2018թ. Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նախորդ իշխանություններից հսկայական քանակով սպառազինություն և ռազմամթերք է փոխանցվել. Տիգրան Աբրահամյան

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացառել է, որ 44-օրյա պատերազմի որևէ մասնակից կարող է բողոքել զենքերի պակասից։ Ավելին, նա հայտարարել է՝ «որոշ վայ զինվորականներ միլիարդների զենքերով լիքը պահեստները թողել, փախել են»:

«Ամեն ինչին չափ և սահման կա, ինչի չե՞նք տեսել կադրերը, երբ ադրբեջանցիք իրենց գրաված զորամասի վիդեոներն են հրապարակում՝ պահեստներում՝ լիքը զենք»,- շեշտել է Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշեց.

«Փաշինյանը՝ իբր իր ժամանակահատվածում զինամթերքով բավարարվածության ցուցանիշ, փորձում էր մեջ բերել ադրբեջանական քարոզչամեքենայի տեսանյութերը, որտեղ երևում են, թե ինչպես են հայկական զորամասերից կամ տարբեր այլ հատվածներից հայկական զենք, զինամթերք և տեխնիկա՝ որպես ավար վերցնում: Բայց հատկանշականն այն է, որ սկսած զրահատեխնիկայից, վերջացրած հրետանային տարբեր միջոցներով, որոնք այդ տեսանյութերով նկատելի են եղել տարբեր փուլերում, նկատի ունեմ հետպատերազմյան ժամանակահատվածը, այդտեղ չկար մի զինտեխնիկա, ռազմամթերք, որը գնել էր Նիկոլ Փաշինյանը: Հետևաբար՝ գլուխ գովել, թե իր ժամանակ պահեստները լիքն են եղել, դա ընդամենը խոսում է մի փաստի մասին՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ստանձնել է իշխանությունը, և նրան նախորդ իշխանություններից է փոխանցվել հսկայական քանակով ռազմական տեխնիկա, սպառազինություն և ռազմամթերք:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի գնումներին, ապա ադրբեջանական տեսանյութերում որևէ ձևով չեն երևում այդպես էլ չկիրառված Սու-30-երը, Հորդանանից գնված և մասամբ արդիականացված «Օսա-ԱԿ»-ները: Եվ այս տեսանկյունից այն, ինչ ասում էր Նիկոլ Փաշինյանը, իրականում իր դեմ էր աշխատում, որովհետև այն հիմնական սպառազինությունը, տեխնիկան, որոնք կիրառվել են և շարունակում են մնալ ՊԲ և ՀՀ ԶՈՒ պահեստներում, դրանց մի զգալի մասը ձեռք է բերվել կամ որպես օժանդակություն ստացվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում»:

Հավելենք, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է 5 միլիարդ դոլարի զենք՝ «մենք ոչնչացրել ենք, կամ ռազմավար վերցրել 5 միլիարդ դոլարի զենք և զինամթերք, որը պատկանել է Հայաստանի զինված ուժերին»:

Տեսանյութեր

Լրահոս