակցային օրակարգը կիլոմետրերով հեռու է Փաշինյանի ստացած բանակցային ժառանգությունից և որևէ կերպ չի արտացոլում իր իսկ նախընտրական և հետընտրական խոստումները»,- հիշեցրեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա՝ անհասկանալի է նաև կառավարության ծրագրում «Ադրբեջանին ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35  ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ» փոխանցելու արձանագրումը։ ՀՀ նման պարտավորություն որևէ միջազգային պայմանագրով չի ստանձնել, նման հիշատակում կառավարության ծրագրում չկա, իսկ ինքնին այդ փաստի արձանագրումը հղի է բազմաթիվ վտանգավոր հետևանքներով մեր երկրի համար։ Պատգամավորը կարծում է՝ այս փաստի հիշատակումը կառավարության ծրագրի կատարողականում ագրեսորին ծառայամտաբար սիրաշահելու հերթական փորձն է, և դա նույնն է, ինչ զոհը փորձի սեթևեթել իրեն բռնաբարողի հետ։

Հայկ Մամիջանյանը վստահ է, որ չնայած այս բոլոր խայտառակ սխալներին՝ Հայաստանի համար դեռ կան որոշ հնարավորություններ մասնակի շտկելու իրավիճակը:

«ՀՀ-ն պիտի բացառի ցանկացած բանակցային ձևաչափ և բովանդակություն, որով հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Ընդ որում, նշենք, որ դա բանակցային օրակարգում հայտնվել է Ադրբեջանի ճնշմամբ: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Ստեփանակերտի հետ բանակցելու է բացառապես, այսպես կոչված, «ինտեգրացիայի» օրակարգով, ուստի նման բանակցությունն անընդունելի է հայկական կողմերի համար։ Արցախի՝ Ադրբեջանի կազմում չհայտնվելը պիտի լինի հայկական բանակցային կողմի կարմիր գիծը։ Այս պնդումները պետք է հստակ սահմանվեն օրենսդրի կողմից՝ որպես բանակցային օրակարգ»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Վերջինս վստահ է՝ ՀՀ-ն պիտի առաջարկի համանախագահ երկրներին, որպեսզի վերջիններս համատեղ կամ սեպարատ վերահաստատեն իրենց դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ բանակցային ժառանգության առանցքային կետերի, մասնավորապես՝ հիմնարար  սկզբունքների վերաբերյալ։

«Հիշեցնեմ, որ ՀՀ և ԵՄ միջև կնքված  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով հիմնարար սկզբունքները նշվում են որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ օրակարգ, ուստի հաշվի առնելով դրա վավերացումը ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունները և ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունները, դրա համար առկա է իրավական և քաղաքական բավարար բազա»,- ասաց նա:

Հայկ Մամիջանյանը նշեց՝ պաշտոնական Երևանը պետք է հրաժարվի Արցախի ապաշրջափակման հարցում կրավորական կեցվածքից, դադարի պաշտոնական խոսույթի մակարդակով մեղավորներ փնտրելու քաղաքականությունը։

«Ստեղծված իրավիճակի մեղավորն է Ադրբեջանը, իսկ հայկական կողմերը պիտի կարողանան ամբողջապես բանեցնել այս հարցում առկա երկու հիմնական գործիքները՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը»,- ասաց նա:

Բացի դրանից, ըստ խմբակցության ղեկավարի, ՀՀ-ն պիտի ակտիվացնի ջանքերը հայ ռազմագերիների վերադարձի համար՝ ընդ որում, միջազգային հարթակներում մեր պաշտոնական խոսույթը կառուցելով ոչ թե 33 հոգու իբր պաշտոնական թվի, այլ 198 անհետ կորածների տրամաբանության վրա։

«Պաշտոնական Երևանը պետք է հրատապ կերպով վերսկսի բանակցությունները ՀԱՊԿ-ի հետ փոխօգնության փաթեթի տրամադրման հարցում։ Այսօրվա կառավարիչների ներկայացրած փաստարկը, որով մերժվել է սպառազինության տրամադրում և խաղաղապահ առաքելության տեղակայում պարունակող փոխօգնության փաթեթը, անհամադրելի է դրա հետևանքով առաջացող ռիսկերի հետ։

ՀՀ-ն պետք է փորձեր կատարի վերակենդանացնելու սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի դեռ 2016թ.-ի պայմանավորվածությունները, որոնք մսխվեցին 2018-2020թթ. կոպիտ դիվանագիտական ձախողումների արդյունքում։

Արտաքին քաղաքականության նման ճակատագրական սխալներ գրանցած հիմնական բանակցողը չի կարող շարունակել իր պաշտոնավարումը։ Դուք արդեն իսկ անդառնալի վնաս եք հասցրել բանակցային գործընթացին ամենօրյա աղետաբեր գործունեությամբ, որի գագաթնակետը եղավ Պրահայի հայտարարությունը, որով բանակցային գործընթացի մաս դարձավ Ալմա Աթայի հռչակագիրը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ ազդեցություն չի կարող ունենալ այդ ժամանակ արդեն իսկ անկախության հանրաքվե իրականացրած Արցախի հետ: Վերջապես հասկացեք, որ միակ փաստաթուղթը, որի տակ ՀՀ քաղաքացիներն ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, հրաժարականի դիմումն է»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս