ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հեռագրից, ցավակցության մեջ, մասնավորապես, նշված է.
«Ցավով տեղեկացա անվանի գիտնական, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանի մահվան մասին:
Տաղանդավոր մաթեմատիկոսն ու հմուտ մանկավարժը երկար տարիներ դասավանդել է Երևանի բուհերում, կրթել մասնագետների, գիտնականների ու ճարտարագետների սերունդներ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, իսկ հետագայում՝ պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը մեծապես նպաստել է մեր հանրապետությունում այդ մարզաձևի տարածմանն ու հանրահռչակմանը, տասնամյակներ շարունակ մեկնաբանել իմաստուն խաղը հեռուստատեսությամբ՝ այն հասու դարձնելով լայն հասարակայնությանը:
Խորապես ցավակցում եմ անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»: