Հյուսիսային Կորեան պետք է ընդլայնի պատերազմի զսպման ուժերը. Կիմ Չեն Ըն
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել և արդյունավետորեն օգտագործել պատերազմի զսպման`«սրընթաց կերպով ամրապնդվող» հյուսիսկորեական ուժերը Կորեական թերակղզու անվտանգության հետ կապված իրադրության վատթարացման ֆոնին:
Ինչպես հաղորդել է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿՀԳ), ապրիլի 10-ին տեղի է ունեցել Կորեայի Աշխատավորական կուսակցության ութերորդ գումարման Կենտրոնական ռազմական կոմիտեի վեցերորդ ընդլայնված նիստը, որն նախագահում էր Կիմ Չեն Ընը:
Նշվում է, որ նիստը մեծ նշանակություն ունի «ամերիկյան իմպերիալիստների և նրանց հարավկորեացի դավաճան խամաճիկների աճող մեքենայությունների ֆոնին», որոնք փորձում են «պատերազմ սանձազերծել» այն դեպքում, երբ ԿԺԴՀ-ն ռազմավարական միջոցներ է ձեռնարկում պատերազմը զսպող ուժերի համակողմանի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ։ Փհենյանը նաև հիշեցնում է, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան խոշորամասշտաբ համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնք «ԿԺԴՀ-ի դեմ պատերազմի նմանակում են»։
Կենտրոնական ռազմական կոմիտեի նիստում քննարկվել է ստեղծված իրավիճակը, ռազմական գործողությունների տարբեր պլանների մշակումը։
«Կիմ Չեն Ընն ընդգծել է պատերազմի զսպման`«սրընթաց կերպով ամրապնդվող» հյուսիսկորեական ուժերի ավելի գործնական և հարձակողական ընդլայնման, արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը Կորեական թերակղզու անվտանգության հետ կապված իրավիճակի հետագա խիստ վերահսկման համար, որն օրեցօր վատթարանում է», – ասվում է ԿՀԳ-ի հայտարարության մեջ:
Կիմ Չեն Ընը ծանոթացել է օպերատիվ պլաններին, ռազմական մյուս փաստաթղթերին, արծարծել բանակի մարտունակության մշտական նորացման և կատարելագործման խնդիրները։