«Եթե Մադրիդյան սկզբունքները դա արդեն որոշել էին, բա ինչի՞ մասին էին բանակցում». Լարիսա Ալավերդյան
«Քաղաքացի Փաշինյան Նիկոլը ընդհանրապես տեղյակ չէ Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացի էությունից: Իր բոլոր հայտարարությունները՝ սկսած Ալմա Աթայի հռչակագրի հիշատակումից, ամբողջովին այդ անտեղյակության մասին են վկայում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս» հայտարարությանը:
Իրավապաշտպանը շեշտեց՝ Ալմա Աթայի հռչակագրում չկա որևէ հիշատակում սովետական սահմանների մասին:
«Դա հնարածին է և հերթական վկայումն է, որ այդ անձնավորությունը տեղյակ չէ հիմնահարցի պատմաիրավական հիմքերի մասին: Մադրիդյան սկզբունքների մասին նա ընդհանրապես տեղյակ չէ. եթե Մադրիդյան սկզբունքները դա արդեն որոշել են, բա ինչի՞ մասին էին բանակցում»,- շեշտեց նա:
Տեղ գյուղի արյունալի միջադեպին հաջորդած Կառավարության նիստում Փաշինյանի մեկ այլ՝ «հայելային հետքաշման» մասին վերահաստատումների առնչությամբ էլ՝ Լարիսա Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, որ «դա տեղի է ունենում գաղտնի պայմանավորվածություններով և միայն հետո՝ հայտարարվում»:
Ի դեպ, «հայելային հետքաշում» բառակապակցությունը գործադիրի խոսույթ մտավ 2021-ի մայիսի 27-ից. այդ ժամանակ կրկին գործադիրի նիստին Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հետ քաշվել Սոթք-Խոզնավար հատվածի այն մասերում, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել էին մայիսի սկզբին։
«Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ ժողովրդից գաղտնի տեղի են ունենում բոլորովին այլ գործընթացներ, և նման հայտարարություններն ընդհանրապես իրավունք չունի անելու մեկը, որը տեղյակ չէ թե՛ Արցախի հիմնահարցից, և թե՛ հստակ բանաձևից, որ չկա առանձին Հայաստանի Հանրապետության անվտանգություն և առաձին Արցախի Հանրապետության անվտանգություն:
Եթե կառավարության ղեկավարի պաշտոնը գրավող անձը դա չի հասկացել և եկել է շարունակելու միայն Առաջին նախագահի կողմից բանավոր հայտարարած թեզերը, (իսկ ճշմարտությունը պահանջում է ասել, որ Առաջին նախագահը չի ստորագրել որևէ նման փաստաթուղթ), թե Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում: Չկա որևէ գրավոր փաստաթուղթ նաև, որտեղ հստակորեն գրված կլինի, որ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության սուվերենության ներքո չգտնվող տարածքներն այդ անձնավորության ստորագրությամբ հանձնվում են, և որից հետո խոսում ենք «հայելայինի» մասին»,- ամփոփեց իրավապաշտպանը: