Հնդկաստանում առաջին անգամ կառուցվել է մետրոյի ստորջրյա թունել
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կառուցվել է մետրոյի առաջին ստորջրյա թունելը, որի փորձարկումը բարեհաջող է անցել:
Մետրոյի գնացքը ստորջրյա թունելով անցել է ապրիլի 12-ին: Կալկաթայի մետրոյի նորագույն գիծը, որը նախատեսվում է հանրության առաջ բացել նոյեմբերին, անցնում է քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Հուգլի գետի տակով: Ստորջրյա թունելի երկարությունը 32 մետր է:
«Սա պատմական պահ է: Սա հեղափոխական քայլ է Կալկաթայի և դրա արվարձանների բնակիչներին ժամանակակից տրանսպորտային համակարգով ապահովելու համար», – ասվում է Կալկաթայի մետրոյի համակարգի հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր տնօրեն Կաուսիկ Միտրայի հայտարարության մեջ:
Ըստ CNN-ի՝ գիծը կմիացնի մետրոյի՝ նոր կառուցվող Howrah Maidan կայարանը և գետի հակառակ կողմում գտնվող Esplanade կայարանը՝ անցնելով 520 մետր ընդամենը 45 վայրկյանում: Բացվելուց հետո Howrah Maidan-ը կլինի մետրոյի ամենախոր կայարանը Հնդկաստանում:
Երբ գնացքը բարեհաջող կերպով անցել է փորձարկումը, նոր թունելն ու գնացքը օրհնելու համար պաշտոնյաները պուջա՝ հինդուական կրոնական ծես են անցկացրել, որը պետք է հաջողություն բերի: Գնացքավարի խցիկում շաղ են տվել վառ նարնջագույն զաֆրանի ծաղիկներ, իսկ աշխատակիցներից մեկը կոկոս է կոտրել:
Կալկաթան Հնդկաստանի առաջին քաղաքն է, որտեղ մետրո է կառուցվել: