Բաժիններ՝

Բացվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակը

«Երևան-Արմավիր» Մ5 ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի է ունեցել 1827 թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակի բացումը:

Ինչպես տեղեկանում ենք «Դոմ Մոսկվի»-ի տարածած հաղորդագրությունից, կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը կարևորել է ընդհանուր պատմական հաղթանակների և ձեռքբերումների մասին հիշողության պահպանումը:

«Մեր երկու եղբայրական ժողովուրդներին կապում է բազմադարյա պատմությունը, որն անմահացել է մի շարք ընդհանուր հաղթանակներով։ Մեր պարտքն է պահպանել և սերունդներին փոխանցել այդ իրադարձությունների մասին հիշողությունները», – նշել է Վահրամ Կարապետյանը՝ խորհրդանշական համարելով, որ հուշարձանը բացվել է 1834-ի մայիսի 9-ին, իսկ տասնամյակներ անց՝ 1945-ին, հենց այդ օրը խորհրդային ժողովուրդը համատեղ ջանքերով նոր հաղթանակ է կերտել Հայրենական մեծ պատերազմում ՝ համալրելով սխրանքների ցանկը։

Ողջույնի խոսքում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ երկու ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու կապը ներկայացնող հուշարձանի բացումը արդիական է, քանի որ Հայաստանը վերջին շրջանում ռուսաստանցիների համար առավել նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների եռյակում է։

10.jpg (407 KB)

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էլ նշել է, որ խորհրդանշական և կարևոր է, որ փոփոխվող իրողությունների պայմաններում մենք ևս մեկ անգամ հիշում ենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունը և նոր պատրաստակամությամբ քայլում առաջ՝ շարունակելով միասին հաղթահարել բոլոր խոչընդոտները:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը կատարել է հոգեհանգստյան կարգ։ Ցուցանակի բացումից հետո կատարվել է ծաղկեդրում և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհված հայ և ռուս մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հուշակոթողի տարածքում տեղի է ունեցել նաև անվանական ծառատունկ. տնկվել է շուրջ 20 տուա տեսակի ծառ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 1827 թվականի Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է։ Այն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկն է: Հենց այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացվեց Ռուսաստանին։ Օշականի հաղթանակն այս ճակատամարտում հավերժացել է 1131 զոհված ռուս զինվորի հիշատակին նվիրված հուշարձանով: 2011 թվականի ապրիլին այն նորոգվել ու վերաբացվել է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս