Յուրաքանչյուր երկիր պետք է պաշտպանի իր ժողովրդի շահերը. այս սկզբունքով է, որ Սիրիան փոխզիջման չի գնում. Սիրիայի դեսպանը՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին
«Մեր երկու երկրները, ժողովուրդները լայնաշերտ համագործակցություն ունեն»,- լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց Հայաստանում Սիրիայի հայազգի դեսպան Նորա Արիսյանը՝ հիշեցմամբ,- Մեր երկու երկրների հարաբերությունները հիմնված են դարավոր պատմության, բարեկամական պատմության վրա: Սիրիայի ժողովուրդն է, որ դռները լայն բացեց 1915 Ցեղասպանության օրերին հայերի առջև:
Այս ամբողջ շփման շրջանակն է, որ արգասիք դարձավ 30 տարի առաջ ստորագրված դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փաստաթղթերի. Սիրիան ու Հայաստանն անցյալ տարի նշեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը»:
Դեսպանը հատկապես կարևորեց այս տարի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Սիրիային ուղղված աջակցությունը՝ կառավարության կողմից փրկարարներ և մարդասիրական օժանդակություն ուղարկելը, ՀՀ ԱԳ նախարարի այցելությունը:
Նորա Արիսյանը նկատեց, որ 30 տարիների դիվանագիտական շփման ընթացքում երկուստեք բազմաթիվ փաստաթղթեր, պայմանագրեր, համաձայնագրեր և հուշագրեր են ստորագրվել, նախատեսվել է նաև միջկառավարական ժողով, որը տեղի կունենա ապագայում:
Տարածաշրջանային մարտահրավերներին անդրադառնալով՝ Հայաստանում Սիրիայի դեսպանը նշեց, որ Հայաստանն ու Սիրիան ունեն ընդհանուր եզրեր. «Նկատի ունեմ Թուրքիայի գործոնը, որն ընդհանրապես բացասական դեր խաղաց Սիրիայի դեմ մղված 10 տարիների ահաբեկչական պատերազմի շրջանում: Մենք նույն խրամատի մեջ էինք. սիրիացի ժողովուրդն էլ տառապել է, ինքն էլ ենթարկվեց պանթուրանական ծրագրերին»:
Նա արձանագրեց, որ Սիրիայի մարտահրավերներն այսօր շատ են, քանի որ Սիրիայում մղվող պատերազմը միայն ռազմական չէ, այլև քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, մշակութային ու քարոզչական:
«Մենք ինքնության համար էինք պայքարում. մենք Սիրիայի հասարակության ամբողջականության, տարածքների ամբողջականութան համար էինք պայքար մղում: Դժբախտաբար, Արևմուտքը և որոշ տարածաշրջանային պետություններ՝ ինչպես Թուրքիան, մեծապես աջակից դարձան գաղափարին, որ Սիրիան պետք է մասնատվի»,- նշեց նա՝ հպարտորեն հավելելով, որ Սիրիայի ժողովուրդը շատ միասնական էր այդ պայքարի ընթացքում:
Նորա Արիսյանը ցավով արձանագրեց, որ թեև երկրաշարժից հետո Արևմուտքը հայտարարեց, որ Սիրիայի դեմ պատժամիջոցները պետք է վերացնեն և հումանիտար օգնություն ցուցաբերելու քայլեր արվեն, սակայն այդ ամենը, ըստ նրա, մանիպուլյացիա էր: Իսկ այսօր Սիրիայում տուժածների ու անտունների մեծ թիվ կա:
Ի պատասխան հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկած գործընթացի ռիսկերի մասին լրագրողի հարցադրմանը՝ դեսպանը հայտնեց. «Յուրաքանչյուր երկիր պետք է պաշտպանի իր ժողովրդի շահերը, և այս սկզբունքով է, որ Սիրիան նման դիրքորոշում է հաստատում և փոխզիջման չի գնում մինչև այս պահը՝ այնքան ժամանակ, որ պահպանում է Սիրիայի ժողովրդի իրավունքները:
Դժվար է մեզ համար ասել. մենք տասը տարի և գուցե դրանից առաջ բավական ցավ ենք տեսել: Բավական կորուստ է մեզ պատճառել, կործանումի է տարել մեր երկիրը, մի քիչ դժվար է հավատալ, եթե վերականգնվի ամեն ինչ, ինչպես որ էր՝ այսինքն, եթե վերադառնանաք 2009-2010 թթ.: Սիրիացիները շատ չեն վստահում Թուրքիային»:
Հարցին էլ, թե Սիրիայի կառավարությունն արդյո՞ք արձագանքել է Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակին` Նորա Արիսյանը պատասխանեց, որ նման հայտարարություն չի եղել, սակայն Սիրիայի և Հայաստանի ղեկավարությունը հիմնվում է փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա. «Մենք ընդհանրապես կողմ ենք, որ երկրները, պետություններն ապրեն իրենց ինքնիշխան տարածքների վրա, որ ժողովուրդներն ապրեն խաղաղ և բարեկեցիկ կյանքով»:
Հստակեցմանը՝ արդյո՞ք Սիրիան աջակցություն հայտնել է Արցախի ժողովրդին, նա արձագանքեց. «Անցյալ տարի Սիրիայի Արաբական Հանրապետությունը՝ հանձին արտգործնախարարության, հայտարարություն արեց՝ աջակցելով ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքներին»:
Նորա Արիսյանը Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան է նշանակվել 2022թ. մայիսից: Հայազգի դեսպանը բանասեր է, գրող, թարգմանիչ։ Նորա Արիսյանն աշխատել է Սիրիայի Հայաստանի դեսպանությունում՝ որպես մամուլի պատասխանատու և թարգմանիչ, ապա նաև Սիրիայի մշակույթի նախարարությունում՝ որպես թարգմանիչ և խորհրդատու։ 2013 թվականից ղեկավարում էր Դամասկոսի համալսարանի հայագիտական բաժինը։ Նորա Արիսյանը նաև Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է եղել։