Ի՞նչ է ասում ԵՄ-ն՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական սադրանքի և մարտական գործողությունների մասին. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքին և ԵՄ հայտարարությանը։ Նա մասնավորապես գրում է. «Փորձենք հակիրճ վերլուծել, թե ի՞նչ է ասում ԵՄ-ն՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական սադրանքի և մարտական գործողությունների մասին: Նախ հայտարարության մեջ չի նշվում, որ Ադրբեջանն է սադրել ռազմական բախում, այնուհետև ռմբակոծել Հայաստանի սուվերեն տարածքները:

«…Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»։

Այս նախադասությամբ ԵՄ-ն արդարացնում է Ադրբեջանի սադրանքը ու մարտական գործողությունները՝ ընդգծելով, որ սահմանազատման բացակայության պատճառով է տեղի ունեցել «միջադեպը»: Հետաքրքիր է, իսկ ուր էր Ադրբեջանի ռազմավարական գործընկեր ԵՄ-ն, երբ 2021թ-ից սկսած բազմաթիվ տեղերում հակառակորդը խախտել է, այսպես կոչված, 1991թ. գիծը:

«…Հարկավոր է հետեւել նախկին պարտավորություններին, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված պարտավորություններին, որոնք ընդունվել են 2022թ. հոկտեմբերին Պրահայում՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները եւ պատրաստ է աջակցել այդ գործընթացին»։

Այս միտքը նորից գալիս է հուշելու, որ Պրահայում Նիկոլը ի հաշիվ Արցախի, պայմանավորվածություններ է ձեռք բերել, բայց հիմա նույնիսկ այդ հակահայկական պայմանավորվածությունը Ալիևը չի հարգում ու չի բավարարվում: Իսկ Բրյուսելին բոլորովին չի հետաքրքրում, թե ի՞նչ կզոհի Հայաստանը: Փաստորեն, Բրյուսելը ևս սպասում է Հայաստանի նոր զոհաբերություններին:

Բացի այդ, Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնի վրա, երբ 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 23 սահմանազատման մասին եռակողմ հայտարարություն ես ստորագրում Մոսկվայի միջնորդությամբ, իսկ հետո գնում նույնը փորձում ես անել Բրյուսելի միջնորդությամբ՝ բնականաբար մնում ես առանց միջազգային երաշխիքի:

Արդյունքում երկու կողմն էլ թքած են ունենում քեզ հետ համագործակցության լրջության վրա: Դրա համար է Նիկոլը ողբում, որ եթե վաղը խաղաղության համաձայնագիր կնքի Բաքվի հետ, միևնույն է միջազգային հստակ երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու: Այս իրավիճակում ԵՄ-ն օգտվելով առիթից, իր բնականաբար ցանկանում է իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ Հայաստանի շահերի: Դրա համար էլ կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է «աջակցել» այդ գործընթացին:
Հայտարարության վերջում նշվում է, որ ԵՄ-ն՝ իր դիտորդական առաքելության ներկայությամբ պատրաստ է աջակցել վեճերը խաղաղ եղանակով լուծելուն: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս: Եվ եթե նման հանձնառություն ունի ԵՄ-ն, ապա ինչո՞ւ երեկվա ադրբեջանական սադրանքը չկանխվեց հենց այդ առաքելության ջանքերով, թե՞ գործ ունենք հերթական «Face-saving»-ի հետ:

Նիկոլի պրոթուրքական արտաքին քաղաքականության դառնաղի ու կորստաբեր պտուղներն են այն, ինչ ունենք այսօր: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ որևէ այլ գործընկեր, բարեկամ կամ ոչ բարեկամ երկիր մեղք չունի, որ Հայաստանը ղեկավարում են դավադիր պրոյեկտի շրջանակներում իշխանության բերված ներքին թշամիները»:

Տեսանյութեր

Լրահոս